Փաստաբաննե’ր վարչապետի, միացե’ք

varchapetՀայաստանում ամեն երկրորդը վարչապետ Տիգրան Սարգսյանի փաստաբանն է դարձել: Դե, հիմա մարդը լուրջ խնդիրներ ունի և պաշտպանության կարիք, ի՞նչ կարող ես անել: Անմարդկային կլիներ նույնիսկ նրան այս վիճակում միայնակ թողնելը: Եվ բազմաթիվ ԶԼՄ-ներ, վերլուծաբաններ, քաղաքական և ոչ այնքան քաղաքական գործիչներ իրենց ողջ ջանքը ներդրել են վարչապետին խայտառակություններից հեռու պահելու համար: Ի՞նչ ասեմ, Աստված տա հաջողեն:

Ինքս էլ մեծ սիրով կլծվեի այդ հայրենասիարական գործին, բայց կուզենայի նախ՝ որոշ բաներ պարզել ինձ համար, որ հանկարծ չստացվի, թե բոբիկացածներից մեկն էլ ես եմ: Չեմ սիրում չիմացածս բաների մեջ խոթել քիթս: Կա՞, օրինակ, Հայաստանում մեկը, ով կբացատրի, թե ինչո՞ւ ՀՀ դատախազությունը հրաժարվեց օֆշորի խնդիրը Կիպրոսում ուսումնասիրելու մտքից: Տոմսերը, կարծես, պատվիրել էին, որ գնան, տեղում պարզեն, չէ՞: Հենց Կիպրոսի գլխավոր դատախազն ասաց, որ իր երկրում հնարավոր չէ ուրիշի անունով որևէ ընկերություն գրանցել ու գործարքներ կատարել, մեր դատախազության փուքսը թողեց: Այսինքն` գնան, հասնեն Կիպրոս, որ ի՞նչ անեն: Բայց չեն էլ ասում, թե ինչու չեն գնում, և, առհասարակ, ուր է հասել օֆշորի գործի քննությունը: Եղել է հրապարակային հայտարարություն` համապատասխան չափի և տոնայնության մեջ, որից վարչապետն ու նրա փաստաբանները պարտավոր էին անհրաժեշտ հետևություններ անել: Բայց…

Խոսքը, հավանաբար կռահեցիք, այն հայտարարության մասին է, որ վարչապետն իր շրջապատում ասել է, թե պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, և որ վարչապետն այդ պատերազմի շրջանակներում մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում: Մեղքս ի՞նչ թաքցնեմ, ինձ համար` որպես դաշնակցականի, նույնպես անսպասելի էր այդ հայտարարությունը, բայց այն աղմուկը, որ այդ հայտարարության շուրջ բարձրացրեցին վարչապետին սատարող ԶԼՄ-ներն ու մնացած բանակը, այլևս կասկածի տեղ չթողեցին, որ ասվել է հերթական ճշմարտությունը, և վարչապետը հայտնվել է հերթական սկանդալի մեջ: Հիմա կպել են Դաշնակցությանը, թե չէ որ չէ, պետք է բառացի ասեք՝ այդ ի՞նչ շրջանակում է վարչապետն այդպիսի բան հայտարարել: Ավելի դյուրին չէ՞ այդ հարցով ուղիղ վարչապետին դիմել: Շատ էլ նրա խոսնակն ասել է, թե վարչապետը զարմացած է այդ հայտարարությունից: Մեր վարչապետն այդ ինչից զարմացած չէ՞ որ: Hetq.am-ի բացահայտումների՞ց չէր զարմացած, ՎՊ զեկույցի՞ց չէր զարմացած…

ԱԺ պատմության մեջ թերևս ամենափորձառու «հետաքննիչ» Սամվել Նիկոյանը համարյա ցնցված է ՀՅԴ-ի հայտարարությունից: Այնքան չի հավատում իր ականջներին, որ, տեսեք, թե ինչ է ասում կայքերից մեկին տված իր հարցազրույցում. «Ինձ չի թվում, որ նա երբևիցե նեղ շրջապատում նման հայտարարություն արած լինի: Դա ավելի շուտ անհաջող պատճառ էր, որ ՀՅԴ-ն իր սլաքն ուղղի վարչապետի դեմ»: Որպեսզի Սամվել Նիկոյանը մեզ չմեղադրի իր ասածները համատեքստից կտրելու մեջ, ասենք, որ այս հարցազրույցում նա այն հանճարեղ միտքն է զարգացրել, թե ՀՀ նախագահն ու ԱԺ-ն համապետական հալալ-զուլալ ընտրություններով իրենց հարցերը լուծել վերջացրել են, ու հիմա բուն պայքարը գնում է վարչապետի պաշտոնի շուրջ: Կարճ ասած՝ խեղճ վարչապետ: Մյուս կողմից էլ` այնքան խեղճ, որ, ի դեմս նախագահի, «տղա» է բերում Վերահսկիչ պալատի վրա, որի արդյունքում «թալանչի» նախարարները հանկարծ դառնում են մեղադրողներ, իսկ անկախ մարմինը, որ կոչված է բացահայտել բյուջեի ծախսումների արդյունավետությունը, ձայնը կտրում, նստում է տեղը:

Նիկոյանն, ի դեպ, նույնպես զերծ չի մնում Դաշնակցության մասին հերթական հերյուրանքը տարածելուց: Ըստ երևույթին, դա էլ վարչապետի պատվերով է անում: Նա հայտարարել է. «Եվ ես չեմ կարծում, որ ամբողջ ՀՅԴ-ն է կիսում այդ տեսակետը: Նրանցից շատերի համար հստակ է, որ, հակառակը, վարչապետը միշտ էլ ցանկություն է ունեցել համագործակցել ՀՅԴ-ի հետ, որովհետև դա խորհրդարանական կուսակցություն է»:

Ինչպիսի PR և փաստաբանություն հօգուտ վարչապետի: Հավանաբար, պարոն Նիկոյանը մոռացել է, որ հենց ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն է առաջինը հանդես եկել այս ձախողակ վարչապետին պաշտոնանկ անելու առաջարկությամբ, և վարչապետը պաշտոնանկ չի արվել այն պատճառով միայն, որ ընդդիմության, այդ թվում` Դաշնակցության փաստարկները լսելու ցանկություն հանդես չի բերել: Նա այն ժամանակ բավարարվեց հայտարարելով՝ մեզ մոտ քաղաքական ճգնաժամ չկա և չի կարող լինել, քանի որ ԱԺ մեծամասնությունը հավատում է ինձ: ԱԺ մեծամասնությունը, բնական է, կհավատա (կամ ցույց չի տա, որ չի հավատում), իսկ մի ողջ երկի՞ր, որ նույն վարչապետի ձախողակ քաղաքականության զոհն է այսօր: Եվ հիմա, եթե ծուռ նստենք ու դուզը խոսենք, վարչապետն ամբողջ երկրին չէ՞, արդյոք, պատերազմ հայտարարել:

Մի մարդ, որ խրախուսում է արտագաղթը, մի մարդ, որ ամեն տարի ձախողում է տնտեսական աճն ու բյուջեի կատարումը, մի մարդ, որի օրոք բոլոր հնարավորությունները ստեղծվում են այդ բյուջեն թալանելու համար, ինչպե՞ս կարող էր միայն Դաշնակցությանը պատերազմ հայտարարած լինել: Նա նույնիսկ ինքն իր հետ է պատերազմի մեջ: Նրա մի կեսը օֆշորային գործարքների մեջ է, մյուս կեսը՝ օրենքներ է ընդունում ընդդեմ համեստ հարկատուների եւ ի նպաստ օլիգարխների ու միաժամանակ ջանում 7 տոկոս աճ ապահովել: Նիկոյանն էլ է այս մասին խոսել, բայց բոլորովին այլ կողմից է մոտեցել հարցին: Ըստ նրա՝ վարչապետի գլխավոր գործն այդ աճն ապահովելն է: Հասկացաք, չէ՞: Ուզում է ասել՝ թողեք աշխատի, ինչո՞ւ եք ամեն կողմից խանգարում: Ինչ կապ ունեն աղքատության աճն ու արտագաղթը՝ երջանկացեք տնտեսական աճի մասին նկարվող թվերով: Ահա այսպիսի բարձրարվեստ փաստաբան է պարոն Նիկոյանը:

Ավարտելով՝ մի խնդրանք փոխանցեմ սա վարչապետը փրկելու փորձ անող բոլոր փաստաբանական կառույցներին: Խնդրում եմ` մեկ անգամ ևս կարդացեք Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոսը» հեքիաթը: Թումանյանն էլ հո անաչառ է ու չի պայքարում վարչապետի աթոռի համար:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
yerkir.am

Տպել Տպել