Պռոշյանում գյուղապետի արտահերթ ընտրություններ են

պրոշԿոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր գյուղապետի արտահերթ ընտրություններ են: Ընտրությանը մասնակցում են երեք թեկնածու’ ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը: Երեք թեկնածուներն էլ ինքնառաջադրված են:

Նկատվում է ընտրողների աննախադեպ ակտիվություն: Տեղամասերի մուտքի մոտ ընտրողների կուտակումներ են: Համայնքի երկու’ 26/1 եւ 26/32 տեղամասերում ժամը 11-ի դրությամբ արդեն մասնակցել է 3991 ընտրողից մոտ 1100-ը:

Նշենք, որ նկատվում է մեծ ակտիվություն դիտորդների եւ լրատվամիջոցների կողմից: Ընտրության բնականոն ընթացքն ապահովելու համար մասնակցում են նաեւ մեծաթիվ ոստիկաններ:

Մինչ այս պահը միջադեպեր չեն գրանցվել: Սակայն, հայկական սովորության համաձայն, կարելի է տեսնել ընտրությանը եկած 50-ից ոչ բարձր տարիքի ընտրողների, ովքեր բողոքում են տեսողությունից եւ պահանջում, որ իր հետ եկած ուղեկիցը “օգնի” քվեարկել:

Պռոշյան համայնքի ղեկավարի ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակյանի` համայնքում իր ընտրությունը կատարելուց հետո Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը քվեարկեց հանուն պռոշյանցու առանց վախի ապրելու ու ազատ մտածողության:

«Ես վաղվա օրվա համար եմ քվեարկել: Այս պահին գյուղում վախի մթնոլորտ չկա, բայց փորձել են ճնշում կիրառել, իրենց բնորոշ տեխնոլոգիաները բանեցնել, հատկապես՝ կաշառք բաժանել, բայց փաստեր չունենք»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է այսօր անհրաժեշտ պռոշյանցուն և ընտրվելու դեպքում առաջին հերթին ի՞նչ է անելու, ասաց. «Այսօր Պռոշյանի բնակչին ազատ, առանց վախի ապրելու իրավունք է պետք, այլ կարիք չունի: Պռոշյանցին ազատ մտածողության մարդ է, ըմբոստ մարդ է, սա ապացուցել է Արցախյան գոյամարտին ու ընդհանրապես»:

Վովա Սահակյանը նշեց, որ ընտրություններն ընթանում են ոստիկանության վերահսկողության ներքո:

«Նման նախադեպ չի եղել, որ մեզ մոտ հանգիստ, առանց վախի ընտրություն լինի»,- ասաց նա:

tert.am

 Պռոշյանի ՀՅԴ-ական թեկանծու .Գելյոտինի սկզբունքով շարժվող իշխանիկներն ու մարզպետը կատարեցին իրենց սև գործը

vova

Պռոշյան համայնքի ղեկավարի ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակյանն արդեն հասցրել է արձանագրել ընտրակաշառքի դեպքեր, ինչպես նաև՝ ընտրությունների գործընթացին ՊՆ-ի ներգրավված լինելը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ որքան էլ հորդորեցին հայտնի ուժերին զերծ մնալ ընտրություններն ավանդական ձևով անցկացնելուց, չստացվեց։ «Ինչքան էլ ասացինք՝ թողեք գյուղը որոշի, որքան էլ հորդորեցինք, անտեսեցին։ Նրանք կատարեցին իրենց «սև գործը», ավելին՝ ՊՆ-ն միացավ իրենց»,- ասաց Վովա Սահակյանը՝ հավելելով, ո ր երեկ ՊՆ 3 բարձրաստիճան սպաներ՝ Սերգո Մուրադյանը, գնդապետներ Գևորգ Իսրայելյանը, Վարդան Գաբրիելյանը, գնացել են Արթուր Մուրադյանի նախընտրական շտաբ և հորդորել պռոշյանցիներին ապահովել մեծ թվով ձայն։Նրանք ասել են, որ պռոշյանցիները պարտավոր են ընտանիքներով գնալ ընտրության:

Վովա Սահակյանը նշեց, որ ուժային կառույցները կատարեցին իրենց «սև գործը», և ասաց, որ ամաչում է կատարվածի համար: Բացի այդ, ընտրություններից մեկ օր առաջ, իրենց տեղեկություններով, յուրաքանչյուրին բաժանվել է 10 հազար դրամ ընտրակաշառք: Նա իր ափսոսանքը հայտնեց,որ Սեյրան Օհանյանը ևս խառնվեց այս գործին ազատամարտիկների գյուղում:

Ըստ Վովա Սահակյանի՝ իշխանություններն այս անգամ էլ շարժվում են ինչպես միշտ, մինչդեռ այս ընտրությունները լակմուսի թուղթ պետք է լինեին: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ պռոշյանցիները կընտրեն պատասխանատվություն զգալով իրենց խղճի և Աստծո առաջ:

Նա կրկնեց իր նախընտական շրջանում ասած միտքը, որ եթե ազատ ու արդար ընտրություններ լինեն, ինքը կշնորհավորի մյուս թեկանծուին, սակայն «պետական մեքենան գելյոտինի սկզբունքով շարժող իշխանիկներն ու մարզպետը կատարեցին իրենց սև գործը»:

1in.am

76 ձայների առավելությամբ ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածուն:

Պռոշյան գյուղում կայացած գյուղապետի արտահերթ ընտրություններում, նախնական տեղեկություններով, փոքր առավելությամբ հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը:

Տեղամասերից ստացված տեղեկությունների համաձայն՝ նախնական տվյալներով Պռոշյան համայնքում առկա երկու տեղամասերից մեկում հաղթել է դաշնակցական Վովա Սահակյանը, իսկ մյուսում՝ Արթուր Մուրադյանը: Երկու տեղամասերից միասին, սակայն, Արթուր Մուրադյանը ստացել է 1317 քվե, իսկ Վովա Սահակյանը՝ 1241: Երրորդ թեկնածուն՝ Ալեքսան Ալեքսանյանն ընդհանուր առմամբ ստացել է 178 ձայն: 61 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Այսպիսով 76 ձայների առավելությամբ ընտրություններում հաղթել է Արթուր Մուրադյանը:
Առայժմ տեղեկություններ չկան, թե մասնակիցներից որևէ մեկը վերահաշվարկի դիմում ներկայացնելու մտադրություն ունի, թե ոչ:

Տպել Տպել