Մեր պահանջը պետք է լսելի դառնա Թուրքիային

gasparՀոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կանցկացվի Եվրոպահայերի 3-րդ համագումարը: Այսօր, «Ուրբաթ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կազմակերպվելիք համագումարի մասին խոսեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

Ըստ նրա` Եվրոպահայերի երրորդ համագումարին ներկայացուցիչներ կլինեն Հայաստանից, Արցախից, ինչպես նաև եվրոպական տարբեր երկրներից: Համագումարն իր ներկայությամբ կպատվի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Կարապետյանի խոսքով` համագումարի օրակարգի առաջին խնդիրը 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվելն է: «Մենք պետք է միմյանց հետ համագործակցենք և հասնենք անպիսի քայլերի, որպեսզի մեր պահանջներն ավելի լսելի դառնան Թուրքիայի և միջազգային հանրության համար»,- ասել է նա:

Ըստ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահի` իրենք կարող են հաճախակի կազմակերպել համագումարներ, սակայն, միայն մարդկանց հրավիրելով և խոսելով չէ, պետք է որոշակի աշխատանքներ կատարված լինեն, որպեսզի դրանք քննարկվեն:

«Թուրքիան և միջազգային հանրությունը պետք է հասկանան, որ հայ ժողովրդի խնդիրը Ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայից միայն ներողություն լսելը չէ, այլ հատուցման պահանջը»,-հայտարարել է Գասպար Կարապետյանը

Անդրադառնալով եվրոպահայերին մտահոգող խնդիրներին` նա կարևորեց Արցախի ճանաչումն ու արցախցիների անվտանգության ապահովումը:

Ըստ Կարապետյանի` այսօրվա հրատապ խնդիրներից է նաեւ ջավախահայության իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես` Ջավախքում լեզվի խնդիրը: «Մեր պահանջներից մեկն այն է, որ հայերենը Ջավախքում դառնա երկրորդ լեզու»,- ասել է նա և հավելել, որ այն հանգանակությունները, որոնք հատկացվում են Ջավախքին, պետք է օգտագործվեն միայն նրանց խնդիրների լուծման համար:

Սակայն Կարապետյանը համարում է, որ հիմնական խնդիրը թերևս Հայաստանի` Եվրոպային մերձենալն է: Նա նշեց, որ Եվրոպայի հայկական համայնքներում ակտիվությունը մեծ է, սակայն, միևնույն ժամանակ, ցավով փաստեց, որ այդ գաղութները համալրվում են Հայաստանից արտագաղթածների հաշվին:

Եվրոպայի հայերի 3-րդ համագումարին ընդառաջ

Երկիր Մեդիայի «Երկրի հարց»-ը հաղորդաշարի հյուրն է Հայ Դատի Եւրոպայի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը:

Տպել Տպել