Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած համայնքների օգնության ծրագիրը հաստատվեց

karkutՀայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած 46 համայնքներին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ վնասվել են 17 հազար հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի, պտղատու այգիներ, բանջարաբոստանային ցանքատարածություններ:

46 գյուղերից 22-ում բերքը փչացել է 100 տոկոսով:

Azatutyun.am-ի փոխանցմամբ, ըստ հաստատված ծրագրի` հիշյալ 22 համայնքների բնակիչները հողի հարկից կազատվեն ամբողջությամբ, մնացած 24 համայնքներում գյուղացիները եւ գյուղապետներն իրենք կգնահատեն, թե որ տնտեսությունը ինչ չափով է վնասվել եւ, հետեւաբար, ըստ այդմ էլ տվյալ տնտեսությունը մասնակի կամ ամբողջությամբ կազատվի հողի հարկից:

Վարչապետի գնահատմամբ` գյուղացիներին հողի հարկից ազատելը պետբյուջեին կարժենա շուրջ 200 միլիոն դրամ (480 հազար դոլար):

Ջրի վճարներից նույնպես գյուղացիները կազատվեն վերոհիշյալ սկզբունքով:

Կառավարությունը մոտ 350 միլիոն դրամ կտրամադրի լրացուցիչ 50 հակակարկտային կայան գնելու եւ մարզում տեղադրելու համար, արդեն գործող եւ լրացուցիչ հակակարկտային կայաններից կստեղծվի միասնական մի համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք գործեն միասնաբար:

Երեկ Արմավիրի մարզ վարչապետի այցելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված համայնքներում վարկեր տրամադրած բոլոր բանկերը անհատական աշխատանք կտանեն բնակիչների հետ, որպեսզի վերանայվեն վարկերի տոկոսադրույքները եւ մարման ժամանակահատվածները:

“Բանկերը, իհարկե, օգնություն կտրամադրեն գյուղացիներին”, – ասաց վարչապետը կառավարության նիստի ժամանակ:

Բացի այդ, կառավարությունը միջոցներ կտրամադրի, որպեսզի բոլոր արտարժույթային վարկերը վերափոխվեն դրամայինի:

Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ նշեց նաեւ, որ Արմավիրի մարզի պատգամավորների նախաձեռնությամբ կբացվի հիմնադրամ, ուր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են միջոցներ փոխանցել Արմավիրի մարզի գյուղացիներին օգնելու համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որը եւս երեկ վարչապետի հետ այցելել էր Արմավիրի մարզ, համայնքների ներկայացուցիչներին փոխանցել է, որ բոլոր այն բնակիչները, որոնց սոցիալական վիճակը համապատասխանում է օրենսդրության չափանիշներին, կստանան համապատասխան աջակցություն:

Վարչապետի փոխանցմամբ` քննարկման արդյունքում որոշվել է, որ այդ տարածքների գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը նպատակահարմար չէ, քանի որ այդ պարագայում գյուղացիները պետք է ամեն ամիս վճարումներ կատարեն ապահովագրական ընկերությանը, ինչը նրանք չեն կարող անել:

Նախնական գնահատականներով, Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասը կազմում է շուրջ 25 միլիարդ դրամ:

yerkirmedia.am

Տպել Տպել