Ինչպես իսլամացած հայերին վերադարձնել արմատներին

khanlarԹուրքիայում տարեցտարի ավելանում են իսլամացած հայերի՝ քրիստոնեությանը վերադառնալու դեպքերը: Արմատներին վերադառնալ ցանկացողները դա հիմնականում անում են՝ դիմելով Պոլսի հայոց պատրիարքարանին: Պատմաբան Կարեն Խանլարյանը, որը մասնագիտացել է իսլամացած հայերի խնդիրներով, ՍիվիլՆեթին պատմում է, թե ինչպես է տեղի ունենում վերադարձը արմատներին:

— Ցեղասպանության և նախորդող կոտորածների ընթացքում իսլամացումը կամ կրոնափոխությունը համարվել է փրկության ելք: Բազմաթիվ ընտանիքներ փրկվելու համար այդ ճանապարհն են ընտրել, եթե նրանց տրվել է այդ հնարավորությունը: Համիդյան ջարդերի ժամանակներից այդպիսի իսլամացածներ կան Խարբերդի նահանգում, իսկ Հայոց ցեղասպանության ժամանակ՝ ավելի մեծ մասշտաբով Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և ամբողջ Օսմանյան կայսրությունում: Այս բոլորից զատ՝ կրոնափոխության երևույթներ եղել են 16-րդ դարից սկսած՝ սուլթան Սելիմի ժամանակներից, երբ համշենահայերին են իսլամացրել: Մեծ քանակությամբ նմանատիպ իսլամացածներ կան, որոնք միայն համշենահայեր չեն: Այդ խմբի մեջ մտնում են, օրինակ, զազաների մի մասը, բոշաները և այլն: Հայ տոհմական այդպիսի խմբեր կան, որոնք իսլամացել են: Իսլամացումը եղել է ուծացման գլխավոր քաղաքականությունը ոչ միայն Օսմանյան կայսրության, այլև Թուրքիայի Հանրապետության օրոք: Նաև ասեմ, որ Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինենյուի օրոք՝ 1940-ականներին, մշակվեց և գործադրվեց հարկային մի օրենք, որտեղ նշված էր, թե էթնոկրոնական խմբերը ինչպես են հարկային պարտավորությունների տակ ընկնում, և հայերի համար՝ նույնիսկ իսլամացած հայերի համար, նկատի են առնվել բավական խստապահանջ օրենքներ: Դրա արդյունքում բազմաթիվ հայեր իրենց ընտանեկան տնտեսությունը փրկելու կամ մի կերպ գոյատևելու համար պարտավորվեցին իսլամանալ: Այսինքն՝ իսլամացման ամենավերջին ալիքները եղել են հենց հանրապետական Թուրքիայում՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ավելի նոր երևույթներ էլ կան 1980-ականներին՝ գեներալ Քենան Էվրենի ձևավորած իշխանության ժամանակ, որտեղ հայության նկատմամբ թուրքացման քաղաքականությունը փոխվեց իսլամացման ավանդական քաղաքականությամբ: Այդ ժամանակահատվածում էլ են եղել զանգվածային իսլամացման որոշ օրինակներ:

— Քրիստոնեությանը վերդառնալ ցանկացողների և այդ հարցով Պոլսո պատրիարքարան դիմողների թիվը տարեցտարի ավելանում է: Թուրքիայում վտանգավոր չէ՞ արմատներին վերադառնալը:

— Ձեր նշած արմատներին վերադառնալու ձգտումը ճիշտ եք նկատել՝ Պոլսում է պատահում: Այսինքն՝ այն ընտանիքները, որ Արևմտյան Հայաստանի գավառներից կամ Կիլիկիայից գաղթում և հաստատվում են Ստամբուլում, այդ ժամանակ են համարձակություն հավաքում խնդիրն արծարծելու և դատարանի միջոցով վերադառնում են իրենց պապենական կրոնին: Բայց գավառներում և Արևմտյան Հայաստանի գլխավոր քաղաքներում կամ գյուղերում այս երևույթը չի նկատվում, որովհետև այնտեղ իսլամացած կամ ծպտյալ հայերը հիմնականում շրջապատված են ֆանատիկ ժողովրդի կողմից, և այնտեղ այս երևույթը բոլորովին լավ չի դիտվում: Գիտեք, սուննիական օրենքների համաձայն՝ իսլամից հեռացողը ենթակա է մահապատժի: Այդ պատճառով Արևմտյան Հայաստանի գավառներում և հայաշատ այլ տարածքներում վերադարձը դեպի արմատներ դյուրին չէ:

— Այս խճապատկերում ինչպիսի՞ն է համշենահայերի դերը՝ որպես արդեն առանձին ազգային միավոր, որովհետև համշենահայությունը, բացի կրոնից, այլ մշակույթ և կրոնափոխության այլ պատմություն ունի:

