Տանկն էլ է ամուր զրահատեխնիկա, բայց տանկով չես կարող վար անել

ԱրծվիկԱզգային ժողովում 2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառaվարությունն ու Կենտրոնական բանկը պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում: Պատգամավորը նշեց, որ խոսում են կայուն բանկային համակարգի մասին, «տանկն էլ է ամուր զրահատեխնիկա, բայց տանկով չես կարող վար անել բոստանում»:

«Կարող եք ամուր բանկային համակարգ ունենալ, որը թույլ չի տա ռիսկի ներթափանցում, բայց դրա արդյունքում կորցնում եք տնտեսությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ երբ երկու համակարգեր փորձում են իրար հետ ինտեգրել, և այդ համակարգերը չունեն նույն մակարդակը, դրանք անհամատեղելի են: Բանկային համակարգն, ըստ Մինասյանի, «խեղդել» է ֆինանսական համակարգի մյուս ճյուղերը, արդյունքում չունենք կապիտալի, ապահովագրական շուկաներ:

Անդրադառնալով գնաճի զսպման քաղաքականությանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց հաշվարկով՝ մոտ 2 տոկոս գնաճային ճնշման կբերի գազի գնի, 1.8-2 տոկոս էլ՝ էնեկտրաէներգիայի գնի բարձրացումը: «Ի՞նչ է անում կառավարությունը՝ որպես հարկաբյուջետային քաղաքականության օրգան, որը պետք է ապահովի տնտեսության համընթաց զարգացումը: Կառավարությունն ասում է, որ՝ ես համաձայն եմ Կենտրոնական բանկի հետ: Իսկ ի՞նչ է անում Կենտրոնական բանկը՝ վերցնում է, կրճատում փողի քանակը, ասում է՝ մարդկանց ձեռքը թող փող չլինի, որ գնաճ չլինի»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

Lragir.am

Տպել Տպել