Զինադադար 1994թ. …Բախվող տեսակետներ

Aparaj1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ եւ ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երեւանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Փաստաթղթում, որը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, ասվում է. ՙԱրձագանքելով Բիշքեքում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված` կրակը դադարեցնելու մասին կոչին եւ հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը, հակամարտող կողմերը պայմանավորվել են հետեւյալի մասին`

1. Ապահովել հրադադար եւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994թ. մայիսի 11-ին:
Մայիսի 12-ին մինչեւ 23.00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու եւ նմանատիպ փաստաղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:

2. Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին` մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջեւ` նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալումը:

3. Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցությունները 10 օրվա ընթացքում ավարտելու եւ մայիսի 22-ից ոչ ուշ Ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:

4. Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել է լիովին համարժեք փաստաթղթեր` ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:
Հրադադարից 19 տարի անց իրենց տեսակետներն են հայտնում 1994-ի քաղաքական եւ ռազմական իշխանությունների ներկայացուցիչները:

Զինադադարի հաստատումը հայկական կողմի պարտությունն է եղել. Վիտալի Բալասանյան, ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասյանյանն է մեկնաբանում 19 տարվա վաղեմության փաստաթղթի ընդունման նշանակությունը:
ՙԸնդհանրապես ցանկացած պատերազմ ունենում է սկիզբ, ինչպես եւ ավարտ: Սակայն ոչ բոլոր պատերազմներն են ունեցել ավարտ, ինչպիսին, ասենք, ղարաբաղյան պատերազմն է:

Ղարաբաղը հանդիսանում է պարտադրված պատերազմի կողմ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության հետ կապ չունի:

Երբ սկսվել է պատերազմը եւ լայնածավալ գործողություններ են ծավալվել, ՄԱԿ-ը ընդունել է 4 ռեզոլյուցիա: Առաջին Ռեզոլյուցիան ընդունել է 1993 թվականի ապրիլի 30-ին: Դիրքային առումով ղարաբաղյան կողմը շատ վտանգավոր դիրքերում է եղել հայտնված: Մենք այդ ժամանակ ահագին տարածքներ էինք կորցրել, սակայն ընդունել ենք այդ ռեզոլյուցիան:

Մենք այն ընդունել ենք ոչ թե այն բանի համար, որ թույլ ենք եղել, այլ նրա համար, որ աշխարհում կա մի ուժ, որը որոշում է կայացնում եւ մենք համակերպվել ենք այդ որոշման հետ: Իսկ Ադրբեջան օգտվել է այդ ժամանակավոր հրադադարից: Ես այդ ժամանակ, լինելով Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, երբ ստացել եմ հրադադարի հրահանգը, նույն օրը, նույն ժամին դադարեցրել եմ բոլոր գործողությունները եւ մեկ կրակոց անգամ չի եղել մեր կողմից: Իսկ Ադրբեջանի կողմից փոքր խախտումներ եղել են: Բոլոր ռեզոլյուցիաների ժամանակ էլ մոտ 20-25 օր դադարեցրել ենք գործողությունները: Եւ այդ 20-25 օրը նրանք` ադրբեջանցիները նորից վերախմբավորվել են եւ նորից սկսել են ռազմական գործողություններ իրականացնել ամբողջ ճակատով մեկ:

Հրադադարը ավելի շատ օգուտ է բերել Ադրբեջանին, քան Ղարաբաղին: Մենք արդեն իսկ կազմավորված եւ կազմակերպված էինք: Մենք այդ ժամանակ արդեն կառուցվածքային, կազմակերպված ուժ էինք, կազմավորված բանակ էինք, որը ղեկավարվում էր վերեւից, չնայած թվաքանակի առումով մենք զիջում էինք Ադրբեջանին: Զինադադարը 1994 թվականին ավելի շատ պետք էր Ադրբեջանին: Նույնը կատարվել է 1993թ. ապրիլի 30-ին եւ հուլիսի 29-ին ընդունված ռեզոլյուցիաներից հետո: Եւ քանի անգամ ՄԱԿ-ի ռեզոլյուցիան եղել է, հայկական կողմը կատարել է բոլոր կետերը:

1994թ. ղարաբաղյան հատվածի համար մեզ որեւէ խնդիր չունեինք Քուռ գետը հասնելու համար: Արդեն իսկ ապրիլի սկզբներին, մարտի վերջին խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ շուտով հրադադար է կնքվելու եւ ավարտվելու է պատերազմը: Բայց կարող եմ ասել, որ հրադադարի հաստատումը հայկական կողմի պարտությունն է եղել: Ռազմական իշխանությունը իր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարել է, դա այն դեպքում, երբ քիչ էր եւ մարդկային, եւ նյութական ռեսուրսները: Եւ ոչ թե մեկը երեքի հարաբերությամբ էր, այլ մեկը 10-ի, 15-ի եւ 20-ի, որովհետեւ հակառակորդի ռեսուրսներն անսահմանափակ էին:
Այսօր տարբեր ղեկավարներ իշխանությունը պահելու համար տարբեր արտահայտություններ եւ հայտարարություններ են անում` սկսած Լեւոն Տեր Պետրոսյանից: Ժամանակին մեր արտաքին քաղաքականության հարցերով ղարաբաղյան քաղաքական խումբը չէր մասնակցում այդ բանակցություններին: Երբ Շուշին պետք է ազատագրեինք, Հայաստանի քաղաքական իշխանությունը դեմ էր դրան: Ռազմական իշխանությունն իր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարել է, իսկ քաղաքական ղեկավարությունը պարտության է մատնվել: Եթե թույլ տային ռազմական իշխանությանը` կկարողանայինք անել եւս մեկ քայլ, որից հետո Ադրբեջանը շատ հանգիստ կստորագրեր մի փաստաթուղթ, որը հայանպաստ կլիներ:

Իսկ 1994թ. Մայիսի 12-ին հաստատված հրադադարը շատ վտանգավոր փաստաթուղթ է եղել եւ ներկայիս սերունդն իր մաշկի վրա է զգում այդ փաստաթղթի վտանգավորության աստիճանը: Այդ փաստաթղթի որեւիցէ կետ առ այսօր չի պահպանվել եւ չի պահպանվում: Այսօր պատերազմը հարձակողական եւ պաշտպանողական բնույթից անցել է զուտ պաշտպանողական բնույթի: Երկու կողմը նստած են պաշտպանությունում, բայց շարունակվում է դիրքային պատերազմը: Կան կրակոցներ, կան դիպուկահարներ, մեր դիրքերը շատ մոտ են իրար: Անգամ առանց դիպուկահարի որսորդական հրացանով կարելի է այսօր կրակել իրար, այնքան որ մոտ են գտնվում դիրքերը:

Այսօր պատերազմը դեռ շարունակվում է: Եւ երկու կողմը նստած են պաշտպանությունում: Չի բացառվում, որ վաղը մի կողմը կարող է հարձակողական բնույթ կրող մարտ ձեռնարկի: Մարտը շարունակվում է, այն չի կանգնում, որովհետեւ փաստաթուղթն ինքը իրենից ուժ չի ներկայացնում: Եւ այդ փաստաթղթի ընդունումը ի օգուտ Ադրբեջանի է եղել:

Ռազմական գործողությունների դադարեցումը մնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական ձեռքբերումը. Մասիս Մայիլյան, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ

ՙԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը, անկասկած, մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական ձեռքբերումը: Հակամարտող կողմերի եւ միջազգային միջնորդների համար հիմնական խնդիրը հրադադարի ռեժիմին օժանդակելն է, որը ժամանակ առ ժամանակ խախտվում է կողմերի կողմից,- վերոնշյալ կարծիքը Մ. Մայիլյանը հայտնել է մայիսի 11-ին Ստեփանակերտի Խաղաղության Տանը կայացած սեմինարի ժամանակ, որը նվիրված էր ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 19-ամյակին՚:

