Երեւանի Մամուլի Ակումբը Նշեց Հիմնադրման 18-ամեակը. Մրցանակ Է Ստացել Նաեւ «Ազդակ»-ի Գլխաւոր Խմբագիրը

G.P._Shahan5Յունիսի 18-ին Երեւանի «Հրազդան» հիւրանոցում տեղի ունեցաւ Երեւանի մամուլի ակումբի հեղինակած մրցանակաբաշխութիւնը, որին ներկայ էին գտնւում հայաստանեան լրատուական դաշտի յայտնի դէմքեր: Այդ օրը նաեւ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 18-րդ տարեդարձն էր: Ինչպէս նկատեց Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Պորիս Նաւասարդեանն` ակումբն արդէն թեւակոխել է «չափահասութեան» տարիք:

«Կատակով ասում ենք, որ արդէն պատրաստ ենք ծառայել բանակում եւ ամուսնանալ: Դա նշանակում է, որ մեր գործընկերութեան շրջանակները կարող են ընդլայնուել, եւ մենք դա անում ենք: Երեւի շատերն արդէն նկատել են, որ բաւականին ակտիւ ենք Հայաստանի համար այնպիսի կարեւոր գործընթացում, ինչպիսին եւրոպական համարկումն է, մասնաւորապէս, արեւելեան գործընկերութեան շրջանակներում:

Մենք շատ լաւ հասկանում ենք, որ լրատուամիջոցները չեն կարող զարգանալ, եթէ ընդհանուր հանրային դաշտն առաջընթաց չի ապրում, չի զարգանում, չի ընկալում եւ կիրառում առաջատար քաղաքակրթական արժէքները եւ սկզբունքները, եւ դա ստիպում է մեզ` արդէն չափահաս լինելով, ոչ միայն աշխատել նեղ ոլորտում, այլեւ ընդլայնել այլ ոլորտները, ձեռք բերել նոր գործընկերներ: Այդ առումով չափահասութիւնը նաեւ որոշակի իրաւունքներ է տալիս», լրագրողների հետ զրոյցում նշեց Պորիս Նաւասարդեանը:

«Ազդակ»-ի հարցին, թէ ի՞նչն է պակասում հայաստանեան լրագրութեան ոլորտում, նա պատասխանեց. «Առաջին հերթին պակասում է հանրութեան կողմից գիտակցումը, որ լրատուամիջոցները կարեւորագոյն հանրային հաստատութիւններ են, որոնք անկախ այլ ոլորտներում կեանքի դժուարութիւններից` կարող են օգնել համարեա բոլոր հարցերը լուծելու` եթէ ուժեղ են, հզօր են եւ ունեն համաքաղաքացիների վստահութիւնը: Իսկ վստահութիւնը ձեռք բերելու համար պէտք է լինի որակեալ լրագրութիւն, այսինքն` սա երկկողմանի գործընթաց է»:

Ինչեւէ, մրցանակաբաշխութիւնն ամփոփում էր երեք անուանական մրցանակներ, որոնք կրում են լուսանկարիչ-լրագրող Ռուբէն Մանգասարեանի, լրագրողներ Վալերի Այդինեանի եւ Տիգրան Նաղդալեանի անունները:

Լուսանկարիչ-լրագրող Ռուբէն Մանգասարեանի անուան մրցանակը յանձնեց լուսանկարիչ-լրագրող Գերման Աւագեանը, իսկ մրցանակը տրուեց լուսանկարիչ-լրագրող Սառա Անջարգոլեանին: Տիգրան Նաղդալեանի անուան մրցանակը յանձնուեց լրագրող, «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանին: Մրցանակը յանձնեց լրագրող-հրապարակախօս Յարութիւն Յարութիւնեանը: Վալերի Այդինեանի անուան մրցանակն էլ «Արմքոմետի» հաղորդման ստեղծագործական խմբի տղաներին: Ոչ անուանական մէկ մրցանակ յանձնուեց լրագրող-հրապարակախօս, արձակագիր Մեսրոպ Յարութիւնեանին:

