Հայոց ցեղասպանությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի պաշտոնյաներն արհամարհում են Թուրքիայի սպառնալիքները

a~}€alkaԱվստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերրի Օ’Ֆարելն արհամարհանքով է պատասխանել Թուրքիայի սպառնալիքներին` արգելելու Հայոց ցեղասպանությունը ճանաչած ավստրալացի պատգամավորներին 2015 թվականին մասնակցել ANZAC տոնին (The Australian and New Zealand Army Corps Day):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 21-ին ավստրալական ABC հեռուստաընկերության պատրաստած հաղորդման ժամանակ Ավստրալիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Գուլսերեն Քելիքը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունած վարչապետ Օ’ Ֆարելին և Նոր Հարավային Ուելսի այլ պատգամավորներին կմերժվի վիզաներ տրամադրել` Գալիպոլիում անցկացվելիք ANZAC տոնին մասնակցելու համար:

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետն ի պատասխան հայտարարել է, որ թուրքական կառավարության արգելքն անընդհատ կհիշեցնի ազատության համար ավստրալացի զինվորների պայքարն ու հերոսությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: «Ինչ սարսափելի մեղադրանք գլխավոր հյուպատոսի կողմից` ուղղված ազատությունների դեմ, որի համար կռվել են Գալիպոլիում», – The Australian թերթի փոխանցմամբ` լրագրողներին ասել է վարչապետը` հավելելով, որ ոգեկոչման արարողությանը կնախընտրեր տեսնել Գալիպոլիի վետերանների ժառանգներին, քան քաղաքական գործիչների:

Օգոստոսի 21-ին ավստրալական ABC հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ էր պատրատել` նվիրված Հայոց ցեղասպանությանը: 2015 թվականին լրանում է ինչպես 1915 թվականին զոհված մոտ 1,5 միլիոն հայերի և Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում ավստրալիացի զինվորների մահվան 100-ամյա տարելիցը: Ինչպես յուրաքանչյուր տարի ապրիլին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այնպես և հազարավոր ավստրալացիներ ուխտագնացություն են կազմակերպում Գալիպոլի` հարգանքի տուրք մատուցելու ընկած զինվորների հիշատակին:

«Նրանք համակարգված կերպով պարզապես բնաջնջել են ժողովրդին` համայնք առ համայնքը, գյուղ առ գյուղ: Հետաքրքիր է, որ երբ Ադոլֆ Հիտլերը ծրագրում էր հրեաների ցեղասպանությունը և որոշ հարցեր էին բարձրացվել, նա պատասխանել էր. «Մի անհանգստացեք, ով է հիշում հայերի ցեղասպանությունը»»,- հաղորդման ժամանակ նշել է Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտի հեղինակ Ֆրեդերիկ Նայլը:

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ստորին և վերին պալատները մայիսին ընդունել էին Օսմանյան կառավարության կողմից կազմակերպած և իրականացրած` Հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող և Հայոց ցեղասպանության ընդունումը վերահաստատող բանաձև: Թուրքիան պնդում է, թե փաստաթուղթը չի համապատասխանում պատմական փաստերին: Բանաձևի ընդունմանը հաջորդել էր Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որով արգելվում էր ավստրալացի քաղաքական գործիչներին այցելել Թուրքիայի Գալիպոլի թերակղզում 2015 թվականի ANZAC-ի հիշատակի միջոցառումներին:

«Մենք հայտարարում ենք, որ չենք ների նրանց, ովքեր կանգնած են այդ որոշման հետևում, որ մենք չենք ցանկանում նրանց այլևս տեսնել Չանաքալեում»,- ABC-ին նշել է Գալիպոլիի համայնքի ղեկավարը:

«Ես սրտի կաթված չեմ ստանա, եթե չկարողանամ գնալ այնտեղ, բայց, կարծում եմ, անազնիվ է ինչ-որ ընդհանուր արգելք կիրառել Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրադարանի բոլոր անդամների հանդեպ»,- սպառնալիքին պատասխանել է Ֆրեդ Նայլը:

Ավստրալական հեռուստաընկերության պատրաստած ֆլիմում ելույթ է ունեցել նաև մեծ ճանաչում վայելող անվանի ցեղասպանագետ Քոլին Թաթցը, ով հաստատել է. «Աշխարհի տարբեր վայրերից հավաքված վճռորոշ գիտական ապացույցներ կան, որ ցույց են տալիս, որ 1915-1922 թվականններին հայերի, Պոնտոսի հույների և ասորիների հետ տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն է, որի արդյունքում բնաջնջվել է այդ ժողովուրդների կեսը»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ABC հեռուստաընկերությանը` հաղորդումը պատրաստելու, պատմական փաստերը վեր հանելու համար:

armenpress.am

Տպել Տպել