Զինադադարի կնքումը մեր առաջին փոխզիջումն էր ու պարտությունը. Կամո Մարտիրոսյան, ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ

Այսօր խոսում են փոխզիջման մասին, սակայն 1994 թվականի մայիսի 12-ին մենք կատարել ենք մեր առաջին փոխզիջումը: Հիմա Ադրբեջանի փոխզիջման հերթն է: Մենք սխալվել ենք, որ փոխզիջում ենք արել: Մենք այժմ ընդամենը մեկ փոխզիջում ունենք, որը կարող ենք անել` առայժմ մենք չենք շարունակում մեր հաղթարշավը ոչ այս ուղղությամբ, ոչ Նախիջեւանի. սա է մեր փոխզիջումը:

Պատերազմական գործողությունները, ինչպիսին այն ժամանակ է եղել, չեմ կարծում` թե նմանօրինակ կլինեն: Բոլոր այն մարդիկ, ովքեր տեսել են, թե ինչը է պատերազմը, տեսել են արյուն, անցել են պատերազմի թոհ ու բոհով, չեն ուզում, որ պատերազմ լինի: Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը առնվազն հիմարություն կլինի, այն կտա նոր զոհեր ու նոր կորուստներ, իսկ հակահարձակումը մեզ առավելություն կտա:

Եթե մայիսի 12-ին չկնքվեր Զինադադարի մասին պայմանագիրը, մեր դիրքերն այսօր շատ ավելի շահեկան վիճակում կլինեին: Ի վերջո, հակառակորդն էր զինադադրի խնդիրը դնում: Հրադադարի ընդունումը միանշանակորեն հայկական կողմին ձեռնտու չի եւ չէր էլ կարող լինել: Համաձայնագիրը կնքվել է այն ժամանակ, երբ այդ դիրքերը մեզ համար այնքան էլ ձեռնտու չեն եղել, հենց այն ժամանակ, երբ մենք պետք է տիրապետեինք կարեւոր ռազմավարական դիրքերի: Եթե այն որոշ ժամանակով հետաձգվեր, հնարավոր է` ամեն ինչ մի փոքր այլ լիներ, իսկ մեր դիրքերն էլ ավելի շահեկան վիճակում կլինեին:

Ես կարծում եմ, որ Համաձայնագրի ստորագրումը ճիշտ էր. Արկադի Ղուկասյան, ԼՂՀ 2-րդ նախագահ

Հրադադարի համաձայնագրի ստորագրումը ճիշտ քայլ էր, NEWS.am-ի թղթակցին նման տեսակետ է հայտնել ԼՂՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը` Համաձայնագրի ստորագրման օրվա առթիվ մեկնաբանություն տալով:

Ըստ նրա` կան տարբեր տեսակետներ. ՙՈմանք կարծում են, որ պետք էր մինչեւ վերջ գնալ, ոմանց կարծիքով` Համաձայնագրի ստորագրումը դեպքերի բնական զարգացում էր: Միանշանակ է այն, որ վատ խաղաղությունը ՙլավ՚ պատերազմից գերադասելի է, թեեւ լավ պատերազմներ չեն լինում: Ես կարծում եմ, որ Համաձայնագրի ստորագրումը ճիշտ էր՚, – ընդգծել է Արկադի Ղուկասյանը: Նա միաժամանակ հավելել է, որ Համաձայնագրով նախատեսված պայմանները չեն կատարվում, հրադադարի ռեժիմը խախտվում է: ՙԲայց, ամեն դեպքում, ավելի լավ է բանակցել, քան կրակել: Եվ, թեպետ Համաձայնագիրը բանակցությունների սկիզբ չդարձավ, մեզ հաջողվեց դադարեցնել պատերազմը, շատ կյանքեր փրկել՚, – ընդգծել է Արկադի Ղուկասյանը:

aparaj.am

Տպել Տպել