Դա հաղթանակ էր մեզ բաժին հասած ճակատագրի նկատմամբ

ԽուդինյանՄայիսի 28-ին Հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» հաղորդման հյուրն էր պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Խուդինյանը

-Պարոն Խուդինյան, 1918 թվականի մայիսի 18-ը բարձրակետն էր: Սակայն հետաքրքիր է իմանալ՝ մինչ մայիսի 28-ը ինչպիսի քաղաքական իրավիճակ էր տիրում:

-Նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս: Այսօր մեր պետականության վերականգնման օրն է, որը մեր երկրում նշաում ենք որպես Հանրապետության օր: Մենք նոր ժամանակնրում մեր պետականությունը վերականգնել ենք հենց մայիսի 28-ին: Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչ քաղաքական իրավիճակ էր տիրում այդ ժամանակ, ասեմ, որ պատմության մեջ ժողովրդի համար երբեմն լինում են այնպիսի պահեր, երբ պատմությունը ոչ թե աստված է դառնում այդ ժողովրդի համար այլ դև՝ ինչպես հայտնի պատմաբաններից մեկն է ասել: Այդպիսի մի դիվային իրավիճակ էր ստեղծվել մեզ համար, երբ հայ ժողովրդի, փաստորեն, գոյության, գոյատևման խնդիրը տվյալ իրավիճակում հնարավոր էր փրկել միայն քաղաքական վերնախավի ինքնազոհության միջոցով, որովհետր մեր դեմ էին արտաքին բոլոր գործոնները (Ռուսական կայսրության փլուզումը հոկտեմբերյան հեղաշրջման արդյունքում, գերմանական քաղաքականության անկյունագծի՝ աշխարհաքաղաքականության թրքամետ բնույթը, որովհետև Թուրքիան իրենց դաշնակիցն էր, անգլո-սաքսոնական կամ ծովային քաղաքականության հակառուսաստանյան ուղղվածության վեկտորը), և բացառվում էր հայ ժողովրդի փրկության որևէ շանս՝ արտաքին միջամտության կամ աջակցության արդյունքում: Ցեղասպանության ենթարկված մի ժողովուրդ, փաստորեն հայտնվել էր մի ողջ կայսրության դեմ-հանդիման՝ ուժերի բացարձակ անհավասարության պայմաններում:

-Պարոն Խուդինյան, մի փոքր քննարկենք մայիսյան հերոսամարտերը և փորձենք պարզել, թե այդ ժամանակաշրջանում ինչպիսին էր իրավիճակը:

-Այդ հերոսամարտերի մասին մի փոքր խոսելով շատ դժվար է եզրահանգման գալ: Ասեմ միայն, որ մայիսյան հերոսամարտերի համար գնահատման ելակետ ընդունել այն իրողությունը, թե այդ հաղթանակները կերտվեցին համաժողովրդական համախմբման, փոցխ ու բահով զինված աշախարհազորի և նման այլևայլ իրողությունների շնորհիվ, ինչպես սիրում են ասել մեր մի շարք հասարակական և գիտական շրջանակներ, սխալ է: Դրանք քարոզչական կլիշեներ են ընդամենը: Իրականությունն այն է, որ մայիսյան հերոսամարտերը մենք շահեցինք այն բանի շնորհիվ, որ հայ ժողովուրդը պահպանել էր իր այն տեսակը, որը մեր քաղաքակրթական ներուժի միակ արտահայտությունն էր մնացել: Դա մեր վառ անհատականությունների այն բույլն էր, որ համախմբված էր որոշակի քաղաքական ուժի շուրջ: Իմ նշած քարոզչական շղարշը, քարոզչական կլիշեները, ավելի ուշ շրջանում են սըեղծվել՝ որոշակի դաստիարակչական նպատակներով, որոնց նշանակությունը ես չեմ կարող հերքել: Բայց իրականությունն այն է, որ այն ինչ տեղի ունեցավ, մեր ժողովրդի գաղափարական փոքրամասնության ինքնազոհաբերումն էր՝ հանուն ժողովրդի փրկության: Կարող եմ ասել նաև, որ այդ ինքնազոհաբերության պատմությունը մասամբ է միայն գրվել, եթե չասենք՝ դեռևս չի գրվել:

-Ովքե՞ր էին ոգևորողները, և որն էր նրանց անփոխարինելի դերը այս ամենում:

-Մայիսյան հերոսամարտերի կազմակերպման գաղափարական կողմը ապահովել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Դա միանշանակ է: Իսկ հիմնական դերակատարները եղել են հայ սպայության միջին շերտը՝ ոչ վերնախավը, և Դաշնակցության մարտական թևը: Այս երկուսի համաձուլվածքն է կերտել մեր հաղթանակը: Մենք հաղթեցինք, երբ բոլոր գործոններն էին մեր դեմ, երբ բոլոր ֆակտորները ցույց էին տալիս, որ հայ ժողովուրդը՝ արդեն ցեղասպանված, գազանի երախում է և գազանի երախից նրան արդեն ոչ ոք չի կարող հանել: Այս պայմաններում էր, որ տեղի ունեցավ իմ նշած աննախադեպ ինքնազոհաբերումը, որն ամենևին էլ համաժողովրդական չէր ու չէր կարող լինել: Կային փախուստի տրամադրություններ, խուճապ, և դա, գրեթե, համընդհանուր էր, բայց այդ պայմաններում գտնվեցին մարդիկ, ովքեր կարողացան հաղթանակ տանել, հաղթանակ՝ արդեն վճռված ճակատագրի նկատմամբ: Այն որ ասում են Հանրապետությունը ձևավորվեց որոշակի առարկայական պատճառներով, ինչ-որ տեղ պատահական, այդ բոլորը սուտ է: մենք դրան հասանք մեր հաղթանակների շնորհիվ: Այդ ճակատամարտերում մենք հաղթանակ տարանք մեր ճակատագրի նկատմամբ, որ ինքնին եզակի բան է նույնիսկ համաշխարհային պատմության մեջ: Մի ամբողջ կայսրության, որ տվյալ ժողովրդի մեծամասնությանն արդեն ոչնչացրել էր ու գալիս էր մնացածին ոչնչացնելու, հանկարծ հանդիպում է մի փոքր զորամիավորման (Հայկական կորպուսը, որ ստեղծվել էր 1917 թ. Ազգային խորհրդի և Դաշնակցության ջանքերով) և այդ զորամիավորման հետ համախմբված սպաների ու դաշնակցական գործիչների կազմակերպած դիմադրությանը: Ահա այս մարդկանց ինքնազոհաբերման գնով միայն հնարավոր դարձան մեր հաղթանակները՝ Սարդարապատը, Բաշ-Ապարանը, և, իհարկե, Ղարաքիլիսան, որ այս շղթայի գլխավոր ճակատամարտն էր:

-Վերադառնանք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրմանը: Պարոն Խուդինյան, կայի՞ն արդյոք անկախանալու անհրաժեշտ օբյեկտիվ նախադրյալները, թե՞ դա հնարավոր եղավ իրավիճակային ինչ-ինչ հանգամանքների բերումով:

-Ես այդ մասին վերևում արդեն ակնարկեցի: Ասեմ, որ անկախության գաղափարը մեր ժողովրդին երբեք էլ չի լքել: Այդ շրջանում անկախության նույնիսկ մի քանի ծրագրեր կային՝ առաջարկված տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից: Արևելյան Հայաստանի անկախությունը, սակայն, կար միայն Դաշնակցության ծրագրերում, իսկ մյուսները համարում էին, որ սա Ռուսաստան է: Ըստ Դաշնակցության ծրագրի՝ Հայաստանը սոսկ ինքնավարություն պետք է լիներ Ռուսական կայսրության կազմում: Ստեղծված պայմաններում, երբ արդեն Վրաստանը անկախություն հռչակեց, երբ թաթարների կամ կովկասյան թուրքերի ազգային խորհուդը նույնպես գնաց այդ քայլին՝ ոգևորված Թուրքիայի առաջխաղացմամբ, Հայոց Ազգային խորգհուրդւ ուղղակի այլ որոշում կայացնելու հնարավորություն չուներ: Անկախության հռչակումն էր միակ հնարավորությունը հայկական մարզերի վրա մեր իշխանությունը տարածելու: Հայկական մարզերի գոնե մի մասի վրա:

-Կուզենայինք, որ անդրադառնայիք Արամ Մանուկյանին: Ո՞րն էր նրա դերակատարությունը մայիսյան հերոսամարտերում և դրանցից հետո, ո՞րն է նրա դերն առհասարակ մեր պետմության մեջ:

