Փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարող էինք անել, որ չենք արել

ԱղվանԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ մեզ հետ զրույցում պատասխանել է Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության տապալման պատճառների եւ հետագա անելիքների մասին հարցերին:

– Պարոն Վարդանյան, ավագանու ընտրություններից առաջ տեւական ժամանակ` ընդդիմադիր ուժերով փորձում էիք միասնաբար հանդես գալ, ինչը, սակայն, չստացվեց: Հիմա այդ նույն ուժերը ընտրությունները դատապարտող հայտարարություններ են անում: Պարզ չէ՞ր, որ եթե միավորումը չստացվեց, այս պատկերն էր լինելու:

– Դժվար է ասել՝ թերեւս պարզ էր, բայց գուցե այդքան էլ հստակ չէր: Ակնհայտորեն՝ եթե նախընտրական միավորում գոյանար, գուցե պատկերը տարբեր կլիներ: Եթե մենք ունենայինք այնպիսի մթնոլորտ եւ ընտրությունների քաղաքական կարեւորության ընկալում, գուցե մարդիկ էլ հավատային փոփոխություններին: Կարող էր նաեւ հետընտրական դաշինքը նման ընկալման հնարավորություն տալ: Փաստորեն, երկուսն էլ չեղավ:

– Երբ միավորումը տեղի չունեցավ, նաեւ պարզ չէ՞ր, որ հետընտրական դաշինք էլ չի լինի, անիմաստ չէի՞ն այդ հայտարարությունները հետընտրական դաշինքի մասին:

– Մենք իսկապես անկեղծ ենք եղել: Դաշնակցությունը առավելագույնն արել է, որ նախընտրական դաշինքը հնարավոր դառնա, եւ եթե դա չեղավ, գոնե հետընտրականի հիմքերը ստեղծվեն: Մենք մեզնից կախվածը արել ենք, փորձել ենք: Եթե ընդդիմությունը գումարային մեծամասնություն ունենար, այն ուժը, որ չէր միավորվի, քաղաքական դիակ կդառնար: Մենք այսպես էինք մտածում: Սա արդեն անցյալ է: Այն ինչ եղել է, եղել է:

– Բայց` թերեւս ավելորդ չէ, քանի որ նման պատկեր եղավ. ՀՀԿ-ն կրկին իր մեթոդներով այդքան ձայն վերցրեց ու հիմա ավագանիում ընդդիմությունը ներկայացված է միայն «Ժառանգության» ընդամենը 7 մանդատով: Եւ հասկանալի է, որ այնտեղ ըստ էության, գրեթե ոչինչ անել հնարավոր չէ:

– Ունենք այն, ինչ ունենք: Կա ՀՀԿ՝ իր հայտնի մեթոդներով, կա «Ժառանգությունը», կա ԲՀԿ-ն: Եթե այս երկու ուժը ավագանիում անեն այն, ինչի մասին խոսում էին նախընտրական շրջանում, հետաքրքիր կլինի, վատ չի լինի: Իհարկե, որոշումները կկայացվեն, բայց պայքար կլինի եւ մարդիկ իրենց տեսակետները կարտահայտեն, բանավեճ կլինի, նորմալ է: Թեեւ վստահ չեմ, որ այդպես կլինի: Վստահ չեմ նաեւ, որ երբ ամբողջ իշխանությունը վերեւից ներքեւ ՀՀԿ-ն է, իրենց ամենաակտիվ գործունեությունը որեւէ արդյունք կտա: Բայց կյանքը շարունակվում է եւ սա վերջը չէ, սա ընդհակառակը` սկիզբն է:

– Պարոն Վարդանյան, հիմա ակնհայտ է, որ ունենք ահավոր թույլ վիճակում գտնվող ընդդիմություն: Կարո՞ղ եք ասել, ով է մեղավոր դրա համար:

– Ես սովոր եմ առաջինը ինձ մեղադրել, որ մենք չենք կարողացել մեր քաղաքացիների մոտ վստահություն եւ փոփոխությունների հնարավորություն ներշնչել: Առաջին մեղավորը մենք ենք: Այո, մենք գիտենք՝ ընտրությունները ինչպես, ինչ մեթոդներով են կայացել: Բայց այսօր նույնիսկ խնդիրն այդ չէ: Խնդիրը մենք ենք եւ մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարող էինք անել, որ չենք արել:

– ՀՅԴ-ն քանի՞ անդամ ունի:

– Մոտ 5 հազար:

– Այսինքն, ստացվում է, որ միայն ՀՅԴ անդամներն ու իրենց ընտանիքի անդամներն են ձեզ ձայն տվել, կողքից ձայներ չեն եղել: Դուք ասում եք, որ նաեւ դուք եք մեղավոր այդ ամենի համար, ավելի հստակ կարո՞ղ եք ասել՝ որն է ձեր մեղքը:

– Մենք չենք կարողացել մարդկանց մեջ փոխել հոգեբանությունը, մտածողությունը, որ առաջինը մեզանից պիտի սկսեինք: Մեծ հաշվով` մենք չենք կարողացել մարդկանց համոզել, որ իշխանությունները հավերժ չեն, որ փողը թուղթ է, որ վախը, մարդկանց ճնշելը, վախով քվեարկելը լավ տեղ չի տանելու: Չենք հաջողել: Հիմա հետեւություններ պիտի անենք:

– Այդ վախը 2008-ին էլ կար, հետո էլ կար, բայց տեսանք, որ մարդիկ գնացին ու քվեարկեցին ընդդիմության օգտին:

– 2013-ին էլ քվեարկեցին: Բայց ընդամենը երկու ամիս հետո նորից պետական ամբողջ համակարգը վերածվեց ընտրական համակարգի եւ տոտալ ընտրակաշառք: Մենք թեժ գիծ ստեղծեցինք, բոլոր ահազանգերը փոխանցեցինք ոստիկանություն: Ահազանգերը տարբեր բնույթի էին՝ օրինակ, Չարենցի փողոցում պայմանական ասած, Կիրակոսը, որը հայտնի է այդ թաղամասում, ընտրակաշառք է բաժանում, Էրեբունիում այսինչ շենքում համատիրության նախագահ այսինչը ընտրակաշառք է բաժանում: Նույնը օրը լրագրողները վարչապետին ահազանգել էին՝ ՀՀԿ-ականները ընտրակաշառք են բաժանում: Վարչապետն ասել էր՝ հերյուրանքներ են: Վստահ եմ՝ եթե Չարենցի փողոցի պայմանական Կիրակոսին եւ Էրեբունի թաղամասի պայմանական Բաղդասարին ոստիկանությունը հարցնի, նրանք էլ են ասելու՝ հերյուրանքներ են: Այսինքն, նույնն են ասելու, ինչ վարչապետը: Նորմալ է, մեր աննորմալ իրականությունն է:

– Հիմա ի՞նչ է անելու ընդդիմությունը` մինչեւ հաջորդ ընտրություններ:

– Հաջորդ ընտրությունները մի քանի տարի հետո են: Մենք ունենք անելիք մեր ներսում՝ առաջին հերթին մեր խնդիրները հասկանալու, մեր առջեւ դրված խնդիրները լուծելու առումով: Ասացի արդեն, միանձնյա իշխանություն կա, թող աշխատեն, արդյունքներին կհետեւենք: Մենք զբաղվելու ենք առաջին հերթին մեզանով, փորձելու ենք ակտիվ, գիտակից, մտավորական, լուրջ մարդկանց մտքի եւ աշխատանքի դաշտ ստեղծել:

Լուսինե Բարսեղյան

armtimes.am
09/05/2013

Տպել Տպել