ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը


Հարգելի’ հայրենակիցներ,

2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում իրադարձություններն ընթացան վատթարագույն տարբերակով: Այդ վտանգը մենք նախազգում, այդ մասին պաշտոնապես ահազանգում էինք ե’ւ նախընտրական, ե’ւ հետընտրական փուլերում: Ցավոք, հետեւություններ չարվեցին: Կատարվածը մեր ընդհանուր ողբերգությունն ու ամոթն է, ստեղծված կացությունից հնարավոր նվազագույն կորուստներով ելք գտնելը` բոլորիս պարտքն ու պատասխանատվությունը:

Մի կողմից Լ.Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները այս սցենարը հետեւողականորեն նախապատրաստում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում` հասարակությունը պառակտելու, ատելություն ու թշնամանք սերմանելու, պետական ինստիտուտները վարկաբեկելու ու կազմաքանդելու անթաքույց նպատակադրումով, մյուս կողմից` բնակչության մոտ առկա օբյեկտիվ դժգոհության պատճառները չէին վերացվում: Արդյունքում` երկիրը ծանր կորուստ ունեցավ, ամենաահավորը` զոհվեցին Հայաստանի քաղաքացիներ:

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն Մարմինը իր խորին ցավակցությունն է հայտնում զոհերի հարազատներին` շեշտելով, որ վիշտը յուրաքանչյուրինս է:Միաժամանակ, մենք ընդգծում ենք, որ առաջին նախագահի ու նրա կողմնակիցների գործողությունների հիմքում ընկած էր բռնի ուժով իշխանության գալու նպատակը, իսկ մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարելու` ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտություն էր:

Ստեղծված իրավիճակում մենք իշխանությունից հետեւողական քայլեր ենք պահանջում երկու ուղղությամբ`առաջին` բացահայտել բռնություններ, անկարգություններ հրահրողներին ու կազմակերպիչներին եւ, իրավական բոլոր նորմերի պահպանմամբ, պատժել օրենքի ողջ խստությամբ,երկրորդ` հետեւողականորեն, քայլ առ քայլ լուծել երկրում անվստահություն, անարդարության զգացում առաջացնող բոլոր պատճառները եւ Հայաստանը դուրս բերել որակական նոր` ժողովրդավարացման, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության ճանապարհ: Մեր նախորդ հայտարարություններում ձեւակերպել ենք այն հիմնական խնդիրները, որոնց լուծումը ջանքեր եւ համախոհություն է պահանջում: Ամենագլխավորը` օրենքի առաջ հավասար պետք է լինեն անխտիր բոլորը` թե’ այսօր յուրային համարվողները, թե’ հակառակ ճամբարում գտնվողները: Հ.Յ.Դաշնակցությունը պատրաստ է իր բոլոր ուժերը ծառայեցնել այս նպատակին:

Սիրելի’ հայրենակիցներ,

Մենք ուղղակի պարտավոր ենք ողբերգությունից դասեր քաղել եւ, ցավը զսպելով, առաջ շարժվել` հանուն մեր հասարակության միասնականացման եւ մեր պետականության ամրապնդման:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
Երեւան, 03 մարտի, 2008թ

Տպել Տպել