— Ես չէի ասի, որ այլ պատմություն ունի կամ այլ խումբ է, նրանք էլ մաքուր հայկական արմատներից սերված ժողովուրդ են, բայց նրանց մոտ, ինչպես նշեցի, իսլամացումը ավելի շուտ է եղել: Այդ իմաստով նրանց մոտ ուծացման նշաններն ավելի են երևում, թեև պետք է հաշվի առնել, որ նրանց մի հատվածի մոտ պահպանվում է նույնիսկ լեզուն: Այսինքն՝ պահպանվում է համշենահայերենը, որը բավական հետաքրքիր բարբառ է, արևմտահայերենի դասական բարբառներից է: Իսկ մյուսի մոտ, որի լեզվական, խոսակցական աշխարհում թուրքերենն է տիրապետում, պահպանվել են հայերեն բառեր: Բայց ասեմ ձեզ, որ զուտ լեզվական հարցերով չի կարելի վերականգնել ազգային գիտակցությունը: Ազգային գիտակցությունը վերականգնելու համար այլ հնարավորություններ են պետք: Դա մի քիչ էլ կապված է Հայաստանի և Սփյուռքի հետ: Դա համազգային կամք է պահանջում՝ մեր եղբայրներին և քույրերին իրենց արմատներին վերադարձնելու համար:

— Դուք նշեցիք, որ Թուրքիայում, այնուամենայնիվ, թշնամաբար են վերաբերվում իսլամից հեռացողներին: Ի՞նչ պետք է անի Հայաստանը:

— Ազգային ինքնագիտակցության շարժումը, ամեն դեպքում, պայքար է, որն ունի իր հավանական վտանգներն ու խնդիրները: Անհրաժեշտ է մտնել այդ պայքարի մեջ և օր օրի լուծել: Չի կարելի սպասել, որ այնպիսի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Թուրքիայում, որ առանց շատ լուրջ քայլերի հնարավոր լինի իրականացնել վերադարձը արմատներին: Ես չեմ կարծում, որ Թուրքիայում նման պայմաններ երբևիցե լինեն: Դա մեզանից է կախված, թե մենք ինչքան ենք փորձում այդ դժվար պայմանները հաղթահարել և այդ իմաստով օգնել մեր քույրերին և եղբայրներին:

— Կրոնափոխված հայ համայնքի ներսում ազգային ինքնության վերապրումները արդյոք խնդիրներ չե՞ն առաջացնի արդեն քրիստոնյա դարձած հայի և իսլամացած հայի միջև:

— Նախ՝ մի ճշտում: Արևմտյան Հայաստանում կան այդպիսի իսլամացած, ծպտյալ հայեր, բայց դժվար է ասել, թե այնտեղ կա իսլամական հայություն՝ որպես համայնք: Հայեր կան առանձին գյուղերում, նույնիսկ ամբողջապես մի գյուղում ապրող, սակայն նրանք համայնք չեն դառնում այն իմաստով, ինչպիսին է, օրինակ, հայ համայնքը Պոլսում կամ այլուր: Այսինքն՝ հայկական ազգային համայնքային դրվածք չկա, բայց այդ խնդիրները, որ դուք ասում եք, իհարկե լինում են: Որոշ զեկույցներ, որոշ հուշագրություններ կան, որտեղ երևում է, որ բավական հաշտ և հանգիստ չի ընթանում արմատներին վերադառնալու այդ ընդհանուր ձգտումը: Ես կարծում եմ՝ այս խնդրի մեջ պետք է լինի ազգային բարձր գիտակցություն: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ մեր քույրերն ու եղբայրները իրենց կամքով չէ, որ հրաժարվել են կրոնից, լեզվից, նրանց պարտադրվել է այդ բոլորը: Եթե լեզուն, կրոնը, ավանդույթները, հողը, բնօրրանը մենք համարենք ազգը կազմող գործոնները, ապա տեսեք, թե ինչ է կատարվել Ցեղասպանությունից կամ պարբերական ջարդերի արդյունքում. մի շարք հայեր նահատակվել են, մի մասը բռնագաղթի է ենթարկվել՝ եկել է Հայաստան, Սփյուռք և այլն: Այստեղ գոյատևել են և պահել են իրենց լեզուն, կրոնը, եկեղեցին, դպրոցը, բայց կորցրել են հայրենի հողի վրա ապրելու հնարավորությունը: Իսկ այս մարդիկ կորցրել են լեզուն, կրոնը, բայց շարունակել են մնալ հողի վրա, բնօրրանում: Հիմա բարոյապես ճիշտ չէ ասել, որ մենք ավելի հայ ենք, որովհետև նրանք էլ հիմա կառչած են մնացել հենց ազգը կազմող հզոր գործոններից մեկին՝ բնօրրանին: Այդ իմաստով պետք է ուշադրություն դարձնել և հոգացության կենտրոնում պահել նրանց խնդիրները և նրանց վերադարձի հարցը:

Զրուցել է Արփի Մախսուդյանը

civilnet.am
28/04/2013

Տպել Տպել