Վահան Հովհաննիսյանը` ՀՀԿ-ին. ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք

վհԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս երկու օրերին տեսած կրկեսային հնարքներից ցնցված է:

«Տարիներ առաջ երբ նման ծրագիր էին ներկայացնում, ասում էին՝ տղե’րք, մենք լավն ենք: Հետո պրոգրես եղավ, ասում էին՝ տղե’րք, մենք լավն ենք, դուք վատն եք: Հիմա ասում եք՝ տղե’րք, մենք լավն ենք, դուք վատն եք, բայց եկեք համագործակցենք: Լավ, եկեք»,- ասաց նա:

Պատգամավորը հայտարարեց, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում, պետք չէ խաբել, հարկավոր է անկեղծ լինել, քանի որ կառավարությունը կանգնում է ԱԺ-ում եւ ուզում համոզել, որ ժողովուրդն իրենց քվե է տվել: «Քանի որ դուք լավն եք, իսկ մենք` վատը, էլ ի՞նչ եք ուզում: Արեք ամեն ինչ, դուք եք, չէ՞, ամենախելոքը, հը՞, Գրիգորի’չ: Բայց դուք հասկանում եք, որ իրականությունը դա չէ, ու այս երկիրը կարելի է փրկել միասին, ու դրանով էլ տարբերվում են մեր ելույթները ձեր ելույթներից: Մենք չենք չարախնդում ձեր անհաջողությունների վրա, բայց ձեր մեջ կան մարդիկ, որ չարախնդում են ընդդիմության ներքին պառակտումների վրա: Ես ուզում եմ հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը` պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների: Դուք որ առանձին մի տեղ դնեք ձեր թեկնածությունը ու ձեզ չպաշտպանեն ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանեն ոստիկանապետը ու դատախազը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն ազգային ժողովում չեք լինի, այլ կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե’րք: Դուք ոչ մեկդ չեք կարողանա մեկ ձայն հավաքել, դուք ստեղծել եք մի սիստեմ, որի միջոցով անընդհատ վերարտադրվում եք: Մեզ ասում եք` դե մենք հաղթել ենք, սա էլ քաղաքական գնահատական է: Ես էլ ձեզ հարց եմ տալիս` մի՞թե դուք չեք տեսնում, թե ինչ կատաստրոֆիկ վիճակ է, տեսնում եք, չէ՞, ուրեմն եկեք` մեզ հետ ազնիվ եղեք: Պետք չէ չարախնդալ, որովհետեւ դա առաջացնում է ատելություն, անջրպետ»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշեց, որ անվստահությունն այնքան է խորացել, որ ոչ ոք անգամ չի հավատում համագործակցության անկեղծ հրավերին: «Համագործակցությունը մեծամասնությունը պատկերացնում է այսպես` դուք մեզ մի’ քննադատեք, որ մենք կարողանանք ամեն ինչ անել: Այդպես չի լինում համագործակցությունը: Պետք չէ մեզ ասել, որ բոլորս նույն նավի վրա ենք: Մենք գործ ունենք նավապետերի հետ, ում ձեռքում ղեկն է, առագաստները, ով որ քշել էլ չի իմանում, բայց ասում է` քաղաքական պատասխանատվությունը կորոշի ժողովուրդը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ որոշ պատգամավորներ փորձում են ԱԺ-ում զգացմունքայնություն մտցնել` չարաշահելով «հայրենիք» բառը, վերջում էլ դուրս է գալիս, որ մեղավորը ընդդիմությունն է: «Դու մի ասա` երկրում կա բացասական էներգետիկա, աուրա, եւ դուք ամբողջ կառավարությունով պայքարում եք դրա դեմ, պայքարում եք բացասական էներգետիկայի, այլ ոչ թե բացասական երեւույթների դեմ: Ես ո՞նց պետք է հավատամ իշխանական այն պատգամավորին, որ ասում է` եթե կառավարությունը ծրագիրը չիրականացնի, ես դեմը կկանգնեմ: Չեմ հավատում, այդ ե՞րբ եք դեմը կանգնել, այդ ինչի՞ դեմն եք կանգնել»,- ասաց պատգամավորը:

«Մեր պատգամավորներից մեկն ասում է, որ այն կուսակցությունները որոնք համամասնականի համար էին պայքարում, հանկարծ տեսան, որ համամասնականով չեն անցնում: Տրամաբանությունը տեսեք մարդու, փաստորեն, մարդը պետք է պայքարի միայն այն բաների համար, որոնք իրեն ձեռնտու են: Եթե իմ կուսակցությունը երբեք էլ խորհրդարան չանցնի, ես միշտ ասելու եմ, որ համամասնական ընտրակարգն ամենաճիշտն է»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ երկիրը խայտառակ, ծանրագույն վիճակում է, իսկ այս ամբողջ քննարկումների արդյունքում ոչ ոք չկարողացավ հասկանալ` ի վերջո, ավելի բարեկեցիկ հասարակություն սարքելու` կառավարության մոտիվացիան ո՞րն է:

Տպել Տպել