Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը

հրանտ 1Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:

Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, և իսկապե՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանը ասաց, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես՝ դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են, և այսօր որևէ խնդիր չունեն:

Այն, ինչ մամուլում գրվում է, որևէ առնչություն չունի իրականության հետ, դրանք դրսից գործադրվող ճիգեր են Դաշնակցության մեջ ճեղքեր գտնելու և խնդիրներ հարուցելու համար, վստահեցրեց Մարգարյանը՝ հավելելով, որ խոսքը տվյալ դեպքում վարչապետի մասին է:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով [Դաշնակցության կողմից] քննադատության ենթարկվելուց հետո բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, և այս տեսակ կեղտոտ լրատվություն, կեղտոտ բամբասանքանման լրատվությունը իր գործն է», – ասաց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը և շարունակեց․ – «Մարդը, որ թույլ է, տկար է , այս միջոցներով է փորձում հարցեր լուծել»:

«Ուրիշ ոչինչ չկա՝ մենք ոչ սիրահարված ենք և ոչ էլ ատում ենք այդ վարչապետին, բայց ձախողակ վարչապետ է, և դրա համար այս մեթոդներն է օգտագործում իր հարցերը կարգավորելու համար», – հայտարարեց Հրանտ Մարգարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որտե՞ղ է վարչապետը հայտարարել պատերազմի մասին, նա արձագանքեց․ – «Իր շրջանակներում, ինքը գիտի՝ որտեղ է հայտարարել»: Նա ընդգծեց, որ հստակ տեղեկատվություն ունեն այդ մասին:

Թե ինչ մեթոդներով է դիմակայելու այդ պատերազմին Դաշնակցությունը՝ Հրանտ Մարգարյանն ասաց, թե այդ պատերազմը ավելի շատ Տիգրան Սարգսյանին է վնասելու՝ ոչ Դաշնակցությանը:

Ինչ վերաբերում է վարչապետի անվան հետ կապվող «օֆշորային» հայտի սկանդալին, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչն ասաց, թե գնահատական արդեն տրվել է, իսկ Տիգրան Սարգսյանն էլ իր բացատրություններով ինքն իրեն դրել է ծիծաղելի վիճակի մեջ:

«Այսինքն, չե՞ք հավատում վարչապետի այն բացատրություններին, որ տեղյակ չի եղել, թե ինչպես է իր անունը հայտնվել օֆշորային կազմակերպության բաժնետերերի ցանկում», – «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Մարգարյանը պատասխանեց․ – «Եթե ինքն այդպես է ասում, ուրեմն ծիծաղելի է»:

Նա ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի, ինչի մասին Դաշնակցությունը բազմիցս ասել է․ – «Եթե երկրի մեջ վերջին հույսի նշույլը չենք ուզում սպանել, դա նվազագույն քայլն է, որ պետք է արվի, և ոչ միայն վարչապետը՝ բավականին մարդ կա, որ պետք է փոխվի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նախագահի փոփոխությունն է՞լ են պահանջում, Հրանտ Մարգարյանն արձագանքեց․ – «Նախագահի փոխվելը ժողովրդի կամքից է կախված, նրան փոխում է ժողովուրդը»:

azatutyun.am
10/07/2013

Տպել Տպել