-Գիտեք՝ այսպիսի խնդիր կա, որ բազմիցս արծարծվում է, բայց իր լուծումը չի ստանում: Իրեն հարգող ամեն մի ազգ, ամեն մի ժողովրդավարական պետություն ունի այսպիսի հասկացություն՝ պետության հիմնադիր հայրեր: Ամերիկայի Միացյալ նահանգներն, օրինակ ունի իր Ջորջ Վաշինգտոնին կամ Թոմաս Ջեֆերսոնին, ովքեր պետություն ու սահմանադրություն են ստեղծել: ԱՄՆ յուրաքանչյուր նոր նախագահ նրանց առջև գլուխ է խոնարհում՝ չնայելով հանրապետական են նրանք, թե դեմոկրատ: Մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, հիմնադրվել է 1918 թվականին և այդ պետությունն ունի իր հիմնադիր հայրերը, ովքեր մինչ օրս իրենց կարգավիճակին համապատասխան չեն գնահատվում մեր պետության կողմից: Սա առաջին հերթին ժողովրդավարական արժեքների նկատմամբ ոչ լիակատար վստահության հետևանք է: ժողովրդավարության պայմաններում ոչ մի նշանակություն չունի, թե Արամ Մանուկյանը ո՞ր կուսակցության անդամ էր, ի՞նչ քաղաքական ուղղության էր հետևում: Նա պարզապես նոր ժամանակների մեր պետության հիմնադիր հայրերից մեկն է: Այդպիսի մեծությանը չի կարելի գնահատել որպես ներքին գործոց նախարար կամ չի կարելի նրա արձանը տեղադրել Ներքին գործերի նախարարության շենքի առջև: Նրան պետք է վերաբերվել որպես պետության հիմնադիր հայր և գնահատել միայն այդ տեսանկյունից: Արամ Մանուկյանը մեր ժողովրդի պատմության մեջ այն եզակի անձնավորությունն է, ով կարողացավ հեղափոխական գործչի, ազգային ազատագրական պայքարի գործչի պետական մտածողության տեր գործչի հատկությունները զուգորդել և դրանք ուղղել մեկ նպատակի: Այդ ծանրագույն պայմաններում, երբ Արարատյան դաշտավայրում էթնիկ և դեմագրաֆիկ շատ վատ պատկեր ունեինք, երբ թուրքական բանակն էր հարձակվում, կարողացավ լուծել մի խնդիր, որ ինքն էր հստակ ձևակերպել՝ մենակ ենք, ուրեմն մենակ պիտի պաշտպանենք մեր և արտաքին ճակատը և ներքին: Եվ նա կարողացավ այդ «մենակի» գաղափարը իրականացնել՝ հենվելով հարազատ կուսակցության, ինչպես նաև սպայության միջին շերտի վրա:

-Պարոն Խուդինյան, հետաքրքիր է, թե այդ ժամանակաշրջանում ի՞նչ դեր ու նշանակություն է ունեցել մեր եկեղեցին:

-Ես շատ բարձր եմ գնահատում եկեղեցու խաղացած դերը: Հայաստանյայց եկեղեցին, մենք գիտենք, Սարդարապատի հերոսամարտի ոգևորողներից մեկն էր: Գիտենք Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի հայտնի ուղերձը, որ ինքը չի գնա Բյուրական այլ կմնա Էջմիածնում, գիտենք նրա աղոթքը, գիտենք այն հրաշքի մասին, որ իբր կատարվեց այդ աղոթքի շնորհիվ՝ երբ Արաքսը սարսափելի վարարեց ու խանգարեց թուրքերին շրջանցել Սարդարապատը: Այս ամենն, իհարկե միայն ոգևորում էր: Բայց… Այստեղ մի բայց կա: Ասում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցություն և հայաստանյայց եկեղեցի: Ես մի պատմական փաստ բերեմ՝ մեկնաբանությունը թողնելով ձեզ և հեռուստադիտողին: Բանն այն է, որ սկսած Խրիմյան կաթողիկոսի ժամանակներից, մինչև Գևորգ Սուրենյանց և Խորեն Մուրադբեկյան մեր հայտնի կաթողիկոսը, հայաստանյայց եկեղեցու պարզ, կրոնական ղեկավարներ չէին: Նրանք նաև քաղաքական դեմքեր էին, և նրանց այդ պաշտոնում առաջադրելու գործում նորից վճռական դեր էր խաղում Դաշնակցությունը: Հստակ է, որ Սուրենյանցը միայն հոգևոր դեմք չէր: Նա նաև ներկայացնում էր մի որոշակի քաղաքական ուղղություն տվյալ հոգևոր հաստատության մեջ: Սա մի նրբություն է, որ դեռ պահպանվում է Կիլիկիո մեր կաթողիկոսության մեջ: Այո, պետք է ընդունել որ Դաշնակցությունն ու եկեղեցին մեծ դերակաարություն ունեցան: Բայց ոչ թե եկեղեցու այն պահպանողական շերտը, որ ասում էր հնազանդ եղիր, երբ մի երեսիդ խփում են մյուսը դեմ տուր, այլ այն շերտը, որ մարմնավորում էր Դաշնակցության քաղաքական ուղղությունը եկեղեցում՝ շնորհիվ Գևորգ Սուրենյանցի և, իհարկե, Գարեգին Հովսեփյանի:

