Հայաստանը իր ընտրությունը կանի

VahanԵվրոպական Միության ընդլայնման եւ հարեւանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին հանդիպել է Ազգային Ժողովում ներկայացված չորս քաղաքական ուժերի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան ու Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Ֆյուլեն մտահոգությունն է հայտնել՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վերջին շրջանում 1 մլրդ դոլարի զենք վաճառելու առիթով։

Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը Երկիրն այսօր-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ ինքը կարեւորել է մեր երկրի անվտանգության հետ կապված հարցերը։ Անդրադարձ է եղել նաեւ տնտեսական հարցերին։

Ֆյուլեն պատգամավորներին հավաստիացրել է, որ եթե Հայաստանն ապրանքների իրացման դժվարություն ունենա մեզ համար սովորական շուկաներում, ապա Եվրոպան կբացի իր շուկաները, ինչը նախատեսվում է համաձայնագրով:

«ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց առաջ պետք է չափազանց լուրջ կշռադատել, հաշվարկել բոլոր հնարավոր հետեւանքները, դրական ու բացասական կողմերը»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։ Ի դեպ, վերջինս չբացառեց, որ վերջին հաշվով, Հայաստանը ընտրություն կատարի ոչ թե «կամ»-«կամ»- ի եւ «ե’ւ»- «ե’ւ» -ի միջեւ, այլ մերժի երկուսն էլ։

«Կարծում եմ այնքան խաղեր գնացին «կամ»-«կամ»- ի եւ «ե’ւ»- «ե’ւ» -ի միջեւ, որ հնարավոր է մերժվեն երկուսն էլ։ Եթե իջեցվի լրջությունը Եվրամիության հետ ստորագրվելիք փաստաթղթի, դա չի տալիս երաշխիք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում լուրջ առաջընթաց կարելի է արձանագրել էներգակիրների, սպառազինությունների հետ կապված։ Եվ այս ամենը ապիկար, միակուսակցական կառավարման համակարգի արդյունք է»,- ասաց Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:

yerkirmedia.am

Կան հարցեր են, որոնք հայկական կողմը չի կարող անտեսել

Վահան
Նույն թեմայով, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ լուրջ մտահոգություններ է փոխանցել հանձնակատարին՝ կապված, առաջին հերթին, Հայաստանի անվտանգության խնդիրների հետ:

«Լեռնային Ղարաբաղի հարցը, ռուսական շուկաների հնարավոր փակման հարցը՝ էս ամենը եվրոպական ասոցիացման պրոցեսի մեջ չի կարող հաշվի չառնվել, և սրանք մեր լրջագույն մտահոգություններն են», – նշել է Հովհաննիսյանը:

«Ռուսական զենքի [Ադրբեջանին] վաճառքի մասո՞վ, մասնավորապես», – այս հարցին դաշնակցական պատգամավորը արձագանքեց․ – «Անպայման: Ոչ միայն, բայց նաև տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ռուսական շուկայում հնարավոր դժվարություններ ստեղծելը հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար»:

«Սրանք հարցեր են, որոնք հայկական կողմը չի կարող անտեսել», – ընդգծեց Վահան Հովհաննիսյանը:

Ֆյուլեի պատասխանները իր բարձրաձայնած խնդիրներին նա ինչ-որ իմաստով գնահատում է բավարար, որոշ դեպքերում էլ՝ ոչ:

Մասնավորապես տնտեսական հարցերում, ասաց Հովհաննիսյանը, որոշակի հեռանկար ներկայացվեց, բայց՝ միայն հեռանկար, մինչդեռ անվտանգության վերաբերյալ, ըստ դաշնակցական գործչի, հանձնակատարն ինքն էլ մտահոգություններ ուներ:

«Իմ ներկայացրած հարցերին պատասխանը հետևյալն էր՝ «ոչ միայն դուք եք Եվրոպային տալու այս ասոցիացման համաձայնագրով, բայց Եվրոպան էլ ձեր առջև է պարտավորություններ ստանձնելու»: Հիմա դա ինչ չափով և ինչ է նշանակում՝ սրանք արդեն հետագա քննարկման հարցեր են», – ասել է Վահան Հովհաննիսյանը:

azatutyun.am

Տպել Տպել