Արցախցիներն արժանի են ամենաբարձր գնահատանքի. Արցախում են Արցախի բարեկամները

bakoԱվստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի 6 հոգանոց պատվիրակությունն ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ հուլիսի 15-ին այցելել է Հայաստանի Հանրապետույթուն, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հետ: Հուլիսի 16-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն: Հուլիսի 17-ին առավոտյան խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ նախագահի հետ: Հանդիպման ժամանակ նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին եւ ժողովրդին՝ Արցախին սատարելու եւ Արցախի անկախությունը փաստացի ճանաչելու համար` հավելելով, որ այն կարեւոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման եւ երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյունից:

«Մենք Արցախ ենք եկել, որպեսզի ընկերական հարաբերություններ զարգացնենք Արցախի հետ, ինչպես նաեւ ցույց տանք աշխարհին Արցախի հիմնախնդիրը,-նշեց խորհրդարանական Ջոնաթան Օդին, ով հայ-ավստրալիական բարեկամության խմբի նախագահն է,- Նոր Հարավային Ուելսի խորհրդարանն առաջինն էր Ավստրալիայում, որ ընդունեց Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաեւ ընդունեց Արցախի ինքնորոշման իրավունքը եւ այս համատեքստում նույնպես եղավ առաջինը: Անչափ տպավորիչ է, թե ինչպես եք կարողացել կառուցել ձեր երիկիրը, որը գրեթե ամբողջովին ոչնչացված է եղել: Մենք շնորկահալ ենք Արցախի ժողովրդին մեզ գրկաբաց ընդունելու համար եւ Հայ Դատի հանձնախմբին ենք շնորհակալ, որ օգնեց մեզ գալ Արցախ ու կազմակերպեց տպավորիչ հանդիպումներ»:

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վաչե Կահրամանյանի խոսքերով իրենց համար Արցախում գտնվելու հանգամանքով պայմանավորված հպարտության զգացումով են լեցուն, քանզի Ավստրալիայի Հարավային Նոր Ուելս նահանգի խորհրդարանի 6 պատգամավորներ գտնվում են ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. «Այս այցելությունը բացառիկ մի առիթ է մեր ժողովրդի համար, քանզի այս պատգամավորներն այցելել են մի պետություն, որը տարիներ շարունակ աշխատել է, որպեսզի համայն աշխարհը ճանաչի իր անկախությունը: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խարհրդարանն ամբողջ աշխարհում երրորդն էր, որը ճանաչեց ԼՂՀ-ն»:

Նույն օրը Ավստրալիայից ժամանած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ դատական համակարգի ներկայացուցիչներ: ԱԺ նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեզ համար շատ ոգեւորիչ էր անցյալ տարվա հոկտեմբերին ձեր ընդունած բանաձեւը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին, բանաձեւ, որի հեղինակներն այսօր այստեղ՝ մեզ հետ են։ Երեւի միայն ժողովրդավարական չափանիշները ճիշտ ընկալող մարդիկ ու կառավարման մարմինները կարող են նման գնահատելի քայլի դիմել՝ կարեւորելով ժողովուրդների ազատության եւ անկախության իրավունքը։»

Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակության կազմում Արցախ էր ժամանել Տրանսպորտի նախարար Գլեդիս Բելեջիկյանը: Ի դեպ Գլեդիս Բելեջիկկյանն առաջին ավստրալիացի հայն է, որն ընտրվել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան: Նա մեծ դեր է ունեցել երկրի խորհրդարանում Արցախի անկախության ճանաճման բանաձեւի ընդունման հարցում. «Չնայած իմ խորհրդարանական ընկերները հայեր չեն, բայց մտածում են հայի նման եւ իրենց հայի պես են զգում, նրանք շատ հետաքրքրված են Ղարաբաղի հարցերով: Ես առաջին անգամ Արցախ եմ այցելել 8-9 տարի առաջ եւ այս 8-9 տարիների ընթացքում մեծ զարգացում է ապրել Արցախը: Ինձ համար այս ամենը տեսնելն իսկապես հպարտություն է: Արցախցիներն արժանի են ամենաբարձր գնահատանքի: Թեեւ մենք հեռավոր մի երկրում ենք բնակվում, սակայն մեր սրտերն ու մտքերը միշտ ձեզ հետ են: Կեցցե Ղարաբաղը, Կեցցե հայ ժողովուրդը»:

Մարի Ֆիկարան, ով օրենսդիր խորհրդի անդամ է, վարչապետի խորհրդարանական քարտուղար, 2012թ Նոր Հարավային Ուելսի խորհրդարան է ներկայացրել ԼՂՀ ճանաչման առաջարկը: Մարի Ֆիկարան պատվիրակության անունից ԱԺ նախագահին հանձնեց հուշատախտակ, որի վրա փորագրված է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը. «Այսուհետ ԱԺ նախագահը մի մեծ առաջադրանք ունի, որպեսզի կարողանան գտնել մի մեծ պատ, որտեղ կզետեղեն հուշագիրը, որի կողքին առաջիկայում կհայտնվեն Ավստրալիայի այլ նահանգներից եկող բանաձեւերը եւ յուրաքանչյուր պատվիրակություն կտեսնի, որ Ավստրալիայի Նուր Ուելս նահանգի ճանաչման բանաձեւն այդ շարքում առաջինն է»:

Հիշեցնենք, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհուրդը ընդունել է բանաձեւ, որով «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ 20 տարի առաջ հարստահարիչ Ադրբեջանից անկախություն հռչակած նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Անի ԱԶԱՏՅԱՆ
aparaj.am

Տպել Տպել