ԱՄՆ Գերագույն դատարանը չի քննի հայերի համար անբարենպաստ որոշումը

supreme_court_building1Վաշինգթոնից ստացված հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հայտնել է, որ չի վերանայի 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին ապահովագրական ընկերությունների փոխհատուցումներ վճարելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի օրենքը։

Դատարանը, մասնավորապես, մերժել է Հարի Արզումանյանի հայցն ընդդեմ «Մյունխեներ Ռե» ապահովագրական ընկերության։ Արզումանյանը եւ հայցվորներ Հարո Այալթինը, Միրան Խագերյանը, Արա Խաջերյանը` Հայոց ցեղասպանության իրավահաջորդներ, հատուցում են պահանջել «Մյունիխ Ռե» վերաապահովագրական ընկերությունից։ Այն հիմնադրվել է հեռավոր 1880 թվականին եւ այսօրվա դրությամբ ապահովագրում է մոտ 150 երկրներում գործող ապահովագրական ընկերությունների աշխատանքը։

Հայցը 2003 թվականին առաջինը ներկայացրել է փաստաբան Վարդգես Եղիայանը, այն քննարկվել եւ բողոքարկվել է տարբեր ատյաններում եւ հասել ԱՄՆ Գերագույն դատարան։

9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի մեկնաբանությամբ, ապահովագրական ընկերությունների դեմ հայցեր ներկայացնելու իրավունք ցեղասպանության իրավահաջորդներին տրամադրող Կալիֆորնիայի նահանգի օրենքը հակասության մեջ է մտնում դաշնային օրենքների հետ, քանի որ խոչընդոտում է օտար երկրների հետ հարաբերություններին։

Կալիֆորնիայի տեղական խորհրդարանը` Կոնգրեսը, 13 տարի առաջ ընդունել է օրենք, որը նահանգի դատարաններին թույլատրել է ընդունել 1875-1923 թվականներին Եվրոպայում եւ Ասիայում հայերի հետ ապահովագրական ընկերությունների կնքած պայմանագրերի հետ կապված փոխհատուցման հայցերը։

Հետագայում Կոնգրեսը երկարաձգել է օրենքի վաղեմության ժամկետը, սակայն 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանն անցյալ տարի վճռել է, թե այդ օրենքը խոչընդոտ է դառնում Թուրքիայի հետ հարաբերությունների համար։

ԱՄՆ-ը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը շաբաթներ առաջ կոչ է արել Գերագույն դատարանին չընդունել հայցը եւ անփոփոխ թողնել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի վճիռը։

Հայերի շահերը պաշտպանող լոբբիստական կառույցները, ինչպես նաեւ փաստաբանները պնդում են, որ այդ որոշումը մի քանի առումներով սխալ է եւ նույնիսկ ահհեթեթ, քանի որ պատասխանող կողմը տվյալ դեպքում ոչ թե Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունն է, այլ եվրոպական ապահովագրական ընկերությունները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր հիասթափությունն ու մտահոգությունն է հայտնել Գերագույն դատարանի որոշման կապակցությամբ եւ հավաստիացրել է, որ շարունակելու է պայքարը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ թեպետ կոնկրետ այս դատը կարելի է համարել ավարտված, բայց իրականում սա շատ ավելի մեծ խնդիր է, որը դեռ լուծում չի ստացել։ Նրա փոխանցմամբ, խոսքը ֆեդերալ եւ նահանգային իշխանություննեի իրավասությունների մասին է։

«Արդյո՞ք իրավունք ունեն ապահովագրական ընկերությունների կողմից խաբված մարդիկ պայքարել իրենց իրավունքների համար։ Ամերիկայի կառավարությունն ասում է, որ դա ֆեդերալ իրավասություն է, քանի որ առնչվում է այլ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին։ Մինչդեռ, տեղական մակարդակում ասում են, որ դա նահանգի իրավունքն է»,- ասել է Էլիզաբեթ Չուլջյանը։

Հայ դատի հանձնախմբի խոսնակը մեկ այլ հակասության մասին է խոսում։

«Ֆեդերալ իշխանությունները 95 տարի այդ հարցը չեն լուծել, հիմա ինչպե՞ս են փորձում հարցը լուծելու իրավունքից զրկել նահանգի իշխանություններին»,- ասել է Էլիզաբեթ Չուլջյանը։

Նրա խոսքերով, հետագայում այլ նահանգներում կարող են ի հայտ գալ միանգամայն այլ խնդիրներով դատական գործեր, կարող է այնպես ստացվել, որ վերաքննիչ դատարաններից մեկը նման իրավիճակում կընդունի այսօրվա որոշմանը հակառակ վճիռ։ Այդ դեպքում Գերագույն դատարանը չի կարող հայցը չքննարկել, քանի որ չի կարող ուժի մեջ պահել երկու իրարամերժ որոշում։ Նման նախադեպեր ԱՄՆ-ի դատական պրակտիկայում եղել են, նահանգ առ նահանգ փոխվել է հանրության վերաբերմունքը այս կամ այն խնդրի նկատմամբ, գրանցվել են նախադեպեր, ապա տարածվել եւ դարձել օրինաչափություն։

«Կա երկար ճանապարհ, որի ընթացքում ունենում ես հաղթանակներ եւ նահանջներ։ Կա մի խոսք` «դուռը փակում են, պատուհանից ես մտնում», ահա նման վիճակ է։ Հիմա պետք է նոր ուղղություն գտնես եւ շարունակես ճանապարհը»,- ասել է Էլիզաբեթ Չուլջյանը։

azatutyun.am

Տպել Տպել