Ազատության վախեցնող ուղեխափանքը

ազատւտըւնԵս այնպիսի տպավորություն ունեմ, թե մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել: Անտեսել ենք: Թույլ ենք տվել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք ինչ-որ կարևոր բանի կողքով անցել և նույնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Ես հայացք եմ ձգում հետ՝ 80-ականների վերջերին, 90-ականներին, նույնիսկ 2000-ականների սկզբին, և տեսնում, որ մենք առհասարակ չէինք ծրագրում հայտնվել նման աղբի մեջ, որում հայտնվել ենք: Ինչևէ, այս ոչ այնքան գրական արտահայտությունը բացատրելը դժվար չէ, և մեր այսօրվա կեցության համատեքստում դժվար թե շատերը ցանկանան այն մեղմել:

Թող «կեցություն» բառը ձեզ չապակողմնորոշի: Ես չեմ պատրաստվում գրել մարդկային արժանապատվությունը նվաստացնող մեր կենցաղի, սոցիալական, տնտեսական ու բնապահպանական ճնշող խնդիրների, ամենակուլ կոռուպցիայի, իշխանական վերնախավի զգալի մասի լիակատար անգրագիտության կամ էլ հանցագործ հակումների մասին, չնայած հիանալի գիտակցում եմ, որ մեր հասարակության մեջ շատերին դրանից բացի ուրիշ ոչինչ արդեն չի հետաքրքրում:

Աշխարհընկալման կերպարանափոխումը մեզանում կատարվել է աստիճանաբար, այնպես որ հասարակական տրամադրությունների զանազան վիճակների միջև սահմանագծերն անզեն աչքով կարող ես և չնկատել. «ոչ միայն հացիվ» ազնիվ կարգախոսից մենք անցանք սկզբում «հաց և զվարճանք» պահանջին, բայց հաց չի եղել և հիմա էլ չկա, իսկ միայն զվարճանքներով, որոնցով մեզ կերակրում է հանրապետականների իշխանությունը, չես կշտանա, այնպես որ հասարակական տրամադրությունները սահուն կերպով վերածվեցին «որտեղ հաց՝ այնտեղ հայրենիք» քաղքենիական իմաստնությանը: Եվ դա պատահական չէ:

Ճանապարհին ինչ-որ տեղ մենք սխալ ուղղությամբ թեքվեցինք: Ո՞վ է դրա համար մեղավոր և ինչո՞ւ այդպես ստացվեց՝ հիմա իմաստ չունի քննարկել, այսինքն առանց դրա էլ ամեն ինչ հասկանալի է: Դա չէ կարևորը:

«Ազատության վախեցնող ուղեխափանքը». այս արտահայտությունը ես կարդացել եմ շատ տարիներ առաջ՝ ամերիկացի գրող Թորնթոն Ուայլդերի «Մարտյան Իդեր» հրաշալի վեպում: Եվ հաճախ էի հիշում, երբ Հայաստանն անկախության ճանապարհին իր առաջին քայլերն անելիս հայտնվեց ճամփաբաժանում: Ո՞ր ճանապարհն ընտրել: Միշտ էլ սխալվելու վտանգ կա. ոչ մի փորձ չունեինք, իսկ մեր քաղաքական ու աշխարհագրական դրությունն այնպիսին էր, որ ինչպես սակրավորի պարագայում՝ սխալը կարող է միայն մեկը լինել՝ ճակատագրականը և վերջինը:

Վերջի՞նը: Երանի այդպես լիներ: Բայց ոչ. այս հարցում մեր բախտը չի բերել: Ի տարբերություն ականապատ դաշտի՝ քաղաքական դաշտն ունի մեկ առանձնահատկություն՝ այստեղ պայթյունը հազվադեպ է անմիջապես հաջորդում արված սխալին, այդ պատճառով էլ դրա հետևանքները միանգամից նկատելը հաճախ դժվար է լինում: Եթե սխալների հետևանքները միանգամից նկատելի դառնային՝ մենք կկարողանայինք ընթացքում փոխել ձախորդ «սակրավորներին», այսինքն տարբեր տրամաչափերի ղեկավարներին և առաջ շարժվել՝ սրբագրելով և շտկելով մեր ուղղությունը: Ավաղ… Եվ մեր ճակատագրի ինքնագոհ արարիչները շարունակում են մեկը մյուսի հետևից սխալներ գործել՝ չնկատելով, թե ինչ բավիղներ են մտցնում երկիրը՝ մինչև վերջապես կգա հատուցման ժամանակը: Ձեզ չի՞ թվում, որ մեր շոգեքարշը, որն «առաջ է սլանում» (Առա՜ջ, Հայաստան) այն մարդկանց ղեկավարությամբ, ովքեր չեն կարողանում տեսնել, ընդունել և ուղղել իրենց և իրենց նախորդների սխալները, մոտենում է հենց այդ կանգառին: Ճիշտ է, ամենադժվարը լինելու է ոչ թե նրանց, այլ մեր վիճակը, բայց դա արդեն նշանակություն չունի: Մարտավարական, ռազմավարական նման սխալների հետևանքները մենք տեսնում ենք բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, բարոյական և քաղաքական:

