Արմեն Մարտիրոսյանին մի քիչ մտածելը չէր խանգարի

armen12Իհարկե, մենք ուրախ ենք, որ Երևանի քաղաքապետարանում, ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից բացի, ի դեմս «Բարև Երևան» դաշինքի կա նաև ընդդիմադիր ուժ: Մեր կարծիքով՝ Արմեն Մարտիրոսյանը պետք է նկատած լինի, որ առնվազն ընդդիմադիր դաշտից «Բարև Երևանի» դեմ որևէ կեցվածք չի ընդգծվում, չկա նաև նրա գործունեության որևէ քննադատություն: Թվում էր՝ Արմենը պիտի շոյված զգար իրեն դրա համար, բայց, արի ու տես, որ ընդդիմության այդ լոյալ վերաբերմունքից Արմեն Մարտիրոսյանը ոչ թե շոյվել, այլ դարձել է ինքնահավան: Ինքնահավան այն աստիճան, որ սկսել է քննադատել ընդդիմադիր դաշտի մյուս ուժերին, որոնք եղել են իշխանություն կամ ինչ-որ կերպ մաս են կազմել իշխանությանը: Նա շատ թափանցիկ կերպով ակնարկում է ՀԱԿ-ին և հատկապես` Դաշնակցությանը՝ ընդգծելով, որ այդ ուժերի ազդեցությունն այսօր մեծ չէ, որովհետև՝ «…ցավոք սրտի, ընդդիմության ներսում կան անձինք, ովքեր իրենց քաղաքական ուժերի իշխանության մեջ եղած ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են եղել և պորտալարեր ունեն իշխանության հետ մինչև հիմա, որովհետև իշխանությունը մեզ մոտ չի փոխվել»:

Մի փոքր մանրամասնենք նրա «ապաքաղաքական» հայտարարությունը: Նախևառաջ` այս երիտասարդ պարոնը, եթե իրեն համարում է քաղաքական և կուսակցական գործիչ, առնվազն պարտավոր էր կոռեկտ լինել և ավելորդ չճամարտակել այլ կուսակցությունների կառուցվածքային հարցերի և ղեկավար մարմինների կազմի մասին: Մենք էլ հազար ու մի պատճառներ ունենք պահանջելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացվի «Ժառանգությունից», բայց, քավ լիցի, այդպիսի հարց չենք դնում, որովհետև, նախ՝ դաստիարակված ենք և ապա՝ շատ ծիծաղելի տեսք կունենանք կողքից նայողի համար:

Անցնենք առաջ: Կարելի է կռահել, որ Արմեն Մարտիրոսյանը, իշխանության հետ պորտալարով կապվածներ ասելով, կոնկրետ ՀՅԴ-ի դեպքում որ քաղաքական գործիչներին կարող է նկատի ունեցած լինել: Արմեն Մարտիրոսյանը,- ուզում ենք հավատալ, որ ինչ-որ մեկի թելադրանքով,- հանկարծ փորձել է իմաստախոսել այն մասին, որ իբր ՀՅԴ ղեկավար մարմինների անդամներն են մեղավոր, որ ՀՅԴ-ն չունի այն ազդեցությունը, ինչ կարող էր ունենալ, եթե այդ մարդիկ չլինեին ՀՅԴ ղեկավար կազմերում: Անկեղծ ասած՝ զարմանում եմ, թե ինչպես և ում ջանքերով է փողոցային այս տրամաբանությունը փոխանցվել Արմենին: Բայց դա էլ արդեն էական չէ: Նրան ընդամենը բացատրենք, որ իմանա, այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքական կուսակցությունները չեն ստեղծվում նրա համար որ իրենց գործունեության ընթացքում լինեն միայն ընդդիմություն:

Ժամանակի հետ նրանք, եթե հաջողակ են գտնվում, նաև կարողանում են իշխանության գալ և կամ մաս կազմել ձևավորված իշխանությանը: Բնական է նաև հակառակ պրոցեսը, երբ իշխանություն ունեցած կամ իշխանությանը մաս կազմած կուսակցությունն է անցնում ընդդիմություն: Սրանք հասարակ բաներ են, որ քաղաքական գործիչը պետք է իմանար և կուսակցությունների մասին դատողություններ անելիս չմոռանար, որ կուսակցությունները ոչ թե արհեստագործական հիմնարկներ են, այլ քաղաքական կառույցներ, որոնք գործում են քաղաքական դաշտում և իրենց որոշումները կայացնում են քաղաքական իրավիճակին համեմատ: Հատկապես, երբ ՀՅԴ-ն առաջնորդվում է միմիայն հայության շահով և ոմանց պես չի ստեղծվել, որ սպասարկի Արևմուտքի կամ Ռուսաստանի ցանկությունները:

Ես ուզում եմ հարց տալ Արմեն Մարտիրոսյանին՝ քանի՞ տարեկան էր Արմեն Մարտիրոսյանը, երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր միակ ուժն էր Հայաստանում: Այդ նույն մարդիկ, ում նա համարում է իշխանությունների հետ պորտալարով կապված, նախապես երբեք մաս չէին կազմել իշխանությանը: Այդ մարդկանց պայքարի շնորհիվ, հարգելի’ Արմեն, Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, ինչի արդյունքում նաև նրանց ներկայացրած կուսակցությունը դարձավ իշխանության մաս: Այդ մարդիկ, այո’, բարձր պետական և ընտրովի պաշտոններ զբաղեցրեցին՝ ԱԺ փոխնախագահից սկսած՝ մարզպետներով ու նախարարներով վերջացրած: Բայց որոշ ժամանակ անց, այդ նույն մարդիկ, իրենց իսկ որոշումով (աննախադեպ բան ՀՀ նոր անկախության պատմության մեջ) դուրս եկան կոալիցիայից և հրաժարվեցին իրենց պաշտոններից, որովհետև քաղաքական իրավիճակն էր դա թելադրում: Եվ ՀՅԴ-ն դարձավ ընդդիմություն հենց այն իշխանությանը, որի հետ որոշակի ճանապարհ էր անցել: Բայց դրանից Դաշնակցությունում առնետավազք չնկատվեց, ինչպես ոմանց պարագայում: Եթե դժգոհություններ էլ եղան, դրանք արծարծվեցին բացառապես դաշնակցական ժողովներում:

Հիմա գանք այն խնդրին, թե ինչու է ընդդիմությունն այսքան թույլ մեր երկրում: Չենք կարծում, որ Հայաստանում կգտնվի մի մարդ, որ դրա համար չմեղադրի առնվազն երեք հոգու՝ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին և… Րաֆֆի Հովհաննիսյանին: Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ սեփականաշնորհեց 2012 թ. խորհրդարանական, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ 2013 թվականի նախագահական ընտրությունները: Գագիկ Ծառուկյանն իր ընդդիմադիր կեցվածքներով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր միանձնյա առաջադրումով շահեցին ընդդիմադիր ձայները, և այդ երկու ընտրություններով, ահա, ունենք քաղաքական դաշտի այս պատկերը: Արմեն Մարտիրոսյանը, եթե իր մեջ գցի-բռնի, թե նախագահական ընտրություններից կարճ ժամանակ անց այդ ի՞նչ տեղի ունեցավ «Ժառանգության» հետ, որ Երևանում 50 տոկոս քվե ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանի կազմավորած դաշինքը ընդամենը մի քանի աթոռ ստացավ ավագանու կազմում, գուցե նույնիսկ Կիևյան կամրջից նետվի ցած: Բայց քանի որ նա հաշվի չի առնում այս նյուանսները, չգիտես` ինչ երևակայական բարձր դիրքից է խոսում ընդդիմադիր մյուս ուժերի մասին:

Մենք, օրինակ, կդժվարանայինք նշել, թե ՕԵԿ-ից ու ԲՀԿ-ից հետո որ ուժն է պորտալարով ավելի պինդ ագուցված գործող իշխանություններին: Մենք չենք կարողանում հասկանալ, թե այդ ի՞նչ ընդդիմություն է «Ժառանգությունը», որի հաղթած և երդվյալ նախագահը, հրապարակում ծովացած ժողովրդին ասում է՝ ժողովո’ւրդ ջան, գնացեք հաց կերեք, մի քիչ ֆռֆռացեք, իրիկունը կգաք: Մենք հատկապես դժվարանում ենք հասկանալ նաև, թե այդ ի՞նչ կուսակցական ցուցակ էր, որով «Ժառանգությունը» մասնակցեց ԱԺ ընտրություններին: Մենք չգիտենք իշխանության հետ կապող ավելի հաստ պորտալար, քան Թևան Պողոսյանի պորտալարն է: Եվ վերջապես, պարո’ն Արմեն Մարտիրոսյան, մի’ մոռացեք, որ Ձեր շարքերում ունեք Ռուբեն Հակոբյան, և եթե համոզված եք, որ ընդդիմադիր կուսակցությունը պետք է անարատ լինի, ինչպես «Ժառանգությունը», ապա անպայման հիշեք, որ այդ մարդը, հասկանո՞ւմ ես, բարձր պաշտոն է զբաղեցրել այն իշխանության մեջը, որը, ինչպես դու ես պնդում քո տղայական հայտարարության մեջ, Հայաստանում տակավին չի փոխվել:

Վերջում, որպես դաշնակցական` երկու խոսք ասեմ Արմեն Մարտիրոսյանին: Պարո’ն Մարտիրոսյան, ես գետինը կմտնեի, եթե իմ կուսակցության ղեկավարները Դաշնակցությունը հասցնեին այն վիճակին, որ այն «շտատնի» ընդդիմություն աշխատեր իշխանության մոտ: Ես սա ասում եմ, որ մյուս անգամ հայտարարություն անելիս հաշվի առնեք, թե «Ժառանգության» մասին ինչ են խոսում ձեր կողմից շատ հարգված և անընդհատ պրոպագանդվող երիտհանրապետականները, երբ բաժակներ են բարձրացնում հանուն Հայաստանում ձևավորված ցանկալի ընդդիմության, այն է՝ «Ժառանգության» համար: Սրանից հետևություն անելու իրավունքը սիրով թողնում եմ ձեզ ու նաև հույս հայտնում, որ այս ճանապարհով գնալու դեպքում «Ժառանգությանը» երբեք չի սպառնալու իշխանություն դառնալու կամ գեթ այդ իշխանությանը մաս կազմելու վտանգը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
yerkir.am

Տպել Տպել