Ազգային համաձայնութեան ընտրական միավորման յայտարարութիւնը


Ազգային համաձայնութեան ընտրական միաւորումը քաղաքական պայքարի մէջ մտաւ մտահոգուած մեր ժողովրդի եւ հայրենիքի ներկայ վիճակով, առաջնորդուելով երկրում առկայ կացութիւնը շտկելու պատասխանատուութեամբ: Մենք ՀՀ նախագահական ընտրութիւնները դիտում էինք իբրեւ ստեղծուած իրողութիւնը ժողովրդավարական ճանապարհով արմատապէս վերափոխելու հնարաւորութիւն եւ համոզուած էինք, որ մեր քաղաքական միասնութիւնը հասարակութեան խորացող քայքայմանը վերջ դնելու եւ ազգային միասնականութեան կայացման պատմական առիթ է: Հետագայ օրերի իրադարձութիւններն ապացուցեցին, թէ մեր ժողովրդի մէջ որքան խորն է երկրում համակարգային փոփոխութիւններ իրականացնելու, անկախ, արդար, ազատ ու բարգաւաճ հայրենիք ունենալու գիտակցուած ձգտումը: Սեպտեմբերի 22ին ժողովուրդն իր ազատ կամքի դրսեւորմամբ, քաղաքակիրթ եղանակով իշխանութիւն փոխելու վճռական քայլ կատարեց:

Սակայն ՀՀ ներկայ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն ու իր շրջապատը փորձում են հերթական անգամ արհամարհել ժողովրդի կամքը՝ կեղծելով ու նենգափոխելով 1996 թուականի Սեպտեմբերի 22ի նախագահական ընտրութիւնների իրական արդիւնքները: Այդ նպատակով նրանք զանգուածաբար խախտեցին ընտրութիւնների մասին օրէնքը, համատարած բացայայտ կեղծիքներ իրականացրեցին, բռնութիւններ կիրառեցին յանձնաժողովների անդամների եւ վստահուած անձանց նկատմամբ: Այնուհանդերձ, Լ. Տէր-Պետրոսեանի պարտութիւնն այնքան ակնյայտ էր, որ նոյնիսկ նշուած կեղծիքներով հանդերձ արդիւնքը բաւարար չէր առաջին փուլում նրան յաղթող յայտարարելու համար: Սեպտեմբերի 23ին, չսպասելով Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովի նախնական տուեալների հրապարակմանը, Լ. Տէր-Պետրոսեանը իրեն յաղթող հռչակեց եւ շնորհաւորեց իր □թիմին□, ինչն իրականում հրահանգ էր՝ ամէն գնով պաշտպանել նման «յաղթանակը»:

Ժողովրդի եւ միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանի նախընտրական շտաբի՝ ընտրութիւնների իրական արդիւնքներն արձանագրելու, կեղծիքները հրապարակայնօրէն բացայայտելու պահանջներին, իշխանութիւնները պատասխանեցին սադրանքներով ու կրակոցներով, Երեւանի զինուած պաշարումով: Ձերբակալուեցին ու բռնութեան ենթարկուեցին տասնեակ մարդիկ՝ այդ թւում ընդդիմութեան ղեկավարներ, Վ. Մանուկեանի վստահուած անձինք, նախընտրական շտաբի անդամներ, ընտրութիւնների արդիւնքների վերլուծութեամբ զբաղուողներ: Այս ամէնից յետոյ միայն ԿԸՅի յայտարարեց ընտրութիւնների խեղաթիւրուած արդիւնքը, ըստ որի, Տէր-Պետրոսեանը շուրջ 20 հազար ձայնով յաղթահարել է 50 տոկոսի սահմանը եւ ընտրուել ՀՀ նախագահ: Արդիւնքում Հայաստանը յայտնուեց քաղաքական խոր ճգնաժամի մէջ, իսկ ՀՀ նախագահական ընտրութիւնները ներ-պետական ներազգային խնդրից վերաճեցին միջազգային խնդրի՝ մեծ հարուածի տակ դնելով մեր երկրի հեղինակութիւնն ու վարկը:

Ժողովրդավարութիւնից լիովին հրաժարուելը, ընտրութիւնների յայտարարուած արդիւնքների հրապարակային ստուգման արդարացի պահանջի մերժումը, փաստական բռնիշխանութեան հաստատումն այսօր ծանր կացութեան են մատնել Հայաստանի Հանրապետութիւնն ինչպէս ներքին, այնպէս էլ միջազգային ասպարէզում՝ վտանգելով մեր երկրի բնականոն, ժողովրդավարական ճանապարհով զարգացումը: Արձանագրելով այս իրողութիւնները, յայտնելով օրինական եղանակներով իր պայքարը շարունակելու վճռականութիւնը, ազգային համաձայնութեան ընտրական միաւորումը միաժամանակ յայտարարում է, որ ժողովրդի կամքը ոտնահարելու եւ բռնիշխանութիւն հաստատելու փորձերը դատապարտուած են ձախողման, յանգեցնում են պետութեան ողջ համակարգի կազմալուծմանը եւ ծանր հարուած են հասցնում երկրի ապագային: Ստեղծուած իրավիճակում մեր նպատակն է հասնել Սեպտեմբերի 22ի քուէարկութեան իրական արդիւնքի բացայայտմանը: Մենք յայտարարում ենք, որ պատրաստ ենք հրապարակային երկխօսութեան ներկայ իշխանութիւնների հետ: Միաժամանակ` շեշտում ենք, որ անընդունելի է իշխանութիւնների հետ այնպիսի համաձայնութիւն, որը կը լինի գործարք ի հաշիւ ընտրութիւններում արտայայտած ժողովրդի կամքի:

Մենք գտնում ենք, որ անհնար է խօսել ժողովրդավարութեան հաստատման մասին մի երկրում, որտեղ իշխանութիւնը չի ընտրւում ժողովրդի իրական քուէով: Իսկ առանց ժողովրդարութեան Հայաստանը դատապարտուած է յետամնաց, աղքատ պետութեան ճակատագրի, ինչը նաեւ խիստ վտանգում է մեր ազգային անվտանգութիւնը:շ

Ընտրութիւնների իրական արդիւնքի բացայայտման նպատակով մենք չենք բացառում Սահմանադրական Դատարան դիմելը: Միաժամանակ` գիտակցելով Սահմանադրական Դատարանի կախուածութիւնը ներկայ իշխանութիւններից, ընդգծում ենք, որ այդ մարմնի արդարացի որոշումը ներկայ նախագահի եւ նրա մերձաւորների համար բացառիկ հնարաւորութիւն է հակաժողովրդական, հակաօրինական գործողութիւնների մէջ էլ աւելի չխորանալու համար: Սահմանադրական դատարանից մենք ակնկալում ենք ընտրութիւնների ընթացքում կատարուած կեղծիքների անկողմնակալ բացայայտում: Ըստ այդմ՝ հնարաւոր կը լինի պարզել՝ ընտրուա՞ծ է, արդեօք, նախագահ, անհրաժե՞շտ է անցկացնել երկրորդ փուլ, թէ՞ խախտումներն այնքան շատ են, որ նախագահական նոր ընտրութիւններ պէտք է կազմակերպել: Եթէ ՀՀ նախագահական ընտրութիւնները ժողովրդի արդարութեան օրինական ձգտմանը բաւարարող արդիւնք չտան, ապա ոչ մի կադրային փոփոխութիւն, ոչ մի խորամանկութիւն չեն քողարկի այն պարզ իրողութիւնը, որ Հայաստանում չի գործում ընտրութիւնների՝ բնակչութեան կամքն արտայայտող ժողովրդավարութեան հիմնարար սկզբունքը: Պարզ կը դառնայ, որ Հայաստանը պատկանում է ոչ թէ ժողովրդին, այլ մի խումբ մարդկանց՝ Լ.Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ: Այդ դէպքում անիմաստ կը լինի Հայաստանում ընդհանրապէս որեւէ կարգի ընտրութիւնների մասնակցելը:

Մենք վստահ ենք, որ ընտրութիւնների իրական արդիւնքի բացայայտումը Հայաստանի ողջ բնակչութեան ցանկութիւնն է, եւ մեր ժողովուրդը միասնաբար կ՚աջակցի այդ գործընթացին: Ընտրութիւնների արդիւնքների վերստուգման քայլերից առաջ պարտադիր ենք համարում անօրինական հետապնդումների դադարեցումը եւ Սեպտեմբերի 25ի ժողովրդական յուզումների մասնակիցների ազատ արձակումը:

Ազգային համաձայնութեան ընտրական միաւորումը գտնում է, որ մեր պետութեան ղեկավար մարմինների լեգիտիմութեան ապահովումը օրէնքի ու օրինականութեան նկատմամբ Հայ ժողովրդի հաւատը վերականգնելու, Հայաստանը ժողովրդավարական մայրուղի տանելու միակ երաշխիքն է:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ կողմից՝
Վազգէն ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՄԱՆ(ՔՐԻՍՏՈՆԷԱՎԱՐՆԵՐ) կողմից՝
Պարոյր ՀԱՅՐԻԿԵԱՆ

«ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ կողմից՝
Լենսէր ԱՂԱԼՈՎԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ կողմից՝
Արամ ՍԱՐԳՍԵԱՆ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ կողմից՝
Ռուբէն ՅԱԿՈԲԵԱՆ

16 Հոկտեմբեր, 1996թ.

Տպել Տպել