Անձամբ ինձ թվում է, թե մեր հույսերին հասցված ամենաուժգին հարվածը քաղաքացիական զգացմունքի՝ ազգի օրգանիզմի հիմնական իմունային մեխանիզմի կորուստն էր: Ասածս բացատրելու համար ես ստիպված կլինեմ խոսել հասարակ, թվում է՝ այբբենային ճշմարտությունների մասին: Սրանք սոսկ բառեր չեն: Ի՞նչ է դա՝ այդ քաղաքացիական զգացմունքը: Դա ընդամենը պատասխանատվության զգացումն է: Բայց ոչ միայն ընտանիքի, մտերիմների, երեխաների առողջության և սեփական բարեկեցության հանդեպ: Պատասխանատվություն՝ հայրենիքիդ հանդեպ: Պատասխանատվություն, որն անհնար է դնել ուրիշի, նույնիսկ սեփական կառավարության ուսերին: Որը չի կարելի վաճառել, ինչպես վաճառում են ձայները` ընտրություններին:

Հիշենք 80-ականների վերջը, հիշենք Ղարաբաղում ծայր առած պատերազմը: Ի՞նչը մեզ դարձրեց հպարտ, վճռորոշ և համարձակ: Ի՞նչը մեզ դարձրեց քաղաքացիներ: Ի՞նչը միավորեց մեզ: Ցեղակցությո՞ւնը, լեզո՞ւն, հազվագյուտ այբուբե՞նը, ընդհանուր պատմությո՞ւնը, «Ջերմուկ» հանքային ջո՞ւրը, ազգային ինքնության գիտակցո՞ւմը, եկեղեցի՞ն, սերը տոլմայի ու խաշի հանդե՞պ: Ոչ, թվարկյալները և շատ ուրիշ բաներ մեզ դարձնում են հայ, բայց Հայաստանի քաղաքացի մեզ դարձնում էր մեկ այլ բան:

Պատասխանատվության զգացումը: Ղարաբաղյան շարժումը մեզ քաղաքացիական պարտքի զգացում ընծայեց: Մենք մեզ զգացինք մի մասը այն հասարակության, որը գիտակցում է իր պատասխանատվությունը և մտածել անգամ չէինք կարող այն մասին, որ այդ պատասխանատվությունը դնենք «Պոլիտբյուրոյի» կամ էլ նման՝ մեզ չենթարկվող այլ ինստիտուտների ինչ-որ ներկայացուցիչների ուսերին: Այդ պատճառով էլ հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում:

Բայց հետո ինչ-որ մեկը վարպետորեն աղավաղեց մեր ուղենիշները: Կամ էլ գուցե ազգային շահերին համարժեք քաղաքական օրակարգ ձևակերպելու մեր սեփական անկարողությունը պատճառ դարձավ:

Որպես քաղաքացիական հասարակություն՝ մենք ձևավորվել ենք ղարաբաղյան շարժման ընթացքում, բայց հետո հեռացել ենք դրանից և որպես հետևանք՝ դադարել լինել քաղաքացիական հասարակություն՝ չնայած հենց այդ շարժումն էր ունակ մեր ներքին զարգացման և առաջընթացի խթանի դեր կատարել: Ոմանք հոժարակամ են հեռացել՝ բավարարված վերջին երկու նախագահների ղարաբաղյան ծագումով (իբր՝ սրանք չեն դավաճանի), մյուսներին մեղմորեն (ոմանց էլ՝ կոպտորեն) դուրս են հանել քաղաքական ասպարեզից: Եվ մենք ձեզ հետ միասին շարժվեցինք դեպի ոչ մի տեղ՝ հրապուրվելով կեղծ փարոսներով, կեղծ ուղեցույցներով: Հայ ժողովուրդը դադարեց լինել Ղարաբաղյան շարժման հիմնական բաղկացուցիչը, իսկ առանց մեզ այն շուտով կորցրեց իր կենսատու բնույթը՝ վերածվելով քաղաքական խարդավանքի, որին դարձյալ գործունորեն մասնակցում են «Պոլիտբյուրոյի» (բայց արդեն՝ ոչ թե խորհրդային, այլ միջազգային) ներկայացուցիչները:

