Թանկացումները սոցիալական բունտի իրական հիմքերն են

ԱրծվիկԹանկացումների հիմնական պատճառը անվստահությունն է վաղվա օրվա համար, քանի որ մարդիկ օր առաջ ուզում են շահույթներ ունենալ. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Գազի նման թանկացումը տեռոր է սեփական ժողովրդի նկատմամբ: Եթե Ռուսաստանը կարողանում է նման մանիպուլյացիա անել, ուրեմն այս ժողովուրդը իշխանություն չունի: Եթե ռազմավարական գործընկերը ստրկացնում է մեզ, նման ռազմավարական գործընկեր մեզ պետք չէ, կամ գոնե իշխանությունը պետք է անմիջապես հայտարարեր, որ սեփականացնում է օպերատորական գործունեություն իրականացնող «ՀայՌուսԳազԱրդ»-ը»,- նշեց նա:

Մինասյանի դիտարկմամբ՝ կառավարության հայտարարությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքներին կօժանդակի, ընդամենը առաջնորդում է աղքատների շերտի մեծացմանը: «Վերանայելու են էլեկտրաէներգիայի սակագինը, դա շղթայական բերելու է այլ ապրանքների թանկացմանը, սա բերելու է գնողունակության անկմանը, քանի որ սա այն ապրանքն է, որ համակարգաստեղծ բնույթ ունի մեր երկրում: Ես սա ասում եմ, որ մեր ակտիվ քաղաքական ու հասարակական գործիչները համախմբվեն այս հարցի շուրջ: Սրանք սոցիալական բունտի իրական հիմքերն են: Եթե իշխանությունը դեռ չի հասկանում, օր օրի կհասկանա»,- ասաց նա:

Սրան զուգահեռ, ըստ Մինասյանի, նաև իրականացվում է զսպողական քաղաքականություն՝ խեղդելով փոքր նախաձեռնությունները քաղաքում, վարկերի մեջ սեղմելով՝ գյուղում: «Քանի դեռ երկրի կառավարությունը, նախագահը չի տեսնում, որ գյուղում անհրաժեշտ է ապահովագրական համակարգ, իրավիճակը սա է լինելու: Ռիսկերի նվազեցման և կանխարգելման քաղաքականություն է պետք»,- նշեց նա՝ վկայակոչելով միջազգային փորձը, որտեղ առկա և փորձարկված են տարբեր մեխանիզմներ:

Արծվիկ Մինասյանը խոսեց նաև գյուղապետ Հրաչ Մուրադյանի գերեզմանի պղծման մասին՝ նշելով, որ այս հայտնի ազատամարտիկի սպանությունը չբացահայտելն է հասցրել նման իրավիճակի: Նա հավաստեց, որ իշխանությունը պետք է հնարավորինս շուտ բացահայտի սպանության գործը: «Եվ ոչ միայն բացահայտի, այլև ամենախիստ ձևով պատժի, որովհետև եթե իրենք դա չանեն, հասարակության մեջ կգտնվեն մարդիկ, որ կանեն»,- ասաց նա:

civilnet.am
15/05/2013

Տպել Տպել