Քաղաքապետարանի մոտ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիա է կայացել

19.07.13-5390100 դրամ (1)Բողոքի ակցիա է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանի մոտ: Ակցիայի փոքրաթիվ մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ: Հավաքվածներին փորձել են հանգստացնել ու նրանց հարցերին պատասխանել ոլորտի պատասխանատուները:

“Ավելի շուտ ինքնասպան կլինեմ, քան կվճարեմ 150 դրամ”,- ասում էր ակցիայի մասնակիցներից մեկը:

Քաղաքապետարանի մոտ հավաքված փոքրաթիվ մարդկանցից թերեւս յուրաքանչյուրն է պատրաստ ծայրահեղ քայլերի` միայն թե տրանսպորտով երթեւեկելու համար չվճարի 150 դրամ:

“Ես 150 դրամ չեմ վճարելու, ես ունեմ 2 երեխա, որոնց ամեն օր Կոմիտասից բերում եմ Սարյան՝ դպրոց, ի՞նչ եք կարծում, ես ամիսը 6000 դրամ ավել պիտի վճարե՞մ, չի լինելու նման բան”, ասաց մյուսը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նախ պահանջեցին ոլորտի պատասխանատուների ներկայությունը` իրենց հուզող հարցերն ուղղելու համար: Նրանց նախ մոտեցավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը, որը հավաքվածների տրանսպորտի թանկացման հստակ պատճառը նշելու հարցին ի պատասխան ասաց, թե ավտոբուսով երթեւեկություն կազմակերպելու համար 100 դրամը չէր բավարարում:

Բողոքողներհարց ուղղեցին Ալբերտ Գեւորգյանին` վերջնականապես ճշտելու, թե որքանով է գազի գնի բարձրացումն ազդել տրանսպորտի թանկացման վրա:

“Գազը էական նշանակություն չի ունեցել, դիզելային վառելիքը 270 դրամից թանկացել եւ դարձել է 470 դրամ, ոնց չի թանկացել”,- ասաց նա:

Ալբերտ Գեւորգյանը ակցիայի մասնակիցներին նաեւ փոխանցեց, որ տրանսպորտի վերջնական գինը որոշվել է երկար քննարկումների արդյունքում` եւս մեկ անգամ շեշտելով, որ տնտեսվարողների հայտերում առաջարկված 140-200 դրամ սակագնի միջակայքից ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է ամենաարդյունավետ՝ 150 դրամ սակագինը:

“Ու՞ր են գնում ձեր 100 դրամները: Դրա համար կա համապատասխան հաշվարկ տրանսպորտի մրցութային հանձնաժողովի կողմից: Մեր տնտեսվարողները շաը բարձր գին էին առաջարկում, բայց մեր հանձնաժողովը վերանայեց եւ 200 դրամի փոխարեն սահմանվեց 150 դրամ”,- ասաց Գեւորգյանը:

Երեւանցիներն իրենց բողոքի ձայնն արտահայտեցին նաեւ 50 դրամներ նետելով քաղաքապետարանի դիմաց: Դրանցից մեկն էլ դիպավ ոչ ավել, ոչ պակաս՝ քաղաքապետի խորհրդականի գլխին:

Ի դեպ. քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվարկների հետ համամիտ չէ “Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա վստահ է` պնդումները, որ տրանսպորտը սպասարկող ընկերություններն աշխատել են վնասով, չեն համապատասխանում իրականությանը:

Մինչեւ քաղաքապետարանի տարածքը լքելը, բողոքի ակցիայի մասնակիցները հաստատակամ էին մեկ հարցում` 150 դրամ չեն վճարելու ոչ մի պարագայում:

yerkirmedia.am

Տպել Տպել