Այս կառավարությունը համարվում է կեղեքող և թալանչի, այն մեր երկրի գաղջ մթնոլորտի առաջին սերմանողներից է

Արծվիկ«Հայաստանի էներգետիկ կյանքը կախված է Ռուսաստանից: Եթե ՀՀ իշխանությունները վճռականորեն գործեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ», այսօր, մայիսի 21-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում րագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ հավելել,- «Էներգետիկ անկախության մասին են խոսում, բայց ոչ մի քայլ չեն անում այդ անկախությունն ապահովելու համար»:

Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը` Մինասյանն ասել է,- «Ո՞վ է ասում, որ գազի գինը Հայաստանում ցածր է, հակառակը` գազն ավելի թանկ է, քան Վրաստանում: Անգամ եվրոպական երկրների հետ ենք համեմատել, և ստացվում է` մեզ մոտ գազը թանկ է: Իրան- Հայաստան գազամուղը չպետք է հանձնվեր ՌԴ-ին: Այլընտրանքային էներգիայի աղբյուրները պետք է կարևորվեին, բայց դա չի արվում»:

Միաժամանակ, նշել է, որ ինքը բնավ մտադիր չէ հակառուսական տրամադրություն սերմանել, այլ պարզապես մարդկանց դրդում է արժանապատվություն ունենալ: «Ռուաստանն այս քաղաքականությամբ հայաթափում է Հայաստանը»:

Արծվիկ Մինասյանը մտահոգություն է հայտնել ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ: Ըստ նրա` սա այն հազվագյուտ փաստաթղթերից է, որն անորոշություն է պարունակում, որն իր մշուշոտ և անորոշ ձևակերպումներով ապագա չունի: «Այս ծրագրն այդպես էլ չի բացահայտում մեր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները: Ծրագրային դրույթները հավանաբար վերցվել են ՀՀ նախագահի ելույթից»,- ասել է նա և հավելել, որ իրականում ծրագրի հեղինակներն այն խորքային չեն ուսումնասիրել:

«Մեր երկրում առնվազն 500 հազար աշխատատեղ ստեղծելու անհրաժեշտություն կա: Այս կառավարությունը համարվում է կեղեքող և թալանչի, այն մեր երկրի գաղջ մթնոլորտի առաջին սերմանողներից է»,- հայտարարել է պատգամավորը:

Անդրադառնալով «Արմավիա»-ի սնանկացմանը, պատգամավորը նշել է, որ եթե երկիրը չունի ազգային փոխադրող, նրա անվտանգությունը տուժելու է:

Ըստ Մինասյանի` երկրի զարգացման հիմքում պետք է դրվի բազմակենտրոն մասնագիտական զարգացումը:

«Ամենամեծ վատությունը որ իշխանություններ արել են մեր ժողովրդին, հույսի սպանումն է: Կարծես, բնությունն էլ է սկսել մեզ պատժել` կարկուտի, ցրտահարության տեսքով»,- ասել է նա և հավելել. «Այս իշխանություններից չարժե բարեփոխում ակնկալել, քանի որ նրանց միակ խնդիրը վերարտադրվելն էր: Մեր իշխանությունն ամենաթույլիկ իշխանությունն է: Վարչապետի երեկվա խոսքը ցույց տվեց, որ Հայաստանում ընտրություններ չեն լինում, այլ ընդամենը միջոցառում են»:

Տպել Տպել