Ոչ համապատասխան կադրերով հնարավոր չէ հավակնոտ ծրագրեր իրականացնել


«Երկիր».- «Վարչապետն ասում է, որ իշխանության մեջ չպետք է լինեն տգետներ եւ անդաստիարակներ, պետք է վերացվեն մենաշնորհները: Սա լավ սկիզբ է, եւ ենթադրում եմ, որ այն, ինչ ասում է վարչապետը, նախագահի հետ ընդհանուր համաձայնության արդյունք է»,- «Ուրբաթ» ակումբում ասաց ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը:

«Այս նոր նշանակումները ինձ համար ընդունելի եւ գոհացուցիչ նշանակումներ են: Լսում ենք նաեւ ինչ-որ գործընթացների մասին: Եվ ինձ առիթ են տալիս մտածելու, որ երկրի նոր ղեկավարությունը իսկապես գնում է այն ճանապարհով, ինչի մասին ասել են ե’ւ նախագահը, ե’ւ վարչապետը: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր աշխատանք Հայաստանում կարող է կատարվել համապատասխան կադրերի միջոցով: Այն հավակնոտ ծրագրերը, որոնք ներկայացվում են, ոչ համապատասխան մարդկանց միջոցով հնարավոր չէ իրականացնել, օրինակ` կոռուպցիան կրճատել այն մարդկանց ջանքերով, որոնք ասոցացվում են կոռուպցիայի հետ»,- հայտարարեց դաշնակցական գործիչը:

Նրա խոսքով` քաղաքական իրավիճակը մինչ ընտրությունները եւ այսօր Հայաստանում տարբեր են: Մինչ ընտրությունները այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ երկրում միայն լավ բաներ են արվում, տնտեսությունը զարգանում է, եւ այլն, եւ այլն, բայց պարզվեց, որ ժողովուրդը շատ դժգոհ է, որովհետեւ կան լուրջ հիմնահարցեր:

«Հիմա նոր իրականություն է, եւ խելացի, ճկուն քաղաքական գործիչները, միշտ նկատի ունենալով հասարակական պահանջը, եւս փոխվում են, հարմարվում են այդ պահանջին կամ դառնում այդ պահանջի, պատվերի կատարողը: Սա հեռու է պատեհապաշտությունից: Քաղաքական իշխանությունը գալիս է կատարելու այն պատվերը, որն ունի ժողովուրդը, որը թելադրում են ժամանակը եւ պետական հիմնախնդիրները: Այսինքն` նոր իշխանությունը բավականին պետք է վերափոխվի, հասկանա, որ ինքն այն Հայաստանում չէ, որը գոյություն ուներ մինչ ընտրությունները, եւ պետք է կարողանա կատարել այսօրվա հասարակական, համընդհանուր պահանջը»,- ասաց Ա. Շահբազյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե անհրաժե՞շտ են նոր խորհրդարանական ընտրություններ, ինչը որոշ ուժերի կողմից համարվում է իրավիճակի լուծման ճանապարհ, բանախոսը նշեց, որ խորհրդարանը լուծարելու պատճառ կարող է լինել ճգնաժամը, երբ ԱԺ-ն չի կարողանում իր առջեւ դրված խնդիրները լուծել: «Իսկ եթե լուծարելու պատճառ պետք է բերվեն հասարակական ընդդիմադիր տրամադրությունները, պետք է հիշել, որ վերջին խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցել այն ընդդիմադիր ուժերը, որոնք կարողացան նախագահական ընտրությունների ժամանակ մեծ զանգված հավաքել: Մեկ տարի հետո այլ իրավիճակ կարող է լինել, եւ մենք կրկի՞ն պետք է ընտրություններ անցկացնենք: Նոր ընտրությունը խնդիր չի լուծի: Չի կարելի անընդհատ փորձության ենթարկել ժողովրդի ե’ւ համբերությունը, ե’ւ տրամադրությունները: Քանի որ յուրաքանչյուր նման գործընթացի ժամանակ ներքին լարվածություն է առաջանում ժողովրդի մեջ»,- նկատեց Ա. Շահբազյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իր նպատակն է լինելու այնպես անել, որ այս իշխանությունները չճանաչվեն: Ըստ Ա.Շահբազյանի` արդեն ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես քաղաքական ընդդիմադիր լիդեր, առաջիկայում պետք է շարունակի այդ դերակատարության մեջ մնալ: «Հիմա ինքն է որոշելու, թե ինչ խնդիրներ պետք է լուծի: Ես չէի ցանկանա, որ նրա ընդդիմադիր գործունեությունը եւ իշխանության դեմ պայքարը հանկարծ դառնար պետության հիմքերը խարխլող պայքար: Հիմքեր ունեմ նման մտահոգություն հայտնելու: Իսկ եթե քաղաքական քաղաքակիրթ պայքար տարվի իշխանության դեմ` ողջունելի է, որովհետեւ նման պայքարը անհրաժեշտ է Հայաստանում»,- ասաց Ա. Շահբազյանը:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբում հնչած գնահատականներին, ապա Ա.Շահբազյանը նշեց, որ, իհարկե, դրանք մտահոգիչ են: Բայց միաժամանակ, այն մենաբանությունները, առաջարկները, որոնք տրվել են այդ կառույցի կողմից նախագահական ընտրությունների վերաբերյալ, այնքան էլ չեն տարբերվում այն գնահատականներից, որոնք հնչել են նաեւ մեր քաղաքական ուժերի, անգամ բարձրագույն իշխանությունը ներկայացնող ուժերի կողմից: «Բայց մեզ համար շատ ավելի կարեւոր պետք է լինի, թե մենք ինչ ենք մտածում մեր գործերի մասին եւ ինչպես ենք պատրաստվում դրանք շտկել, այլ ոչ թե մտածենք, որ ուրիշները միջամտեն մեր գործերին: Դա դժվար խնդիր է, բայց մենք պետք է լուծենք այն»,- ասաց ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցության ղեկավարը:

Տպել Տպել