Այս խաղաղ, համեմատաբար խաղաղ ժամանակներում մեր պայքարը Արցախի ճանաչման համար է: Մենք Արցախում զիջելու բան չունենք

mitingՀայ Յեղափոխական Դաշնակցությունն ավանդույթ է դարձրել ԼՂՀ անկախության օրը նշել Ազատության հրապրակում: Այսօր եւս, Արցախի անկախության, ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅԴ-ն հրավիրել էր տոնական հանրահավաք-տոնախմբության:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը շնորհավորել է Արցախի անկախության տոնի կապակցությամբ և իր խոսքում նշել. «25 տարի առաջ էլ այս հրապարակը լեցուն էր, ժողովուրդը դուրս էր եկել պայքարի: Այդ ժամանակ նրանք չէին կարող պատկերացնել, թե ինչ է լինելու հետո, ոչ ոք չգիտեր, թե հետո-ն ինչ է»: Այդ մարդկանցից շատերը, նրա խոսքերով, այսօր չկան, մի մասը զոհվեց պատերազմի դաշտում, մի մասն էլ մահացավ հետագա տարիներին: Նրանց պայքարով, սակայն, հռչակվեց ԼՂՀ-ն:

Ադրբեջանը, Վահան Հովհաննիսյանի խոսքերով, Սովետական Միության փլուզումից հետո ստացավ բազմաթիվ զինամթերք, Ադրբեջանում բակվում էր 6 միլիոն մարդ, Արցախում՝ 150 հազար, սակայն հայության հավաքական կամքը կարողացավ կոտրել թշնամուն, խլել զինամթերքը: Գլխավոր խնդիրն այժմ, ըստ Վահան Հովհսննիսյանի, ԼՂՀ միջազգային ճանաչումն է, ինչը պետք է հասկանա մեր իշխանությունը: Նա նաեւ չի ընդունում զիջումների մասին տեսակետները. «Մենք Արցախում զիջելու բան չունենք, մենք տարներ շարունակ լուռ էինք մնում եւ թույլ տվեցինք, որ նորելուկ քաղաքական գործիչները, պետական այրերը արտասահմանում ափեղ-ցփեղ խոսեն զիջումների մասին: Դո՞ւք եք ազատագրել. հայ զինվորն է ազատագրել եւ նա էլ պետք է ասի, թե որն է լինելու զիջումը՝ խաղաղության դիմաց»:

Այս խաղաղ, համեմատաբար խաղաղ ժամանակներում մեր պայքարը Արցախի ճանաչման համար է: Մենք Արցախում զիջելու բան չունենք:

Այսօր Ադրբեջանը հիստերիայի մեջ է, նրանք ուղղակի խայտառակ հիստերիկ վիճակում են, ոչ միայն նրա համար, որ պարտություն են կրել և այդ հոգեվիճակը մինչև հիմա շարունակվում է, այլ որովհետև ամաչում են. Նրանք ունեին ամեն ինչ, իսկ մենք ոչինչ, բայց մենք նրանց ծնկի բերեցինք»:

Արցախի անկախության տոնին ելույթով հանդես է եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ նշել, որ այսօր Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարդությունների առաջ, երբ նորից ճակատագրական ընտրության առջև ենք կանգնած. «Մի կողմից՝ որ կողմ գնանք, ուր գնանք հարցերն են, մյուս կողմից ոխերիմ հարևանի ռազամատենչ հոխորտանքներն ու սպառնալիքներն են, փորձերը մեզ ներքաշել նոր պատերազմի մեջ»:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես կարող ենք վերականգնել ազգային միասնականությունը. «Պետք է արձանագրենք, որ անցած քսանհինգ տարիներին լուրջ սխալներ թույլ տվեցինք՝ շեղվելով ազգային նպատակներից: Մեր իշխանությունները չհասկացան, որ եթե դու չես ցանում, մշակում արդարության սերմը, անարդարության որոմն է ծլում ու բազմապատկվում:

Այսօր գերխնդիր ունենք ազատվելու անարդարության որոմից, համախմբվելու ազգային նպատակների շուրջ»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր հերթին շնորհավորել է Արցախի անկախության տոնի կապակցությամբ և իր խոսքում նշել. «ՀՀ առջև բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց ամենահիմնականը արտագաղթն է, որ պետության, պետականության առաջին մակարդակի սպառնալիք է դիտվում: ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի՝ հայկական երկու պետականությունների գլխավոր խնդիրն է արտագաղթը, Հայաստանից հեռացողների հիմնական դրդապատճառները աշխատանք չունենալն է, բավարար վարձատրություն չստանալը եւ արդարության ու ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Տնտեսագետ պատգամավորը կազմել է արտագաղթի կասեցման ծրագիր, որը կազմված է 11 դրույթներից եւ պարունակում է 95 միջոցառումներ. այն եւ կադրային խնդիրներն է լուծում, որպեսզի պաշտոն ստանձնեն խելացի մարդիկ, այլ ոչ թե ծանոթի սկզբունքով, աշխատատեղերի ստեղծում, արժանապատիվ աշխատավարձ, առողջապահական պարտադիր ապահովագրություն, հասանելի եւ մատչելի կրթություն եւ այլն, որոնք բոլորը նպաստելու են պետության հզորացմանը: Արծվիկ Մինասյանի խոսքերով, իշխանությունը պետք է ընկալի իր հասցերին արված քննադատությունը, հասկանա եւ լուծի խնդիրները, այլ ոչ թե թշնամաբար նայի քննադատություններին:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից ելույթ է ունեցել միության վարչության անդամ Գերասիմ Վարդանյանը:

Նա նախ շնորհավորել է հավաքվածներին տոնի կապակցությամբ, ապա նշել որ այսօր մեծ անելիք ունի հայ երիտասարդն ու ուսանողը.«Չեն սխալվել մեր մեծերը երբ ասել են, որ նոր սերնդի երիտասարդության լինել-չլինելու մեջ է հայ ժողովրդի լինելիության հարցն ամփոփված: Մենք տերն ենք մեր հաղթանակի և դեռ շատ անելիք ունենք: Ծնունդդ շնորհավոր ազատ անկախ Արցախ»:

Հանրահավաքին հաջորդել է տոնական համերգը։ Հնչել են ազգային, հայերանասիրական երգեր: Հանդես են եկել ազգագրական պարային խմբեր, երգիչներ: Տոնախմբության ավարտն ամփոփվել է հրավառությամբ:

Տպել Տպել