Իրանահայերը Ռոհանիից ակնկալիքներ ունեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Karen1Իրանահայ համայնքի հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական բնույթի է, իսկ գերխնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Այդ մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Հայ-համայնքի, ինչպես նաեւ սփյուռքյան բոլոր համայնքների գերխնդիրը շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության հարցը եւ ընդհանրապես մեր ազգային պահանջատիրության խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԻԻՀ խորհրդարանի պատգամավորը:

Նա ասաց, որ Ռոհանիից ակնկալվում է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման խնդիրը պահի ուշադրության կենտրոնում: «Դա մենք կպահանջենք պարոն Ռոհանիից»,- ասաց Խանլարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է սպասել 2014-ի ապրիլի 24-ի առիթով Իրանի ինչ-որ պաշտոնական հայտարարության կամ կեցվածքի:

ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավորը խոսեց նախընտրական շրջանում նախագահի թեկնածուներին հայ համայքի կողմից ներկայացված պահանջների մասին, որոնցից է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը, հայ կամ այլ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ մասնագետի ներառումը գործադիր իշխանության մեջ եւ որպես նախագահի օգնական որեւէ կրոնական փոքրամասնության անդամի նշանակումը: «Թեկնածուներից բոլորն էլ ընդառաջեցին այդ պահանջներին»,- ասաց Խանլարյանը:

ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավորը խոսեց իրանահայ համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին: Նա նշեց, որ տնտեսական դժվարություններով պայմանավորված` հայ համայնքից որոշակի արտագաղթ է նկատվում՝ հիմնականում դեպի ԱՄՆ ու Կանադա: Նա խոսեց իրանահայերի քաղաքական բնույթի խնդիրների բացակայության մասին:

Ներկայում իրանում մոտ 60-70 հազար հայ է ապրում: Իրանի հայ համայնքը մեծ պատմություն ունի: Իրանահայերը հիմնականում զբաղվում են արհեստներով ու առեւտրով:

armenpress.am

Իրանում պանթուրքական միտումներն աջակցություն չեն ստանում

Karen

Իրանի ադրբեջանցիներն իրենց իրանցի են զգում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը Երեւանում հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իրանում, համենայնդեպս, վերջին 100 տարվա ընթացքում, պանթուրքական միտումներն աջակցության չեն արժանանում»,-նշել է պատգամավորը: Ընդ որում, նա ընդգծել է, որ դժվարանում է խոսել իրանցի ադրբեջանցիների եւ ժամանակակից Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակիչների հարազատության մասին: «Եթե համապատասխան պանթուրքական քարոզչությունն աջակցություն ստանար, իրավիճակն այլ կլիներ»,-նկատել է պատգամավորը, ընդգծելով, որ Ատրպատականի բնակիչները իրենց զգում են ճիշտ այնպիսի իրանցիներ, ինչպես որ երկրի մյուս շրջանների բնակիչները:

Ըստ Կարեն Խանլարյանի՝ Իրանի նախագահի ընտրություններն ընթացան ժողովրդավարական բավական բարձր մակարդակով:

Պատգամավորը հիշեցրել է, որ քվեարկությանը մասնակցել է բնակչության 73%-ը, իսկ Հասան Ռուհանիի օգտին քվեարկել է 51%-ը. «Այսպիսով, կարելի է ժողովրդավարության միանգամայն բարձր ինդեքս արձանագրել՝ հենց եվրոպական չափանիշներով», – նշել է պատգամավորը:

Խորհրդարանականի խոսքով՝ նոր նախագահի օրոք հայ-իրանական հարաբերությունների հետագա խորացում է սպասվում, տնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտում նոր ծրագրերի իրականացում:

Իրանական միջուկային ծրագրում փոփոխությունների հավանականության մասին հարցին Կարեն Խանլարյանը պատասխանել է, որ ծրագիրը մի քանի տասնյակ տարի է գոյություն ունի եւ ուղղված է նավթային պաշարները պահպանելուն: «Արեւմուտքը փորձում է հարցը քաղաքականացնել: Դա սխալ քաղաքականություն է: Նախպագահական ընտրությունների հարցում եւս Արեւմուտքը սխալվում էր՝ պնդելով, որ դրանք կկեղծվեն: Իրականում դրանք բավական ժողովրդավարական էին, ինչը հաստատեցին նաեւ արեւմտյան երկրները», – նշել է Կարեն Խանլարյանը:

news.am

Տպել Տպել