Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների ու Հայոց Ցեղասպանության հատուցման իրավական թղթածրարը

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու

Երեւան, Հայաստան

Էլ-նամակ [email protected]

ՀՀ Սփյուռքի Նախարարություն

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ»

Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողով

2013թ. հուլիսի 5-6
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ, Երեւան, Հայաստան

20130705-01Ընդհանրապես հայ ժողովուրդ-Թուրքիա եւ հատկապես՝ Հայաստան-Թուրիքա հարաբերությունները պետք է ունենան նաեւ իրավական հենք։ Օսմանցիների կողմից Հայկական Բարձրավանդակ ներխուժումից ի վեր,  հայ-օսմանա-թուրքական հարաբերությունները պարբերաբար եւ այն էլ՝ սահմանափակ շրջանակներում ունեցել են իրավական ինչ-որ հենք։ Այսօր, երբ արդեն հարեւաններ են Թուրքիայի Հանրապետությունն ու Հայաս­տանի Հանրապետությունը, անհրաժեշտ է նաեւ իրավական տեսանկյունից նայել երկու պետությունների հարաբերություններին, ինչը կարող է լրացվել հայ ժողովուրդ-Թուրքիա հարաբերությունների իրավական հենքի ամբող­ջաց­մամբ։

Վերջին տարիների իրադարձությունները, սկսած միջազգային ապահո­վագրական ընկերությունների դեմ՝ այդ ընկերությունների հաճախորդ եւ Հայոց Ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդների կողմից դատական հայցերից մինչեւ 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ցույց տվեցին, թե ինչքան շփոթ, անտեղյակություն եւ տարակարծություն կա մեր մեջ, Թուրքիայից մեր՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների եւ Հայոց Ցեղասպանու­թյան հատուցման իրավական հարցերի շուրջ։ Հետեւաբար, այդ բոլորը վերահաստատեցին, թե ինչքան անելիք ունենք՝ որպեսզի պատրաստենք «Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների ու Հայոց Ցեղասպանության հատուցման իրավական թղթածրարը»։

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է առիթ լինի հայոց իրավունքների սահմանման եւ ձեռքբերման ուղղությամբ նոր փուլ սկսելուն: Մինչեւ 2015թ. պետք է իրականացվի Հայոց ցեղապանության հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրավունքների ձեռքբերման հարցով միջազգային իրավունքի եւ նորմերին համաձայն թղթածրարի պատրաստությունը, եւ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ մի կողմից սատարելու ներազգային ճակատում այդ թղթածրարի շուրջ տեսակետների բյուրեղացմանը, մյուս կողմից՝ Հայոց Ցեղասպանության հետեւանքների վերացման շուրջ միջազգային հանրային կարծիքի ձեւավորմանը, որպես նախապատրաստություն կոնկրետ քայլերի:

Ահա այս տեսանկյունից պետք է ընկալել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի 2013թ. ապրիլի 24-ի համատեղ հայտարարությունը, որով, մասնավորաբար, Թուրքիայից պահանջվում է վերադարձնել բռնագրավ­ված հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածներն ու հոգեւոր-մշակությաին արժեքները։ Անհրաժեշտ է ողջունել այս նախաձեռ­նությունը որպես հատուցման գծով մեկ մասնակի, բայց կարեւոր քայլ եւ աջակցել, որ այն հասնի իր նպատակին։ Այս ուղղությամբ, քաղաքական կարեւոր քայլ էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 2011թ. դեկտեմբերի 13-ի (թիվ 306) բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում քրիստոնէական, ներառյալ՝ հայկական բոլոր եկեղեցիները, եկեղեցական կալվածներն ու ունեցվածք­ները վերադարձնել իրենց պատմական իրաւատերերին։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 2007թ.-ից այդ նպատակով կատարել է մի շարք նախաձեռնություններ, որոնց մի մասի նախնական արդյունքները հրապարակվել են 2010թ. հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին։ 2007թ. դեկտեմբեր ամսին ձեւավորվել է Հայոց Ցեղա­սպանության  Հատուցման Ուսումնասիրման Խումբը, որի լրամշակված եւ ամբողջական զեկույցը կհրապարակվի շուտով։ Մասնագիտական բազմակողմանի, ներառյալ՝ իրավական, այդ ուսումնասիրությունը կհրապարակվի քննարկվելու համար թե մասնագետների եւ թե ընդհանրապես հասարակության կողմից։

Հայոց Ցեղասպանության  Հատուցման Ուսումնասիրման Խմբի զեկույցը սկսվում է Հայոց Ցեղասպանության խիստ համառոտ նկարագրությամբ: Դրան հաջորդում են.

