Ավարտվեցին Պռոշյանի գյուղապետի արտահերթ ընտրությունները

yntrutyuyn
ՀՅԴ–ն գնահատական չի տալիս Պռոշյանի ՏԻՄ ընտրություններին, իսկ նրանց պարտված թեկնածուն վերահաշվարկ կպահանջի

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն այս պահին զերծ է մնում երեկ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններին գնահատական տալուց, այս մասն Tert.am-ին ասաց Ազգային ժողովի նույնանուն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով օրերս հայտնում էր, որ հաշվի առնելով Պռոշյանում ստեղծված մթնոլորտը, ընտրությունները պետք է իդեալականին մոտ անցնեն։

«Այսօր դեռ մանրամասներին չեմ տիրապետում, այսօր բոլոր տվյալները կներկայացվեն, կամփոփվեն, նոր»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան համայնքում 1 317 ձայնով հաղթանակ է տարել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Արթուր Մուրադյանը, իսկ մյուս երկու թեկնածուներից ՀՅԴ-ական Վովա Սահակյանը հավաքել է 1241 ձայն, Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն:

Հիշեցնենք նաև, որ Պռոշյանի արտահերթ ՏԻՄ ընտրությունները նշանակվեցին այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 2–ին գյուղապետարանի շենքի դիմաց սպանվեց նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը։

Ընտրությունների նախնական տվյալներով՝ թիվ 26 ընտրատարածքում 3991 ընտրողներից երեկ գրանցվել և քվեաթերթիկ է ստացել 2799-ը: Անվավեր է ճանաչվել 61 քվեաթերթիկ:

Ինչպես Tert.am –ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքով՝ վերահաշվարկի կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին այսօր թեկնածուների նախընտրական շատեբերը կարող են դիմել ժամը 12-18-ը:

ԿԸՀ-ն ընտրախախտումների մասին որևէ ահազանգ չի ստացել, ինչպես նաև թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողովը, ինչի մասին Tert.am–ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Գրիգոր Արշակյանը՝ ասելով.«Բացառապես և ոչ մի խախտման մասին ահազանգ չենք ստացել»:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ թեկնածու Վովա Սահակյանը, ով վայելում էր ապրիլի 2-ին սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքի աջակցությունը, խիստ վրդովված է ընտրության արդյունքներից։

Tert.am –ի ետ զրույցում Վովա Սահակյանն ասաց.«Ինչ ասե՞մ, որ Պաշտպանության նախարարի հրամանով համակարգի բոլոր աշխատողներին կանչեցին հանրապետականի շտաբ, հաշվառեցին, հետո ասեցին կգնաք կընտրեք ընտանիքով: Երկու ամբողջ օր մասսայական ընտրակաշառք բաժանեցին՝ ձայնին 10 000 դրամ, որ մարզպետը իրա լծակներով, առողջապահական ծառայություններով, չգտեմ ինչով, պրեսինգի էր ենթարկում … հարկայինը բոլոր դուքանչիներին դրել էր գիլյոտինի տակ»:

Ի պատասխան հարցի, թե իր կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ համաձայն լրատվամիջոցների՝ պշոռշյանցիները հայտարարում էին, որ կանգնած են դաշնակցական թեկնածուի թիկունքին, սակայն վերցնում էին ընտրակաշառք, ասաց.«Դուք Երուսաղեմից՞ եք եկել կամ այլմոլորակային ե՞ք: Մարդիկ օրվա հացի խնդիր էին լուծում և 10 000 դրամը էս թշվառության պայմաններում գայթակղիչ է: Մարդիկ օրվա հացի խնդիր են լուծել, թե չէ կանգնած են»:

Թեկնածուն նաև հավելեց, որ այդքան ռեսուրս օգտագործելուց հետո էլ իշխանության թեկնածուն ընդամենը 64 ձայնի առավելություն ունեցավ: Վովա Սահակյանը հայտնեց, որ դիմելու է վերահաշվարկի համար:

tert.am

Ինչպես մնացածն են անցնում, այնպես էլ այստեղ են անցել. Հրաչ Մուրադյանի հարազատները` Պռոշյանի ընտրությունների մասին

Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքի համար անսպասելի էր երեկ` հուլիսի 14-ին, Պռոշյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Սպանված գյուղապետի եղբոր որդին` Հակոբ Մուրադյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինչպես ամբողջ երկրում են ընտրություններն անցնում, այնպես էլ այնտեղ են անցել:

«Ոնց ամբողջ երկրում է եղել, այնպես էլ այստեղ է եղել: Նման ելքը, իհարկե, սպասելի չէր մեր համար, ի՞նչ պիտի անենք: Դեպքի առաջին օրվանից էլ չենք կասկածել, որ պարոն Մուրադյանի սպանությունը կապ ունի իր պաշտոնի, քաղաքական գործունեության հետ»,- ասաց Հակոբ Մուրադյանը:

Նա նշեց, որ «ինչպես մնացածն են անցնում, այնպես էլ այստեղ են անցել», եւ այդ հարցում մի շարք անձանց «մատն է խառը»` վարչապետ, Կոտայքի մարզպետ, Պաշտպանության նախարար, Արման Սահակյանի եւ նրա հոր: Նրանք, թերեւս, չեն բողոքարկի ընտրությունների արդյունքները, իմաստ չեն տեսնում, իսկ իրենց սատարած թեկնածուն` Պռոշյանի գյուղապետի տեղակալ ՀՅԴ-ական Վովա Սահակյանն էլ չի շարունակի աշխատել իր պաշտոնում:

«Ես միայն մի բան գիտեմ, որ ժողովրդին կաշառել են: Ապագան ցույց կտա, թե ինչպիսի գյուղապետ կլինի Արթուր Մուրադյանը, բայց իր նման 500 հոգի էլ լինեն, Հրաչ Մուրադյանին չեն կարող հասնել, իր կողքով էլ չեն կարող քայլել»,- ասաց սպանված գյուղապետի եղբորորդին:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հուլիսի 14-ին տեղի են ունեցել գյուղապետի արտահերթ ընտրություններ, որտեղ հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը:

Ըստ ԿԸՀ տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 3991 ընտրողներից 2798-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն ստացել է 1317 ձայն, ՀՅԴ թեկնածու Վովա Սահակյանը՝ 1241 ձայն, իսկ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն:

news.am

Տպել Տպել