«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը վերածվել է մշտապես գործող համանուն բարեգործական հինադրամի

ognirՀաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում երկարատև ճգնաժամի խորացումը հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում խաղաղության վերահաստատման հեռանկար կա, «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը վերածվել է մշտապես գործող համանուն բարեգործական հինադրամի:

Հիմնադրամը, հավատարիմ մնալով քաղաքացիական նախաձեռնության բարեգործական աշխատանքների ուղղվածությանը, շարունակելու է սիրիահայերին օգնության ծրագրերը: Չդադարելով աջակցել Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ անապահով ընտանքներին (սնունդ, դեղորայք և այլն), հիմնադրամը կատարելու է նաև աշխատանքներ սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման համար:

Այս ընթացքում հիմնադրամի ղեկավարությունը, սիրիահայերի դիմումների համաձայն, դիմել է կառավարությանը և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն բազմաբնակարան շենքի կառուցման համար, որը կառավարության կողմից կճանաչվի բարեգործական ծրագիր: Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն` քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Աշխատանքները սկսված են, և բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են գալ «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու և հետագա աշխատանքների մասին տեղեկանալու:

Տպել Տպել