Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է համանախագահների հայտարարությանը

ANCAԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը սկզբունքորեն դեմ է կարգավորման ցանկացած բանաձեւի, որով պահանջում են Հայաստանից եւ Արցախից գնալ որեւէ զիջման:

Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մեկնաբանության մեջ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների վերջին հայտարարության հետ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր հայտարարությունը տեղադրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սկզբունքորեն դեմ է կարգավորման ցանկացած բանաձեւի, որով պահանջում են Հայաստանից եւ Արցախից գնալ որեւէ անվտանգության ռազմավարական եւ անվերադարձ զիջումների՝ Ադրբեջանի կողմից հետագա գործողությունների մասին լղոզված խոստումների դիմաց»,-ասված է հայտարարությունում:

ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը

naxagahner
ԼՂՀ հիմնախնդրի շուրջ այսօր հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները:

«Մենք մեր խոր ափսոսանքն ենք հայտնում, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փորձեն լուծում գտնել՝ հիմնված փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա, շարունակում են ձգտել միակողմանի ելքի»,-ասված է Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի համատեղ հայտարարության մեջ։

«Համոզված ենք, որ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումը, որը կարող էր խաղաղ կարգավորման հանգեցնել, անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա»,- ասված է հայտարարության շարունակության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ՝ որևէ դրույթի նախապատվություն տալու ցանկացած փորձի պարագայում հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը բացառվում է։

«Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ վերահաստատել Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը, մասնավորապես՝ ուժի և սպառնալիքի անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Տպել Տպել