-Եվ շատ հետաքրքիր է, պարոն Խուդինյան, թե մեր դասագրքերում ինչպես են նկարագրվում 1918 թվականի հերոսամարտերը:

-Դասագրքերում այսպես է գրված՝ դա համաժողովրդական պայքար էր, ամենակարևորը Սարդարապատն էր, սարդարապատն է պահվում ուշադրության կենտրոնում: Մինչդեռ ռազմագիտական առումով Սարդարապատը միայն առաջին պահն էր: Երբ ղարաբաղյան գունդը հարձակման անցավ և խփեց հակառակորդին, բեկում առաջացավ ընդհանուր մտայնության մեջ: Բայց հիմնական ճակատամարտը տեղի է ունեցել Ղարաքիլիսայում: Իսկ ահա, վերջնարդյունքի առումով էլ, ամենակարևորը Բաշ-Ապարանում մեր զորքերի խելահեղ հարձակումն էր, որ տեղի ունեցավ 1918 թվականի հենց այս օրը՝, մայիս 28-ի առավոտյան: Այդ ճակատամարտի ելքը որոշեց ոչ թե աշխարհազորը, ինչպես սխալմամբ պնդում են ոմանք, այլ Դրոյի՝ մարտի նետած 700 հոգանոց ընտիր հեծելազորը, որ փախուստի մատնեց թուրքորին: Հակառակորդն այնպես էր փախչում, որ Դրոն անգամ զարմացել էր: Ասում էր՝ տղերք, պոչերից բռնեք, որ շատ հեռու չփախչեն: Այդ մարտում զոհվեց հեծելազորի 160 մարտիկ, այդ թվում և նրանց հրամանատար հայտնի Զեմլյակը՝ Հարություն Նանումյանը, որի արձանը պիտի առաջին հերթին կանգնեցնեն ապարանցիները, որովհետև այդ մարդը գնաց ինքնազոհության:

-Եվ վերջին հարցը, Պարոն Խուդինյան, ի՞նչ նախադրյալներ ստեղծեց 1918 թվականի Հայաստանի Հանրապետությունն այսօրվա Հայաստանի համար և որոնք են մեր առաջին հանրապետության թողած դասերը:

– Առաջին հանրապետությունը հայոց պետականության ձևավորման առաջին հանգրվանն է; Դրանից հետո մենք պետականություն անընդհատ ունեցել ենք՝ կար առաջին հանրապետությունը, ապա երկրորդ և այժմ էլ՝ երրորդ հանրապետությունը, թեև որոշ մասնագետներ խորհրդային ժամանակաշրջանը համարում են ոչ լիարժեք պետականության շրջան: Դա հասկանալի է: Բայց բոլոր այն ինստիտուցիոնալ համակարգերը, որոնք այսօր էլ գործում են, հիմնադրվել են մեր առաջին հանրապետության օրոք ու շնորհիվ: Թվարկելու կարիք չկա՝ սկսած օրենսդիր և գործադիր իշխանությունից, վերջացրած համալսարանով և մնացած նույնիսկ աննշան հաստատություներով: Այդ ամենի հիմքը դրվեց առաջին հանրապետության տարիներին և դրվեց ծանրագույն պայմաններում՝ սովի, համատարած տիֆի պայմաններում, երբ նույնիսկ պետության հիմնադիրն ինքը չկարողացավ զերծ մնալ այդ համաճարակից: Չնայած այդ ամենին, նորից ասեմ, շնորհիվ մեր գաղափարական փոքրամասնության, նրա բարոյական որակների, նրա նվիրվածության, ստեղծվեց այդ պետությունը: Եվ այդ պետությունը թողեց մի կարևոր դաս, որ երբ կա գաղափարը, այդ գաղափարից մարմին է ծնվում, իսկ երբ գաղափարը հանում ես, մարմինը քայքայվում է; Այս դասն է, որ պիտի վերցնեն մեր հաջորդ սերունդները: Առանց պետության հոգեմտավոր ֆունկցիայի, առանց իդեալի, առանց տեսլականի, առանց գաղափարի պետություն չի կարող լինել՝ ինչքան ուզում եք՝ հարստացեք, ինչքան ուզում եք՝ բարեկեցիկ եղեք:

Տպել Տպել