Ռուսաստանը պետք է մեծ երաշխիքներ տա

Կիրո-ՄանոյանԱդրբեջանին 1մլրդ դոլարի զենք վաճառելու վերաբերյալ Ռուսաստանի որոշման վերաբերյալ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեր թերթի հետ զրույցում ասել էր, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, թող Ադրբեջանի «փողերը կիրառվեն մեր դաշնակցի հզորացման համար»՝ ավելացնելով, որ եթե ոչ ՌԴ-ն, ապա մեկ այլ պետություն զենք կվաճառի Ադրբեջանին:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք արդարացվա՞ծ է հանուն բիզնեսի Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քայլը, ինչին ի պատասխան՝ նա նշեց «Ոչ, չեմ կարծում, որ մեր դաշնակիցը մնացել էր այդ 1մլրդ դոլարով հարստացման հույսին: Միշտ էլ կարելի է ասել, որ եթե Ռուսաստանը չվաճառի, ուրիշը կվաճառի: Բայց Հայաստանի տեսանկյունից Ռուսաստանի կողմից զենք վաճառելը մտահոգիչ պետք է լինի: Միշտ էլ կարելի է ասել, որ՝ եթե ես չվաճառեմ, մեկ ուրիշը կվաճառի, բայց անպայման չէ, որ այդպես լինի: Հարցն այն է, որ ՌԴ-ն՝ որպես ռազմավարական դաշնակից, մտնում է գործարքի մեջ, որը տարածաշրջանն ապակայունացնելու մեծ հավանականություն ունի: Ցանկացած պետություն, ով նման զինամթերք կվաճառի, պարզ է, որ պետք է հաշվի առնի զինամթերքի գործածության հետեւանքները: Դրա համար ոչ բոլոր պետություններն են պատրաստ վաճառել: Ռուսաստանը պետք է մեծ երաշխիքներ տա, որ մտահոգվելու պատճառ չունենանք»:

Մեր դիտարկմանը, թե հայտնի է, ոչ Ռուսաստանն իր այս քայլը համարում է տնտեսական, «բիզնես շահ» ինչի մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Չի կարելի ամեն ինչի մասին ասել, որ տնտեսութուն է: Եթե հանկարծ տնտեսական գործարքի հետեւանքով պատերազմ սկսվի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը ստիպված է աջակցել Հայաստանին, տնտեսականից բացի, շատ ավելի վատ հետեւանքներ չի՞ ունենա ՌԴ-ն: Իհարկե կունենա»:

ՀՅԴ անդամի համոզմամբ, եթե Ռուսաստանն էլ ներքաշվի Հայաստան-Ադրբեջան պատերազմի մեջ, «հաճելի» իրավիճակ չի ստեղծվի ոչ մի կողմի համար:

Կիրո Մանոյանը նշեց, որ մարդիկ անտեսում են Ադրբեջան-Հայաստան, Ադրբեջան-Ղարաբաղ հավանական պատերազմի տարածաշրջանային վտանգները. «Հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Հարցը նրանում է, որ տարածաշրջանում անկանխատեսելիությունը անկայունության պատճառ կդառնա»: Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, պետք է հրապարակային «ադեկվատ» ելույթներ ունենային այս հարցի շուրջ, որը, բացի մեսիջ հասցնելուց, զգոնության նշան կլիներ՝ զենքի վաճառքը չկրկնելու համար: «Իսկ թե ոչ հրապարակային ինչ բանակցություններ, խոսակցություններ են գնում՝ չեմ կարող ասել: Այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ միայն հրապարակային խոսքեր են: Կարող է՝ ոչինչ էլ չկա… Բայց, այնուամենայնիվ, հրապարակային պատասխանները համարժեք չէին», – նշեց նա:

Տիգրանուհի Մարտիրոսյան
168.am

Տպել Տպել