ANCA-ի կոչը՝ Բարաք Օբամային. Հայաստանի ապաշրջափակումը և Կիպրոսի ապաբռնազավթումը՝ Թուրքիայի հետ առևտրային պայմանագրերի դիմաց

ՔեյթԱմերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Առևտրի քաղաքականության հարցերով հանձնաժողովում և պաշտոնական Վաշինգտոնին կոչ արել Թուրքիա-ԱՄՆ առևտրի որևէ համաձայնագիր կնքելու դիմաց Անկարայի առջև նախապայման դնել՝ վերացնել Հայաստանի անօրինական շրջափակումը և Կիպրոսի ապօրինի բռնազավթումը:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, ANCA-ի՝ ԱՄՆ կառավարության հետ հարցերով պատասխանատու Նահապետյանը նման կոչով հանդես է եկել Անդրատլանտյան առևտրային և ներդրումային համաձայնագրի վերաբերյալ (ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթներ առաջ հայտարարեց, որ Վաշինգտոնը շուտով բանակցություններ է սկսելու Եվրամիության հետ՝ Անդրատլանտյան ազատ առևտրի գոտի ստեղծելու վերավերյալ-Tert.am) մայիսի 29-30-ը Հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ:

Քննարկումներին մասնակցել են ԱՄՆ ֆինանսների, առևտրի, տրասպորտի, առողջապահության, հանրային ծառայությունների նախարարությունների, ինչպես նաև Պետքարտուղարության ներկայացուցիչներ:

«Մենք Օբամայի վարչակազմին կոչ ենք անում երաշխավորել, որ Թուրքիայի Հանրապետության հետ առևտրային ցանկացած համաձայնագիր (շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նամակ է հղել ԱՄՆ նախագահին` կոչ անելով Եվրամիության հետ Անդրատլանտյան ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններին զուգահեռ բանակցություններ սկսել Անկարայի հետ` Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար-Tert.am) կնքելիս` ինչպես երկկողմանի, այնպես էլ Եվրամիության հետ համաձայնագրի շրջանակում, որպես օրինական ուժ ունեցող նախապայման Անկարայից պահանջելու է՝ դադարեցնել Հայաստանի անօրինական տնտեսական շրջափակումը (ղարաբաղյան պատերազմի ժամանակ (1988-1994թթ.) Անկարան, ի աջակցություն Ադրբեջանի,1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը և խզեց դիվանագիտական հարաբերությունները մեր երկրի հետ-Tert.am), ԵՄ անդամ Կիպրոսի (1974 թ. կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում ու այն ճանաչեց որպես անկախ հանրապետություն` հայտարարելով, որ չի ճանաչում Հարավային Կիպրոսը` Կիպրոսի Հանրապետությունը-Tert.am) ապօրինի բռնազավթումը, անհապաղ վերացնել առևտրային և ներդրումային ոլորտների բոլոր այն խոչընդոտները, որոնք Անկարան դրել է Կիպրոսի և Հայաստանի առջև:

Թուրքիան արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ շրջափակման մեջ է պահում դեպի ծով ելք չունեցող Հայաստանը և խոչընդոտում է Արևելք-Արևմուտք առևտրային ճանապարհի գործունեությունը, և սա նորագույն պատմության ամենաերկարատև շրջափակումն է: Շրջափակումն ավելի վիրավորական է դարձնում այն հանգամանքը, որ այն իրականացնում է Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին բնաջնջելու փորձ կատարած Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության կողմից»,-իր ելույթում նշել է Նահապետյանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը նաև հավաքվածներին հիշեցրել է, որ Թուրքիան բազմիցս «ապացուցել է», որ կարող է հրաժարվել ցանկացած միջազգային պայմանագրի կատարումից:

«2009թ. հոկտեմբերին, առանց նախապայմանների Հայաստանի շրջափակումը վերացնելու վերաբերյալ համաձայնագրի (հայ-թուրքական արձանագրությունները-Tert.am) ստորագրումից օրեր անց Թուրքիան խախտեց պայմանավորվածությունը և հայտարարեց, որ չի հրաժարվի շրջափակումից քանի դեռ ղարաբայան հակամարտությունը չի լուծվել հօգուտ Ադրբեջանի…. Հատկապես մտահոգիչ է այն, որ Թուրքիան հրաժարվում է կատարել նախկինում կնքած առևտրային պայմանագրերի դրույթները: 2005թ-ին Թուրքիան Եվրամիության հետ Մաքսային միության շրջանակում համաձայնագիր կնքեց (Թուրքիան միակ պետությունն է, որը թեև ԵՄ անդամ չէ, բայց անդամակցում է Մաքսային միությանը`1995թ-ից)՝ պարտավորվելով կարգավորել հարաբերությունները Կիպրոսի հետ և բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները Կիպրոսի համար, սակայն չկատարեց: Անդրատլանտյան առևտրային և ներդրումային համաձայնագրի շրջանակում Թուրքիային որևէ արտոնություն շնորհելուց առաջ Թուքիան պետք է երաշխավորի, որ այլևս կոպտորեն չի խախտելու առևտրային պարտավորությունները»,-հայտարարել է Նահապետյանը:

tert.am

Տպել Տպել