Նոր Հարավային Ուելսի պատգամավորը Թուրքիային կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանությունները

NaylՆոր Հարավային Ուելսի խորհրդարանական Ֆրեդերիկ Նայլը օրենսդիր խորհրդում Թուրքիային կոչ է արել հարգանքով վերաբերվել Ավստրալիայի պատմությանը և ճանաչել Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Նայլը ելույթ է ունեցել Oրենսդիր խորհրդում` հարգանքի տուրք մատուցելով «Անզացի» ավստրալացի զինվորների հիշատակին, ովքեր ականատեսն են եղել և օգնություն ցուցաբերել հայերին, հույներին և ասորիներին Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանության ժամանակ:

«Ժամանակակից Թուրքիայի և Ավստրալիայի միջև բարեկամությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և պատմական տարբերությունների փոխըմբռնման վրա: Թուրքիան և Ավստրալիան հաղթահարել են տարակարծությունները Գալիպոլիում մղված մարտերի վերաբերյալ, ուստի և պետք է հաղթահարեն նաև ասորական և հունական ցեղասպանությունների ճանաչման, Հայոց ցեղասպանության փաստի հաստատման մասին ակտերի շուրջ ունեցած տարակարծությունները»,- շեշտել է Նայլը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է օրենսդրի հայտարարությունը և հարգանքի տուրք մատուցել Գալիպոլիում զոհված ավստրալացի զինվորների հիշատակին:

Նայլի հաղորդագրությունը կապված էր Ավստրալիայում Թուրքիայի դեսպանի այն մեղադրանքների հետ, թե իբր Անզացի մասնակից զինվորների թիվը սխալ է հաշվարկված, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի սպառնալիքներին, որով ԱԳ նախարարն արգելում էր հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին աջակցած ավստրալացի քաղաքական գործիչներին այցելել Թուրքիայի Գալիպոլի թերակղզում 2015 թվականի Անզացի հիշատակի միջոցառումներին:

«Անզաց»-ն Ավստրալիայի ազգային տոներից է, որի ժամանակ ոգեկոչում են Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում զոհված ավստալիացի և նորզելանդիացի զինվորների հիշատակը: Յուրաքանչյուր տարի հազարավոր ավստրալացիներ ուխտագնացություն են կազմակերպում Գալիպոլի` ոգեկոչելու ընկած զինվորների հիշատակը:

armenpress.am

Տպել Տպել