  • Ցեղասպանության հետեւանքով հայերին հասցված վնասների սխեմատիկ նկարագրությունը.
  • Հայոց Ցեղասպանության հատուցման հարցի իրավական վերլու­ծությունը՝ հիմնված միջազգային իրավունքի օրինադրության, սկզբունք­ների եւ նախընթացների վրա.
  • Նյութական հատուցման վերաբերվող հետ-Ցեղասպանության պայ­մա­նա­գրերի պատմության եւ առնչվող համաձայնա­գրերի եւ գործիքների վերլուծությունը.
  • Փիլիսոփայական քննարկումը հատուցման բարոյական հարցերին, ներառյալ՝ որոշ առարկությունների պատասխաններ.
  • Փոխանցման արդարադատության մոտեցումի տեսանկյունից՝ քաղաքական վերլուծության ճամբով մշակված խորհրդանշական ինչպես նաեւ նյութական հատուցման մոդելը.
  • Սահմանումն այն տարածքների, որոնք համարվում են պատշաճ հատուցում, ինչպես նաեւ տարբերակներ՝ թե հատուցման փաթեթի տարածքային մասը ըստ էության ինչից պետք է կազմված լինի.
  • Ցեղասպանության ընթացքում կորցված կյանքի եւ տառապանքի համար հայերին տրվելիք ընդհանուր դրամական փոխհատուցման հաշվարկը.
  • Կոնկրետ շարժական գույքի Ցեղասպանության միջոցով զավթման, ինչպես նաեւ վերականգնման կամ փոխհատուցման ենթակա այլ տնտեսական հետեւանքների հաշվարկի շրջանակը։

Այս զեկույցը կոնկրետ առաջարկ է փոխհատուցման ենթակա կոնկրետ առարկաների հիմնավորման վերաբերյալ: Թեեւ Ուսումնասիրման Խումբն ընդունում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն կատարել հատուցումների փաթեթի որոշ կոնկրետ ասպեկտներ ճշտելու նպատակով, սակայն խմբի անդամները միակարծիք են, որ ներկայացվող շրջանակը, ընդհանուր առմամբ, բարոյագիտական, քաղաքական եւ իրավաբանական տեսնակյուններից ճիշտ եւ արդարացի լուծում է հանդիսանում Հայոց Ցեղասպանության չլուծված հարցերի` հատուցումների բաժնով: Միեւնույն ժամանակ Ուսումնասիրման Խումբն ընդունում է, որ հատուցումները, Հայոց Ցեղասպանության հարցի ընդհանուր լուծման կարեւոր եւ հիմնական բաղադրիչը լինելով հանդերձ, այնուամենայնիվ բավարար չեն ամբողջական հանգուցալուծման համար (օրինակ Թուրքիայի Հանրապե­տու­թյունում հայերի նկատմամբ վերաբերմունքի պարագայում), թեեւ, ինչպես նշված է զեկույցում, հատուցումները կօգնեն հանգուցալուծման ընդհանուր գործընթացին: Ուսումնասիրման խմբի համար կարեւորագույն սկզբունք է եղել այն ըմբռնումը, թե հատուցումները ոչ միայն դեպի արդարություն հնարավոր միջոցներ են, այլ անոնք անհրաժեշտ են Հայոց Ցեղասպանության խնդրով արդարություն հաստատելու համար։

