Ֆրանսիայի հայ համայնքը նախագահից խոստումների կատարում է ակնկալում

HratchVarjabedian2Ֆրանսիայի հայ համայնքի դիրքորոշումը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ նախաձեռնելու խոստման հարցով, ներկայացնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը, որում ընդգրկված են ՀՅԴ-ն եւ Հայ դատի կոմիտեն:

Այս մասին NEWS.am-ին ասաց Հայ դատի ֆրանսիական գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Վարժապետյանի խոսքով` հայ համայնքը վերջին անգամ օրինագծի վերաբերյալ հարցը բարձրացրել է ապրիլի 24-ին, եւ տվյալ պահին սպասում է, որ Ֆրանսիայի նախագահը կատարի իր խոստումը. «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդն ու նրա կազմի մեջ մտնող կազմակերպությունները նախընտրում են ողջ հայ համայնքի դիրքորշումն արտահայտող հայտարարություն անել»:

Վարժապետյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ հայկական առանձին կազմակերպությունների հայտարարությունները ցանկալի արդյունքի չեն հանգեցնի, քանի որ բավականաչափ նշանակալի չեն լինի. «Ի վերջո, այդ հարցով, որը կարեւոր է ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքի, այլեւ ողջ հայության համար, պետք է զբաղվեն կազմակերպություններ, որոնք ներկայացնում են ողջ համայնքի շահերը: Չնայած նրան, որ մենք հաճախ կիսում ենք նրանց դիրքորոշումը, այդուհանդերձ, հարցը պետք է բարձրացնի կազմակերպությունը, որը երկրում կշիռ ունի»:

Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը, սակայն, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող: Իրադարձությունները տեղի էին ունենում նախագահական ընտրությունների նախաշեմին, եւ երկու թեկնածուները` թե Օլանդը, թե Սարկոզին նախագծի կողմնակիցներն էին: Ներկայիս նախագահ Օլանդը խոստացել էր նոր օրինագիծ նախաձեռնել:

news.am

Տպել Տպել