«Ամէն մրցանակ խորհրդանշական է, որովհետեւ որպէս սփիւռքահայ` փոխադրուելով Հայաստան, այստեղ եմ աշխատում` որպէս լուսանկարիչ-լրագրող: Զգում եմ, որ ինչ-որ ձեւով ընդունւում եմ Հայաստանի մամուլի կողմից», «Ազդակ»-ի հետ զրոյցում նշեց Սառա Անջարգոլեանը: «Արմքոմետի» հաղորդման ստեղծագործական խմբի անդամ Նարեկ Մարգարեանն էլ անդրադառնալով մեր այն հարցին, թէ ինչքանո՞վ է օգնում կամ խանգարում մրցանակը, ասաց. «Մրցանակը բացարձակ չի խանգարում: Այն միայն օգնում է, քանի որ այն տրուեց արհեստավարժ լրագրողների կողմից, իսկ մեր հաղորդումը ձգտում է դէպի լրագրողականը: Մեզնից ոչ մէկը մասնագիտութեամբ լրագրող չէ, բայց հաղորդումները փորձում ենք անել լրագրողական բարոյագիտութեան կանոններին համապատասխան, ինչպէս նաեւ որպէսզի դա զուարճալի լինի: Շատ ուրախ ենք, որ արհեստավարժ շրջանակն ընդունել է»: Ի դէպ, նշենք, որ մրցանակակիրներից իւրաքանչիւրին բացի պատուոգրից եւ մրցանակից, տրուեց խորհրդանշական մի նուէր: «Արմքոմետիի» տղաներին նուիրեցին նարտի: Մեր հարցին, թէ արդեօ՞ք օգտագործելու են այդ նարտին, Ն. Մարգարեանը պատասխանեց. «Նարտին մեզ շատ կը փրկի «Ֆէյսպուք»-ից, որպէսզի ազատ ժամանակները սենեակում նարտի խաղանք, այլ ոչ թէ մտնենք ընկերային կայքեր»:

«Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն էլ պատասխանելով մեր այն հարցին, թէ ինչքանո՞վ է օգնում կամ խանգարում մրցանակը` ասաց. «Հետաքրքիր մրցանակ է, քանի որ մրցանակ տուողները մամուլի մասնագէտներ են, մամուլի բաժինի մէջ կայացած մարդիկ են, եւ այդ առումով` այս մրցանակը որոշակի մասնագիտական էութիւն ունի, արժէք ունի, երկրորդը` սփիւռքահայ լրատուամիջոցի, այս դէպքում` «Ազդակ»-ի հայրենի մեր մամուլի գործիչների ուշադրութեան կենտրոնում յայտնուելն է, եւ կարծում եմ, որ Միջին Արեւելքի հայութիւնը` իբրեւ համահայկական քարտէսի մէջ կարեւորութիւն, դիրք եւ ռազմավարական նշանակութիւն ներկայացնող միջավայր, յայտնուել է ուշադրութեան կենտրոնում: Դա մեզ մտածելու տեղիք է տալիս»: Իսկ հարցին, թէ արդեօ՞ք սպասելի էր մրցանակը, Շ. Գանտահարեանը պատասխանեց. «Մրցանակն ընկալում եմ այնպէս, որ սա մեր «Ազդակ»-ի հաւաքական ամբողջ աշխատանքի, Միջին Արեւելքի հայութեան ներկայացրած կարեւորութեան եւ հաւաստիութեան ձեւով մրցանակ է: Անձիս միջից փորձում եմ ընկալել այս բոլոր արժէքներին ուղղուած գնահատական: Այդ առումով պէտք է կարեւորել նման մրցանակները»: Յաւելենք, որ Շ. Գանտահարեանի մրցանակը շնորհուելիս ներկաները կարեւորեցին նրա` Միջին Արեւելքի իրադարձութիւնները աշխուժօրէն լուսաբանելը եւ հրապարակախօսական յօդուածները, այլ կերպ ասած` ի դէմս Շահան Գանտահարեանի` Միջին Արեւելքի, ինչպէս նաեւ հայաստանեան իրադարձութիւններին լուսաբանման կենտրոնում գտնուելու հանգամանքը…

Երեւան-Պէյրութ
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

aztagdaily.com

Տպել Տպել