ՀՅԴ-ում քննարկվում են երկրի օրակարգային հարցերը

Conference of the Hay Day committeesat Ani Plaza HotelԱյս օրերին ՀՅԴ-ում տարբեր ֆորմատներով քննարկումներ են անցկացվում:

Դրանք, ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, կապված են մեր երկրի օրակարգային հարցերի հետ, ինչպես նաեւ Դաշնակցությունը մոբիլիզացնելու նպատակ են հետապնդում:

Երեկ ՀՅԴ ԳՄ մեր այցի պահին երկու խորհրդակցություն էր ընթանում` մարզային ներկայացուցիչների հետ եւ ԳՄ-ում:

«Մեզ մոտ հիմա շատ բուռն շրջան է, որովհետեւ ավարտվեց մի կարեւոր հանգրվան` կապված ընտրությունների հետ: Նախ` պետք է ամփոփել այս փուլը, հասկանալ ու գնահատել ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված ծրագրել քաղաքական, կազմակերպական աշխատանքներ: Նաեւ կուսակցության ներսում վերաիմաստավորումներ, վերախմբագրումներ կատարելու հարցեր կան, շտկումներ մտցնելու, քանի որ առաջիկա շրջանը հերթական ընտրությունների առումով հանգիստ շրջան է, եւ մենք սա ուզում ենք օգտագործել խնդիրների հստակեցումը ավելի իրական դարձնելու համար»,- մեզ հետ զրույցում խորհրդակցությունների բնույթը պարզաբանեց Ռուստամյանը: ՀՅԴ-ում, սակայն, քննարկվում են նաեւ այլ խնդիրներ, այդ թվում ծրագրվում է արտագաղթի հետ կապված համակարգված պայքար մղել.

– Այն թափը, որ ստացել է արտագաղթը, ուղղակի արնահոսման նման մի երեւույթ է: Կան նաեւ հրատապ լուծման հարցեր` կապված Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման հետ, որովհետեւ սա արդեն դուրս է եկել կուսակցական շրջանակներից: Սա վեր է ածվում իրավապաշտպան մի գործընթացի եւ նույնպես ծրագրավորելու խնդիր կա: Եվ, բնականաբար, Արցախյան շարժման 25-ամյակը մի տեսակ ոչ այն հնչեղությամբ անցավ: Պահանջ կա, որպեսզի մենք Ղարաբաղի խնդրի հետ կապված մեր մոտեցումներն ու պահանջները ավելի հստակեցնենք եւ լայն ընկալման առումով միջոցներ գտնենք այն հասարակությանը ներկայացնելու:

– Այժմ հասարակությանն ավելի շատ մտահոգում է, թե ինչպես է շարունակելու հայրենիքում ապրել եւ ինչ միջոցներով: Ամեն օր սպասում ենք նոր թանկացումների, անորոշություն կա: Վահան Հովհաննիսյանը նշել էր, որ իրավիճակից դուրս գալու համար ճիշտ բանաձեւ է պետք գտնել: Դաշնակցությունն ի՞նչ բանաձեւ է առաջարկում:

– Երբ Կառավարության առաջ ցույց եղավ գազի գնի թանկացման դեմ, մենք նույնպես մասնակցել ենք եւ բազմիցս ասել, որ սա շղթայական ռեակցիա է առաջացնելու: Մենք մշակում ենք, ունենք մոտեցումներ, ծրագրեր, դրանցից մի մասը մերժվում է կառավարության կողմից, հարցի լրջությունն այն ձեւով չի ընկալվում, ինչպես մենք ենք պատկերացնում: Ամեն ինչ պետք է նկատի առնվի կենսապահովման նվազագույն զամբյուղի գաղափարը որպես ելակետ ընդունելով: Հայաստանը պարտավոր է որպես սոցիալական պետություն այդ նվազագույն շեմը ապահովել: Մեր մոտեցումների հիմքում սա է: Մենք հատուկ հանձնախումբ ենք ստեղծել, որը կներկայացնի իր մոտեցումները արտագաղթի կասեցման տրամաբանության մեջ, բայց` անդրադառնալով այն հիմնական ուղղություններին, որոնց վերաբերյալ եթե կտրուկ միջոցներ չձեռնարկեն, արտագաղթը չի կարող կասեցվել:

– Դուք նշեցիք, որ ձեր պահանջների շուրջ հասարակական պահանջ պետք է ձեւավորվի: Որտե՞ղ եւ ի՞նչ ֆորմատով եք պատկերացնում Դաշնակցության եւ ժողովրդի երկխոսությունը:

– Ինչու չէ, կլինեն նաեւ հանրահավաքներ, տարբեր զանգվածային միջոցառումներ:

– Դրանք կներառվեն ձեր ամառայի՞ն, թե՞ աշնանային քաղաքական օրակարգում:

– Կարծում եմ, որ ամռանը մի քիչ պասիվ շրջան է, բայց մենք այս պասիվ շրջանը օգտագործում ենք նախապատրաստական աշխատանքները կատարելու համար, որպեսզի հենց բնական ակտիվությունը հասարակության մոտ առաջացավ, մենք մեր ասելիքները պատրաստված ներկայացնենք:

– Ի՞նչ եք կարծում, իշխանությունները հաշվի՞ են առել, որ թանկացումները լինեն քաղաքական պասիվ շրջանում:

– Շատ հնարավոր է: Իրենց կողմից միշտ էլ էդպիսի ժամկետները հաշվի են առնվում, բայց միեւնույն է, ի վերջո այդ պասիվ շրջանը փոխվում է եւ ակտիվություն առաջանալու է:

Գագիկ Աղբալյան

armtimes.com

10/07/2013

Տպել Տպել