Ոչ թե Դաշնակցությունն է փակուղու մեջ, այլ երկիրը, որը գտնվում է նույն վիճակում, ինչ՝ Դաշնակցությունը

Armen-Rustamyan-arf1Ոչ թե Դաշնակցությունն է փակուղու մեջ, այլ երկիրը, որը գտնվում է նույն վիճակում, ինչ վիճակում՝ Դաշնակցությունը: Այս մասին Tert.am-ին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ Երևանում ԵԽԽՎ լիագումար նիստից հետո:

Դաշնակցական գործիչը չի ժխտում վերջին շրջանում ընդդիմադիր դաշտում առկա լճացումը, և դա պայմանավորում է առաջին հերթին օբյեկտիվ պատճառով՝ լճացումով:

«Երկրորդ պատճառն այն է, որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել: Այս երկու պատճառն է. մի դեպքում ընդդիմությունն է մեղավոր, և ամեն մեկը թող իր արածների համար պատասխան տա՝ ի՞նչը չի կարողացել և ի՞նչ ջանք է գործադրել միավորման համար։ Իսկ երկրորդ պատճառը շատ գլոբալ է. այն է՝ Հայաստանում ձևավորվել է մեկ մոնոլիտ համակարգ, որը ապահովում է իշխանության անընդհատ վերարտադրումը»,- ավելացրեց Արմեն Ռուստամյանը:

Այս համատեքստում նա հարցրեց՝ «Երբևէ Հայաստանում եղե՞լ է իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով» և ավելացրեց, որ չի կարծում, թե սա միայն ընդդիմության խնդիրն է:

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր կուսակցությունները, մեղմ ասած, հետընթաց են ապրում, «Առաքելություն» կուսակցությունից Մանուկ Սուքիասյանը սրա համար նաև մեղադրեց ընդդիմությանը՝ հետևյալ հարցադրումն անելով. «Իսկ ընդդիմությունը մտածում էր, որ իշխանությունը հանգիստ քնելու՞ և երազում Գաբրիել հրեշտակի՞ն է տեսնելու»: Այսինքն՝ որ իշխանությունը ձեռքերը ծալած չէր նստելու, պետք է հասկանալի լիներ ի սկզբանե և կանխարգելվեր:

Արմեն Ռուստամյանը պատասխանեց այս մեղադրանքին ասելով. «Ես ավելի շատ հակված եմ գնահատել էն քաղաքական ուժերի և գործիչների տեսակետները, որոնք իմ աչքի առաջ մեզնից ոչ պակաս շապիկ են մաշել այս ամբողջ գործընթացի մեջ: Նոր մտել են պրոցեսի մեջ… մի քիչ թող ավելի լավ գնահատեն իրավիճակը»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ավելացրեց, որ ավելացնելու բան չկա նախկինում ասվածին. «դրա մասին խոսել ենք, նոր բան չկա մեր ասածների մեջ, շարունակելու ենք նույնն ասել, ոչ զարմացել ենք,ոչ էլ զարմացնում ենք: Իրենք են զարմացել. մենք գիտեինք, որ իշխանությունները նույն ոճով են աշխատելու այնպես, ինչպես 91 թվականից այս կողմ»:

Ըստ դաշնակցական պատգամավորի ամփոփման՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են քաղաքական ուժերին տուն ուղարկել, ուզում են, որ այս իշխանությունները հավերժ մնան:

tert.am

Ինչ-որ բան այնպես չէ գնացել

”Ես միշտ էլ ասել եմ, որ ի վերջո մենք ռազմավարական գործընկեր ենք Ռուսաստանի հետ, բայց դրան համապատասխան և այն որակով, որ իշխանությունները խոտանում էին ունենալ նվաճումներ, կոնկրետ դեպքում պարզ է դառնում, որ չի ստացվել”,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ՌԴ-ից մատակարարվող գազի թանկացման մասին, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ լուրջ խոսակցության թեմա է, թե ինչու է ՌԴ-ը գազը թանկացրել, սակայն մի բան պարզ է. ”Արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ բան այնպես չէ գնացել”:

Հարցին, թե ինչ է կարծում` սա կարելի է որակել որպես ճնշում ՌԴ-ի կողմից, նա պատասխանեց. ”Դա մի օրվա հարց չի, սակայն երեք տարի բանակցում են, բայց այդ բանակցությունների տխուր արդյունքների մասին հիմա ենք իմանում, երեք տարի այդ ի՞նչ էին բանակցում: Ասում են, որ արտոնություններ են ձեռք բերել, որ սակայն երբ համեմատում ենք եվրոպական երկրների հետ, պարզ է դառնում, որ ոչինչ էլ չկա”:

”Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում միշտ այս վիճակում կլինենք, երբ որ երկու կոմպոնենտով կախված ենք Ռուսաստանից` ռազմական և էներգետիկ”,-հավելեց նա:

Պատգամավորը մտավախություն ունի, որ գազի գինը հետո էլի կարող է բարձրանալ, այդ ժամանակ արդեն շատ ավելի վատ կլինի հայ հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը: Չնայած հիմա էլ, ըստ Ռուստամյանի, հայ ժողովուրդը կանգնել է ֆորսմաժորային իրավիճակի առջև:

henaran.am

Տպել Տպել