Հայաստանում շուրջ 600 սիրիահայեր «Օգնիր եղբորդ» հիմնադրամում գրանցվել են Դավթաշենում բնակարան ստանալու համար

HelpYourBrotherՀայաստանում բնակվող շուրջ 600 սիրիահայեր արդեն գրանցվել են «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվելիք շենքում բնակարան ստանալու համար:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Վարդանյանը:

«Այդքան մարդ արդեն գրանցվել է, երբ «Օգնիր եղբորդ»-ը միայն քաղաքացիական նախաձեռնություն էր, իսկ որպես հիմնադրամ գրանցումները սկսվելու են երկուշաբթի օրվանից, որից հետո ավելի հստակ կլինի գրանցվածների թիվը»,- ասաց Վարդանյանը:Վահան

Նա նաև նշեց, որ դեռ հստակ չէ, թե ինչ սկզբունքով են բնակարանները հատկացվելու: Այդ սկզբունքը որոշելու են հիմնադրամի հոգաբարձուները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ երեսունհինգ ընտանիքներին՝ Վարդանյանը շեշտեց, որ հունիսին պատրաստվում են դարձյալ այցելել Արցախ սնունդ և դեղորայք տանելու համար:

«Այնտեղ հաստատված ընտանիքները հիանալի վիճակում են: Մենք երեք անգամ գումար ենք փոխանցել, և վերանորոգվել են նրանց բնակարանները: Բացի բնակարանից նաև հողատարածքներ ունեն»,- ասաց Վարդանյանը: Նա վերահաստատեց, որ «Օգնիր եղբորդ» հիմնադրամը շարունակելու է աջակցել Հայաստանում և Արցախում հաստատված սիրիահայերին:

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամը Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում սիրիահայերի համար բնակելի շենք կկառուցի:

Հիմնադրամի ղեկավարությունը սիրիահայերի դիմումների համաձայն դիմել է կառավարությանը և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն` բազմաբնակարան շենքի կառուցման համար, որը կառավարության կողմից կճանաչվի բարեգործական ծրագիր: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Աշխատանքները սկսված են և բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են այցելել «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու և հետագա աշխատանքների մասին տեղեկանալու համար:

armenpress.am

Տպել Տպել