Հաղթողներ եւ պարտվողներ չեն լինի. Կամ հաղթելու ենք բոլորս, կամ բոլորս պարտվելու ենք

Արմեն«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը

-Պարոն Ռուստամյան, «կողքից» նայելիս տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմությունը «հանձնվել» է՝ ձեռքերը վեր բարձրացրել եւ զենքերը վայր դրել իշխանության առաջ։ Ընտրություններում արձանագրած համեստ արդյունքնե՞րն են պատճառը։

-Մենք ասում ենք՝ պատճառները որոնք են։ Եթե ուզում ենք իրավիճակը փոխել, նախ պետք է հասկանանք՝ ինչն ենք ուզում փոխել։ Ընդդիմության հիմնական պրոբլեմը անհավասար մրցակցությունն է, որ գոյություն ունի Հայաստանի քաղաքական դաշտում։

Մենք չենք պարտվում Հանրապետականին որպես քաղաքական ուժի, այլ պարտվում ենք իշխող կուսակցությանը, որը տնօրինում է մեր իսկ ստեղծած պետության ողջ ռեսուրսը։ Սա նույնիսկ պարտություն էլ չէ։ Մի կողմից՝ ուզում ենք մեր պետական ռեսուրսը մեծացնել, որովհետեւ դրանով հզորանում է երկիրը՝ այս տարածաշրջանում ունենալով բազմաթիվ պրոբլեմներ, մյուս կողմից՝ մեծացնելով այդ ռեսուրսը, մեր ձեռքով ուղղում ենք մեր դեմ, այսինքն՝ իշխանության վերարտադրության քաղաքական պատվերի իրականացմանը։ Այս վիճակից պետք է ելք գտնել։

-Ո՞րն է ելքը։ Ակնկալում եք, որ իշխանությունը բարի կամք կդրսեւորի եւ «ջերմոցային» պայմաննե՞ր կստեղծի ընդդիմության համար։

-Ակնկալում եմ գիտակցված մոտեցում մեր երկրի ապագայի վերաբերյալ բոլոր, այդ թվում՝ նաեւ իշխանությունների կողմից։ Իշխանությունը հո պետության, ժողովրդի երկրի թշնամին չի. չեմ պատկերացնում մի հայ մարդ, որը չհասկանա, թե Հայաստանն այսօր ինչ լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած։ Դժբախտաբար սրա խորքային ընկալումը չեմ տեսնում։

Երբ տեղը գալիս է՝ խոսում են ժողովրդի, պետության շահերից, բայց երբ բանը հասնում է ընտրություններին, մոռանում են ընդհանուր խնդիրները, եւ մրցապայքարն այնպիսի անհաշտ, սուր դրսեւորումներ է ստանում, կարծես «խաղասեղանին» լինել-չլինելու հարց է դրված։

Պետք է հասկանանք, որ այսպես շարունակվելու դեպքում հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու. կամ հաղթելու ենք բոլորս որպես փոքր պետություն, կամ բոլորս պարտվելու ենք։ Այս գիտակցությունը եթե լինի, վստահ եմ, համաձայնեցված փոխզիջումային լուծումներ կգտնենք ու կգնանք առաջ։

Իհարկե, ընտրությունների արդյունքներով ընդդիմությունը հաջողություններ չունի, բայց գաղափարների, մոտեցումների, առաջարկվող լուծումների առումով բավական լուրջ հարցադրումներ է անում։ Ինչպիսի վերաբերմունք կդրսեւորի իշխանությունն այդ հարցերի նկատմամբ՝ դրանից կախված է ոչ միայն իշխանության ճակատագիրը, այլեւ երկրի հետագա զարգացումը։

Եթե իշխանությունը սա չհասկանա, նորից կկրկնենք այն պատմական սխալները, որ միշտ ունեցել ենք անմիաբանության, միմյանց չլսելու, ընդհանուրի շահը չտեսնելու հետեւանքով։

-Վարչապետը հայտարարեց, որ ընդդիմությունը եւս պատասխանատու է արտագաղթի համար, որովհետեւ թույլ է՝ մարդիկ, իրական այլընտրանք չտեսնելով, հեռանում են երկրից։ Ընդունո՞ւմ եք այդ մեղադրանքը։

-Ի՞նչ է նշանակում՝ այլընտրանք չեն տեսնում, դրա համար հեռանում են երկրից։ Եթե մարդիկ այլընտրանք են փնտրում, նշանակում է՝ ձեզ չեն ընդունում, այլընտրանք էլ չեն տեսնում, թողնում-գնում են։ Այսինքն՝ վատ եք կառավարում, որ մարդիկ այլընտրանք են ման գալիս. լա՛վ կառավարեք, որ այլընտրանքի կարիք չզգացվի։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ այլընտրանքի բացակայությունը վերջի սկիզբն է։ Խորհրդային Միությունը՝ այդ գերհզոր պետությունը, հենց այլընտրանք չլինելու պատճառով կործանվեց. կայսրության փլուզման գլխավոր պատճառներից մեկը տոտալիտար ռեժիմն էր, որ չէր ընդունում որեւէ այլ քաղաքական ուժի գոյությունը։ Մեզանում այսօր գրեթե նույն բանն է տեղի ունենում. մենք դե յուրե ընդունում ենք բազմակուսակցականությունը, բայց դե ֆակտո միակուսակցական համակարգ է Հայաստանում։ Հետո էլ ասում են՝ պատմական սխալներից դասեր ենք քաղել։

-Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ կոալիցիայի ներկայացուցիչների ընդգծված քննադատական ելույթները չե՞ն խոսում այն մասին, որ իշխանությունը համարժեք է գնահատում իրավիճակը եւ ուզում է ձերբազատվել կառավարման արատներից։

-Այս գործելակերպը նոր չէ. տեւական ժամանակ է՝ մեծամասնությունն այդ աշխատաոճն է որդեգրել. ավելի լավ է առաջինը մենք մատնանշենք թերությունները, որ ընդդիմադիրները խոսելու տեղ չունենան։ Մարդիկ սովոր են ամեն ինչ իրենցով անել, մոնոպոլացրել են ամեն ինչ՝ քաղաքականությունը, տնտեսությունը, մնացել է ընդդիմադիր դաշտը, հիմա էլ այդ դաշտն են ուզում իրենցով անել՝ ամեն տեղ իրենք պիտի լինեն։

Սա աբսուրդ է, իհարկե, դրա համար էլ ասում եմ՝ սա կործանման սկիզբն է։ Եթե անկեղծ են, Ա-ն ասելուց հետո Բ-ն էլ պետք է ասեն, զղջան, ապաշխարեն՝ խոստովանությունը առանց ապաշխարության ցինիզմ է։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

armworld.am

Տպել Տպել