Վարչապետն ասում է՝ օնլայն տեսեք ինչպես ենք գրիչ առնում, Վերահսկիչն ասում է՝ օնլայն տեսեք խախտումնե՞րը

Արմեն1ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հարց ուղղեց՝ կապված նրա ներկայացրած 2012-ի հաշվետվության հետ:

Նրա խոսքերով՝ «Հովիկ Աբրահամյանը մատը դրեց զարկերակի վրա, որի մասին մենք բոլորս ուզում էինք խոսել: Շատ լավ է, որ ԱԺ նախագահն ինքն է մտահոգություն հայտնում: Մենք մի աշխատաոճ ենք որդեգրել, որ բացարձակապես անհայտ է, թե հետո ուր ենք գնում: Լավ, բացահայտվեց, հետո ի՞նչ, ո՞ւր ենք այսպես ուզում գնալ հասնել: Վարչապետը հայտարարեց, որ օնլայն ռեժիմով կարող ենք տեսնել, թե անգամ մի գրիչը ինչ գնով ենք առնում, ումից ենք առնում եւ այլն: Բայց ձեր եզրակացությունը, որ կարդում ենք, դուրս է գալիս, որ մենք օնլայն ռեժիմով մեծ հանցանքների մասին տեղեկացնում ենք հասարակությանը: Լավ, եթե սենց պիտի աշխատենք, դուք էլ օնլայն ռեժիմով պատասխանեք այդ բոլոր ասածներին ու սենց մնա՞ վիրտուալ տարածքում: ՎՊ-ի գործառույթն այն է, որ մենք գործիք ունենք վերահսկելու բյուջեի ծախսերը: Դուք ձեր հաշտվետվության ոճը փոխեք, անդրադարձեք նախորդ հարցերի հետեւանքներին: Ասեք՝ պատասխանը ձեզ գոհացրե՞ց, թե՞ չէ: Եթե այսպիսի հետեւողականությամբ չվերահսկենք, մենք իմաստ չենք տեսնում այս հաշվետվությունների մեջ: Մենք մեր ոճով ստիպենք, որ իրենք անդրադառնան այս բաձրացված հարցերին, դրա արդյունքները տեսնենք»:

Իշխան Զաքարյանն ընդունեց Արմեն Ռուստամյանի կարծիքը: Նա մտահոգություն հայտնեց հայտնաբերված խախտումների ծավալի հետ կապված՝ «701 միլիարդի խախտումներ, որոնք վերաբերում են գնումների, շինարարության ոլորտին, մնացածը 301 միլիարդը թոշակ-նպաստ համակարգն է: Այս դաշտն անցանք: Ես լիովին կիսում եմ ձեր առաջարկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
aravot.am
13/06/2013

Տպել Տպել