Մինչեւ այդ թղթածրարի հրատարակումը եւ դրա արծարծած հարցերի համահայկական քննարկումն ու ի վերջո՝ հայության եւ Հայաստանի իրավունքների ու Հայոց Ցեղասպանության հատուցման շուրջ համահայ­կական համախոհության ձեւավորումը, անհրաժեշտ է կատարել մի շարք հաստատումներ եւ ճշտել մի շարք սկզբունքներ.–

1) Անհատական վնասուց հատուցման նպատակով անհատ հայերի կողմից հարուցված դատեր պետք չէ խոչընդոտեն մեր ազգային պահանջատի­րությանը, ինչը ազատագրական պայքարը հետզհետե կդատարկի իր քաղաքական բովանդակությունից եւ կվերածի սոսկ նյութական դատի: Պետք չէ ազգի ողբերգությունը որոշ անհատների կողմից նյութական շահ ապահովելու միջոցի վերածել եւ այդպիսով հավաքական ու ազգային իրա­վունքները հետապնդելուն խոչընդոտ հանդիսանալ: Խոսքը չի վերաբեր­վում անհատական իրավունքները զոհելուն. խոսքը վերաբերվում է այդ անհատական իրավունքները մի խումբ մարդկանց, հիմնականում՝ որոշ փաստա­բանների անզուսպ շահի աղբյուրի վերածելուն, ինչպես դժբախ­տա­բար ականատես եղանք ապահովագրական ընկերությունների դեմ դատական գործերով առնչված փաստաբանների փոխադարձ մեղադրանք­ներով եւ մերկացումներով։

2) Հայաստան-Թուրքիա իրավական սահմանին հիմքն է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. Նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը: Մինչեւ մեր իրավունքների եւ հատուցման պահանջների իրավական թղթածրարի պատրաստությունը, անհրաժեշտ է, որ մեր ՀՀ Ազգային Ժողովը որդեգրի որոշում, որն էլ կարգիլի Հայաստանի կողմից որեւէ փաստաթղթի ստորագրություն, որը կհրաժարվի Վիլսոնյան իրավարար վճռով ճշտված Հայաստան-Թուրքիա սահմանագծից։ Անկախ Հայաստանը իր ազատ կամքով չի կարող հրաժարվել այդ իրավունքից։ Թուրքիան եւ Սեւրի պայմանագիրը ստորագրած ու նրանց իրավահաջորդ հանդիսացող պետությունները պարտավոր են ճանաչելու Հայաստանի այդ իրավունքը, եթե ցանկանում են, որ միջազգային հարաբերությունները հիմնված լինել միջազգային իրավունքի վրա։ Սա չի նշանակում պատերազմ հռչակել Թուրքիայի դեմ. սա նշանակում է իրավատերը մնալ այն ամեն ինչին, որը միջազգային համայնքը, միջազգային իրավունքի համաձայն, ճանաչել է որպես Հայաստանի կենսունակության համար անհրաժեշտ։ Այս տեսան­կյունից, քաղաքական եւ իրավական կարեւոր, բայց ոչ բավարար քայլեր են՝

ա) 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որը հիմքն է ՀՀ Սահմանդրության եւ որտեղ Հայաս­տանի օրենսդիրը  գիտակցում է «իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրակա­նաց­ման եւ պատմական արդարության վերականգնման գործում», առավել՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

բ) ՀՀ Նախագահի 2009թ. հոկտեմբերի 10-ի ուղերձը, որտեղ ասվում է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը[1] ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն».

գ) ՀՀ Սահմանադրական Դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշումը[2], որտեղ խոսվում է «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ փաստացի սահմանի[3]» մասին.

դ) ՀՀ Նախագահի 2010թ. նոյեմբերի 23-ի ուղերձը, որտեղ Նախա­գահն ասում է. «Քսաներորդ դարի պատմության մեջ [Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի սահմանների վերաբերյալ Իրավարար վճիռը] մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը եւ վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպա­նության հետեւանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում եւ ամրագրվում էին Հայաստանի սահմանները» (…):

