Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը միանում է մարդկության դեմ հանցագործություններին նպաստող երկրների ընկերություններում ներդրումները բացառելուն

ANCAԱմերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի ներկայացուցիչները միացել են «Ներդրումներ Ցեղասպանության դեմ» ընկերությանը եւ մասնակցել ամերիկյան խոշոր ներդրող հանդիսացող Fidelity հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ցեղասպանություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին նպաստող ռեժիմներին օգնող ընկերություններում ներդրումներից խուսափելու հարցը:

Հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպմանը մասնակցել են Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը եւ Հայ դատի ակտիվիստ Տիգրան Կալիգյանը:

Հանդիպման ժամանակ բաժնետերերը պահանջել են, որպեսզի հիմնադրամի ղեկավարող խորհուրդը թափանցիկ ընթացակարգեր իրականացնի՝ ցեղասպանություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին նպաստող երկրների ընկերություններում ներդրումները բացառելու համար:

Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանի խոսքով` Fidelity-ի բաժնետերերի հետ հանդիպումը ցույց է տվել, որ միլիոնավոր ամերիկացիներ ցանկանում են ներդրումներ անել այն ընկերություններում, որոնք կապված չեն ցեղասպանությունների հետ:

«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը եւ «Ներդրումներ ցեղասպանության դեմ» ընկերությունն իրենց գործունեությանը միջազգային ուղղվածություն կհաղորդեն՝ հանցավոր ռեժիմներին հատկացվող ֆինանսական աջակցությանը վերջ տալու համար»,-ասել է նա:

ԱՄՆ դաշնային օրենքը նավթային ընկերություններին եւ շատ այլ ընկերությունների արգելում է գործել Սուդանում: Որոշումը մեկնաբանվում է նրանով, որ Fidelitiy-ն եւ ամերիկյան շատ այլ ֆինանսական կառույցներ արտասահմանյան շատ նավթային ըկերություններում խոշոր ներդրումներ են անում, որոնք էլ իրենց հերթին ներդրումներ են անում Սուդանում` անուղղակիորեն օգնելով այդ երկրի կառավարությանը կողմից իրականացվող ցեղասպանությանը:

armenpress.am

Տպել Տպել