Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի ընտրություններում

ZhamkochyanԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից) աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի անդամի ընտրություններում:

Կոնգրեսականը միացել էր Ժամկոչյանին աջակցող Մերիլենդի հայ համայնքի հարյուրավոր անդամներին հունիսի 17-ին կազմակերպված նախընտրական դրամահավաքի ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Ամերիկայի Հայ դատի գրասենյակից, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հայ համայնքի ընտրողներն աջակցում են Ժամկոչյանի քարոզարշավին` ամրապնդելու վերջինիս դիրքերը տեղական և պետական կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում ծրագրերի իրականացման գործընթացում` սկսած առողջապահությունից և կրթությունից, մինչև շրջակա միջավայրի պահպանություն և տնտեսություն:

Կոնգրեսական Փալոնեն անդրադարձել է Ժամկոչյանի հետ առողջապահական ոլորտում ունեցած իր երկար ու արդյունավետ աշխատանքային փորձին: «Նա (Ժամկոչյան) մեծ հարգանք վայելող անձնավորություն է և հիվանդների իրավունքների հզոր պաշտպան, նա անընդհատ աշխատում է ոչ առևտրային ոլորտում` պաշտպանելով հասարակության ամենախոցելի հատվածի առողջապահական իրավունքները: Որպես էներգետիկայի և առեւտրի պալատի առողջապահության ենթահանձնաժողովի անդամ` կարող եմ ասել, որ Հրանտը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև Մերիլենդի բնակիչների համար որակյալ և մատչելի առողջապահական ծառայություն ապահովելու ճշմարիտ պաշտպան է»,- նշել է կոնգրեսականը:

Հրանտ Ժամկոչյանը երկրորդ անգամ է ներկայացնում իր թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի անդամի ընտրություններին: Ժամկոչյանը սերում է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքից: Հայրը ազգությամբ հայ է, մայրը` ամերիկուհի:

armenpress.am

Տպել Տպել