Մենք լռելյայն դիտում էինք, թե ինչպես նույն մեր ղեկավարների ձեռքով Ղարաբաղը հեռացնում էին բանակցային գործընթացից, մենք համակերպվում էինք, երբ մեր դիվանագիտության «հանճարները» միջազգային համաժողովներին մասնակցելու մեկնողներին մեծամտորեն սովորեցնում էին մեծահոգի լինել ադրբեջանցիների հակահայկական հիստերիկ գրոհների հանդեպ. իբր՝ մեր կոշտ արձագանքը դուր չի գալիս արևմտյան գործընկերներին, իսկ ճշմարտությունն առանց դրա էլ բոլորը գիտեն: Մենք լուռ կողքի քաշվեցինք, երբ պարզ դարձավ, որ իրարահաջորդ կառավարություններից ոչ մեկը չի պատրաստվում իրական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները հայերով բնակեցնելու հարցում: Դաշնակները բողոքեցին, բայց դե` դաշնակներն են, էլի, հասկանո՞ւմ եք, բազմանշանակ քմծիծաղ էին տալիս դիվանագետները: Երբևէ վառոդի հոտ չառած, բայց իրենց երևակայող պաշտոնյաների մռութներին չէինք հասցնում, երբ նրանք ամեն առիթով և առանց առիթի բոլոր լսարաններում արիաներ էին երգում, թե Հայաստանը պատրաստ է զիջումներ անել: Մենք սովորեցինք ադրբեջանական էմիրության ներկայացուցիչների լկտի սպառնալիքներին՝ մոռանալով, որ նրանք մեր զսպվածությունն ընկալում են որպես թուլություն և վախկոտություն:

Մեզ հետ վարժեցրին պայքարելուց: Եվ դուք շատ լավ գիտեք, թե ինչու. հնազանդների հետ իշխանություններն իրենց ավելի հանգիստ են զգում:

Մեզ պատասխանատվությունից ազատեցին: Եվ մենք չգիտակցելով, որ օտարի ձեռքն ենք հանձնում մեր քաղաքացիական կոչումը՝ հեշտությամբ դեն նետեցինք սեփական երկրի համար պատասխանատվության բեռը: Եվ սփյուռքը, նայելով մեզ, արեց նույն բանը՝ երես թեքեց ու սկսեց զբաղվել իր գործերով:

Իսկ մենք ընկանք մեկ այլ տարերքի մեջ: Ազատության: Այն երեխաների նման, ովքեր անսպասելիորեն ձեռք են բերել անծանոթ ազատությունը՝ մենք սկզբում չէինք վախենում ուղեխափանքից: Չունենալով փորձ՝ նաև չէինք լսում նախազգուշացումները և չէինք սովորում միջոցներն ու մեթոդները տարբերել նպատակներից, կարևորը՝ երկրորդականից: Ազգային շահերի հստակ ցանկը, որի առաջին տողում եղել և մնում է Ղարաբաղի հարցը, մեր գիտակցության մեջ ինչ-որ հետին տեղ մղվեց, իսկ առաջին տեղ եկան ժողովրդավարական վերափոխումների, վարչական բարեփոխումների և այլնի՝ թեկուզև շատ կարևոր, բայց օժանդակ հարցերը: Հետո դրանք էլ արդիականությունը կորցրին: Դրանց փոխարինելու եկան խարդավանքները, սկանդալները և բամբասանքը, որոնք դարձան օրօրի նեխող հասարակության տեղեկատվության աղբյուրները:

Եվ համընդհանուր անտարբերության այս հենքին մեր երկիրն այսօր ստիպված է լուծել ռազմավարական կարևորության հարցեր: Խոսքը ոչ միայն եվրոպական սերտաճման նոր փուլերի և ռուսական կողմնորոշման միջև բարդ ընտրության մասին է: Դրանց մենք դեռ կանդրադառնանք: Խոսքը մեր հասարակության կենսունակ մոդելի ընտրության մասին է: Ինչպե՞ս ելք փնտրել:

Հիմա, երբ մենք հոգնած, հիասթափված, երբեմնի բոլոր պատրանքները կորցրած հայտնվել ենք փակուղում՝ ժամանակն է, որ վարվենք այնպես, ինչպես սովորաբար վարվում են քարանձավում մոլորվածները՝ պետք է դանդաղորեն, խարխափելով վերադառնալ հետ՝ մինչև գտնենք այն, ինչ կորցրել ենք, մինչև գտնենք մեր ուղեցույց թելը, մինչև գտնենք ինքներս մեզ: Նույն գետը երկու անգամ մտնել չես կարող, բայց ուրիշ գետ առայժմ չկա:

Այդ մասին՝ հաջորդ համարում:

Վ. ՄԱՐԻՆՈՍՅԱՆ

sobesednik.am

Տպել Տպել