3) Միջազգային իրավունքի համաձայն, անկախ Հայաստանի Հանրապետության առկայության պայմաններում, տարածքային վեճի մեջ հայկական կողմից կարող է որպես իրավատեր հանդես գալ միայն այդ պետությունը։ Հասարակական նախաձեռնություններ, ի՛նչ անունով էլ նրանք հանդես գան, չեն կարող փոխարինել միջազգային իրավունքի հայկական միակ սուբյեկտ հանդիսացող Հայաստանի պետությանը, կամ որպես իրավատեր ներկայանալ նրա միջազգային իրավունքներին եւ պարտավորություններին։

– Անհրաժեշտ է շարունակել հետապնդել Հայոց Ցեղասպանության եւ նրա հետեւանքների ճանաչումը Թուրքիայի կողմից. ոմանք այս պահանջը համարում են Թուրքիայի համար վիճելի մեկ պատմական փաստի ճանաչում, մինչդեռ խնդիրը շատ ավելի խորն է։ Հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության համար սա նախ եւ առաջ պատմական արդարության վերականգնում է։ Թուրքիան դատապարտելով Հայոց ցեղասպանությունը եւ ճանաչելով մարդկության դեմ այդ ոճիրի համար իր բարոյական, քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը, նախադրյալներ է ստեղծելու Հայաստանի ու հայության հետ բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին։ Իր հարեւան Թուրքիայի հետ խաղաղ գոյակցելու ձգտող Հայաստանի համար, նման դատապար­տումն ու ճանաչումը անվտանգության նվազագույն երաշխիք է, որը հարկավոր է ամրագրել Թուրքիայում անհրաժեշտ նախաձեռնություն­ներով՝ սկսած դպրոցական դասագրքերում ճշմարտացի տեղեկություն փոխանցելով Թուրքիայի երեխաներին, հասնելով մինչեւ ոճրագործների ոգեկոչումը արգելելու եւ զոհերի հիշատակը հարգելու նախաձեռնու­թյուններին։ Մարդկային զոհերից բացի, Ցեղասպանությունը պատճառեց անհատական եւ հաւաքական նյութական վնասներ, որոնց հատուցման եւ վերականգնման պատասխանատվությունը եւս պիտի ընդունի Թուրքիան։

Պետք է արձանագրել, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների եւ Հայոց Ցեղասպանության հատուցման խնդիրների հետապնդումը չի ենթադրում նախ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչում, թեեւ նման ճանաչումը պարզ է, որ կհեշտացնի այդ հարցերի արծարծումը։

 

Եզրակացնելով ասեմ, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքներն ու պահանջները Թուրքիայից չսկսեցին, հետեւաբար նաեւ պետք չէ սահմանափակվեն 1948թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով։ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքներն ու Հայոց Ցեղասպանության հատուցման իրավական մեկ ամբողջական թղթածրարը անհրաժեշտ է, որ ունենա իր համապատասխան բաժանումներն ու ենթաբաժանումները, իրավատերերի, հասցեատերերի ու ատյանների հստակ նշումներով։

«Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների ու Հայոց Ցեղասպանության հատուցման իրավական թղթածրարի» շուրջ պետք է գոյանա համահայկական համախոհություն, այնպես ինչպես կա համախոհուրթյուն Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչ­ման խնդրում։ Ամեն տեսակետից ցանկալի է, որ այդ թղաթածրարի մշակման եւ համահայ­կական համախոհության ձեւավորման առանցքը լինի պետությունը, բայց այն պետք չէ սահմանափակվի պետության իրավունքներով, հնարա­վորու­թյուններով եւ կատարելիք­ներով։ Այդ թղթածրարը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման եւ Հայոց Ցեղասպանության հատուցման իրագործման ռազմավարությունը պետք է հաշվի առնի եւ խարսխված լինի համայն հայության իրավունքների եւ հնարավորու­թյունների վրա։ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների եւ Հայոց Ցեղասպանության հատուցման խնդիրների հետապնդումը նախ եւ առաջ ենթադրում է այդ իրավունքներից չհրաժարվե՛լ՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից։

 



[1] Ընդգծումը՝ մեր կողմից. ԿՄ։

[2] 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրա­պե­տության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերու­թյունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաս­տանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։

[3] Ընդգծումը՝ մեր կողմից. ԿՄ։

Տպել Տպել