Պռոշյան համայնքի ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանը օգոստոսի 23-ին կդառնար 50 տարեկան, եթե ապրիլի 2-ին արձակված դավադիր գնդակից չսպանվեր։
“Մարտական խաչ” երկրորդ աստիճանի շքանշանակիր հերոսի ծննդյան 50-ամյակը, սակայն, արդեն առանց Հրաչի կանցնի։ Հիշատակի արարողությունը կմեկնարկի 12։30՝ Պռոշյանի գյուղապետարանի մոտից, կշարժվեն դեպի գյուղի պանթեոն, ուր ամփոփված են նաեւ Հրաչի մրատական ընկերները։
1989 թվականից նա այն հարյուր քաջերի մեջ էր, ովքեր միայն Պռոշյան համայնքից անդամագրվեցին Արցախյան ազատամարտին։ Լեգենդար Պետրոս Ղեւոնդյանի հետ անցել է ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչեւ Ֆիզուլի:
Հրաչ Մուրադյանը 90 թվականից Դաշնակցության անդամ էր: Նրա շատ ընկերները զոհվեցին ազատամարտում թշնամու գնդակից։ Այդ նույն գնդակը խնայեց նրան պատերազմի դաշտում, բայց արդեն ապրիլի 2-ի առավոտյան արձակված ոչ պակաս թշնական փամփուշտը չխնայեց խիզախ ազատամարտիկի, գործունյա ղեկավարի եւ պարզապես հիանալի մարդու կյանքը։
“Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսեւորենք եւ լավ հայ լինելու պատվին արժանանանք: Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել”,- ասում էր Պռոշյանի գյուղապետը։
Հերոսի ծննդյան հիշատակի արարողությունը նախաձեռնել է “Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ” հասարակական շարժումը, որը համախմբել է հասարակական բազմաթիվ կազմակերպույթունների, իրավաբանների, փաստաբանների։ Հենց նրանք վերջերս հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են՝ բացահայտելու համար Հրաչի սպանության դրդապատճառները, պատասխանատվության ենթարկելու իրական մեղավորներին։
Հրաչ Մուրադյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը՝ սպանության գործի նյութերին ծանոթանալով, հայտարարել էր, որ այդ սպանությունը Հրաչ Մուրադյանի գույքի, անձի, նրա մերձավորների դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների վերջին օղակն էր:
Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նույն համայնքի բնակիչներ Արտակ Պետրոսյանը եւ Արայիկ Պետրոսյանը։
yerkirmedia.am







