Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը` Էրդողանի անկման սկիզբ

kir00 Այսօր, հուլիսի 3-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ բաց հասարակական բանավեճ՝ «Թուրքական ամառը և դրա հետևանքները տարածաշրջանի համար» թեմայով: Բանվեճին մասնակցում էր Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Ըստ նրա, Թուրքիայում բռնկված բողոքի ալիքն ուղղված էր հիմնականում Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեմ, ով կարողացել է վերջին տասնամյակում մեծ ազդեցություն թողնել ամբողջ Թուրքիայի վրա:

Մանոյանի դիտարկմամբ, Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը, մասնավորապես ժողովրդի դեմ կիրառված բռնի ուժը, կարող է իր ազդեցությունն ունենալ Թուրքիայի վրա հենց միջազգային ասպարեզում, այդ թվում նաև ԵՄ հետ հարաբերություններում:

«Այս դեպքերը կարելի է համարել Էրդողանի անկման սկիզբը, եթե շարունակի այն ոճով, որով մինչև հիմա գործել է»,- կարծիք է հայտնել Կիրո Մանոյանը` հավելելով, որ հենց նրա ղեկավարած կուսակցության ներսում կարող են տեղի ունենալ փոփոխություններ, ինչը կհանգեցնի Էրդողանի թուլացմանը:

Ըստ նրա՝ «Թուրքական ամառն արաբական գարունների հետ կապ չունի: Նմանություններ կարող է կան, բայց տարբերությունները շատ են»:

Կիրո Մանոյանի կարծիքով՝ «Գեյզի այգու» շուրջ զարգացող իրադարձությունները առիթ հանդիսացան, որ Եվրոպական երկրներն իրենց տեսակետներն առավել հրապարակային ներկայացնեն. «Համենայնդեպս Եվրոպական մի շարք պետությունների համար, ովքեր խանդավառ չեն Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցությամբ, մասնավորապես Գերմանիայի համար, դա լավ առիթ էր, ասելու, որ իրենք կցանկանային, որ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությունը, հավաքների ազատությունը, նաև կարծիքի ազատությունը իրականություն դառնան»:

Տպել Տպել