Վահան Հովհաննիսյան. Հասարակության մեջ լուրջ հիվանդություն կա


ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Վահան Հովհաննեսյանը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է մարտի 1-ից հետո զարգացումներին: «Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչի մասին ես զգուշացնում էի ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, որովհետեւ ես տեսնում էի, որ երկու իշխանությունները` հին ու նոր, իրար մեղադրելու, իրար նկատմամբ խոր հակադրության մեջ լինելու քաղաքականությունը չեն սահմանափակում ինչ-որ գաղափարական բանավեճով: Քաղաքական բանավեճ, որին հրավիրում էինք, չտեսանք: Տեսանք հայհոյանքներ, տեսանք ատելության հրահրում»,- ասաց Վ. Հովհաննեսյանը:

Նախագահի նախկին թեկնածուի խոսքով` Լեւոն Տեր-Պետրոսյանը «ուղղակի վարպետորեն կարողացավ ժողովրդի դժգոհությունն օգտագործել եւ վերածել ատելության ու անհանդուրժողականության: Բայց իշխանությունը, իր հերթին, ամեն ինչ արել էր, որպեսզի դա նրան հեշտ հաջողվի, որովհետեւ, ի վերջո, պետք էր սեփական ժողովրդին հասցնել այնպիսի դժգոհության, որ նա գնար ատելի Տեր-Պետրոսյանի հետեւից: Ոչ ոք չի ժխտում, որ երկրում կա ակնհայտ զարգացում, եւ կյանքը շատ ավելի լավն է, քան Տեր-Պետրոսյանի ժամանակ: Բայց ուրեմն կա մի բան, որը ժողովրդի ջղայնությունն ու ատելությունն է առաջացնում, որն այլանդակ ձեւով դուրս պրծավ այս վերջին օրերի իրադարձություններում,- շարունակեց Վահան Հովհաննիսյանը: – Այս ամենը կհանդարտվի, կանցնի, մարդիկ ավելի սթափ կմտածեն, եւ նույնիսկ տաք գլուխները կհանգստանան: Բայց եթե իշխանությունը համարի, որ հաղթեց այս պայքարում, եւ հետեւություններ չանի, նշանակում է, որ մեր հասարակությունը նորից մի գեղեցիկ օր կանգնելու է նման իրավիճակի առջեւ»:

Վ. Հովհաննեսյանի կարծիքով` իշխանությունը պետք է անի այս հետեւությունները. «Դա այն է, ինչ որ ես առաջարկում էի օրեր առաջ. հրավիրել բանակցությունների Տեր-Պետրոսյանի կողմին, կամ Տեր-Պետրոսյանն ինքը դիմեր, եւ այդ բանակցությունների օրակարգը լիներ այն, ինչ ես առաջարկում էի: Երեք խումբ հարցեր այլեւս պետք է կոնսենսուսով լուծվեն, որովհետեւ ժողովուրդը վստահություն չունի որեւէ իշխանության նկատմամբ, որովհետեւ այդ իշխանությունը ձեւավորող մեխանիզմների նկատմամբ վստահություն չունի: Եվ արդարորեն չունի,- բացատրեց նախագահի նախկին թեկնածուն: – Ընտրական համակարգը Հայաստանում այնքան խոր ճգնաժամի մեջ է, այնքան հիվանդ է, որ հիմա էլ նոր ընտրություն լինի` բան չի փոխվի: Հասարակությունը, այնուամենայնիվ, թեեւ ուշացումով, զոհերից, ծեծ ու ջարդից, բարոյական հիասթափությունից ու հուսալքումից հետո, միեւնույն է, այդ քայլին պետք է գնա»:

Նրա համոզմամբ` մի շարք վերահսկող պաշտոններ պետք է ընդդիմության հետ կոնսենսուսով նշանակվեն. «Մի շարք պաշտոններ, որոնք կապված են լրատվամիջոցների գործունեությունը կարգավորելու հետ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի ղեկավարությունը նույնպես պետք է ընդդիմության կոնսենսուսով որոշվի, որպեսզի մարդկանց բերանը փակելու փորձեր չլինեն:

Հենց փորձում ես փակել բերանը, նա այն բացում է փողոցում: Սկզբում այդ, այսպես ասած, «բացած բերանիե շուրջ հավաքվում են գաղափարական մարդիկ, դժգոհ մարդիկ, մարդիկ, ովքեր ունեն ինչ-որ քաղաքական գծին հետեւելու պատրաստակամություն: Բայց կամաց-կամաց, երբ երկարում է այդ պրոցեսը, ըմբոստությունը ելք չի գտնում քաղաքակիրթ ճանապարհով, եւ այստեղ արդեն սկսում է հավաքվել խուժանը, որը, այլեւս որեւէ մեկին չենթարկվելով, սկսեց խանութներ ջարդել Երեւանում եւ ավտոմեքենաներ վառել:

Սա նշանակում է, որ հասարակության մեջ շատ լուրջ հիվանդություն կա, եւ այն պետք է խոհեմությամբ բուժեն իշխանությունները: Չկարծեն հանկարծ, որ հարցերը լուծվեցին սրանով: Նոր հարցեր առաջացան, եւ այդ հարցերը մենք պետք է լուծենք միասին»,- ասաց նա:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին` Հովհաննեսյանն ասաց. «Ես պետք է ի միջի այլոց ասեմ, որ երեք առաջատար թեկնածուները բոլորն էլ իրենց նպատակին հասան: Երբ որոշում ես քո առջեւ դրած նպատակին հասնել ամեն գնով, ահա այդպես է լինում:

Ամեն գնով, ընտրություններում խախտումներով եւ այլնով մեկը դարձավ նախագահ: Ինչպես եւ իմ կուսակցությունը, ես էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը վիճարկելու իմաստ չեմ տեսնում: Որովհետեւ իրականության մեջ ոչ ոք ճշմարտությունն այլեւս չի կարող իմանալ, բայց ես ընդունում եմ, որ մենք ունեցանք նախագահ: Բայց քանի որ խնդիր էր դրվել ամեն գնով եւ, ընդ որում` հենց առաջին փուլում` ահա արդյունքը… Լեւոն Տեր-Պետրոսյանը դրել էր ամեն գնով հաջողելու, ամեն գնով ապակայունացնելու եւ ամեն գնով ընտրություններն ապականելու նպատակը, որ իր 1996 թիվը, իր խայտառակությունը ստվեր գցի նաեւ ուրիշների վրա: Նա էլ հաջողեց, նա էլ իր ծրագիրն իրականացրեց. հասարակության մեջ ճեղքվածք մտցրեց եւ ղարաբաղցիների նկատմամբ ինչ-որ անգիտակից տարրերի մեջ անվստահություն եւ ատելություն սերմանեց: Եվ, իհարկե, Արթուր Բաղդասարյանն էլ իր ծրագիրն իրականացրեց, որովհետեւ իր ծրագիրը, կարծում եմ, հենց այն էր, ինչին նա հասավ»:

Տպել Տպել