Մոսկվայում լույս կտեսնի Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի 2-րդ և 3-րդ հատորները

hayrus«Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի շրջանակում մոսկովյան «Յունիպրեսս և Կ» հրատարակչությունում շուտով լույս կտեսնեն Ռաֆայիլ Զինուրովի (Զինուր Ուֆայեցի) «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի երկրորդ և երրորդ հատորները: Ռաֆայիլ Զինուրովը Բաշկորտոստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալն է, իրավագիտության դոկտոր: Նա ռուսերենով հրատարակված հին սկզբնաղբյուրների և փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը և չափածո կերպով շարադրել այն` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի առաջին հատորը լույս է տեսել 2010 թ. և մեծ հետաքրքրություն առաջացրել ընթերցողի մոտ: Իբրև հայ ժողովրդի պատմության ուսումնասիրություն և մշակույթների երկխոսության դրսևորում, Ռաֆայիլ Զինուրովի աշխատանքը գրավել է պատմաբանների, արևելագետների, քաղաքական գործիչների և դիվանագետների ուշադրությունը:

«Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմակերպության և գործընկերների ջանքերով շուտով ռուսաստանյան ընթերցողը կստանա Հայաստանի համակարգված պատմության չափածո շարադրանքի հերթական հատորները: Դրանցում բաշկիր քաղաքական գործիչը ներկայացնում է տարբեր դարաշրջանների հայկական պետությունները, հնագույն ժողովրդի հարուստ մշակույթը, պատմության ողբերգական էջերը և հերոսական պայքարը: Հեղինակը իր մոտեցումն է դրսևորում հայ ժողովրդի տոկունության և արարման ոգու, հայկական մշակույթի ակունքների և դրա համամարդկային նշանակության նկատմամբ:

«Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի երկրորդ հատորը սկսվում է 4-6-րդ դարերում Հայաստանի վիճակի նկարագրումից, իսկ երրորդ հատորը հասնում է մինչև Սերժ Սարգսյանի նախագահության փուլը:

Տպել Տպել