Սիրիահայերի համար կառուցվելիք բնակարանները շուկայականի կես գինը կունենան

halep«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր օգնությունը ցուցաբերել սիրիահայերին՝ այս անգամ փորձելով պետական աջակցությամբ՝ հայրենիք վերադարձած սիրիահայերին ապահովել բնակարաններով։

Tert.am-ի հետ զրույցում «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկյանը նշեց, որ իրենք ձեռնամուխ են եղել սիրիահայերի համար երկու բազմաբնակարան շենքերի կառուցմանը և արդեն իսկ նախագծում են երրորդ շենքը նույնպես ընդգրկել ծրագրի մեջ, իսկ բնակարանները կտրվեն շուկայականից 50% պակաս գնով։

«Հիմա երրորդ շենքի կառուցման մասին ենք մտածում, երկու շենք կառուցելու ծրագիր ունենք, որից մեկը կկառուցվի Դավթաշենում, իսկ երկրորդը՝ Աջափնյակում»,-ասաց նա։

«Ընդհանուր առմամբ, նախնական ծրագրով կկառուցվի մոտ 100 բնակարան, որոնց գները մատչեի կլինեն։ Գումարի հիմնական մասը բարեգործական ծրագրի շնորհիվ է, և այդ առավելությունը, որ կառավարությունը տվեց հարկերից ազատելու մասով, նշանակում է, որ բնակարանի գները սիրիահայերին կտրվեն շուկայականի կես գնին համարժեք»,- ասաց նա։

Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը վստահեցրեց, որ բնակարանների հանձնման հարցը խիստ վերահսկողության տակ է, և տրվելու է միմիայն սիրիահայերին։ Ըստ նրա, արդեն իսկ գրանցվածներ կան, մի մասն էլ տեղեկացվում է ծրագրի մասին։

Հարցին, թե որտեղից են գումարները հայթայթել, Խաչիկ Ճոզիկյանը պատասխանեց՝ ասելով, որ դրանց մի մասը հողի ինքնարժեքի ծախսը փակելու և այլնի համար բարերարներն են աջակցել, իսկ մնացածը սիրիահայերի նախապես վճարած գումարներն են, ինչպես նաև քիչ չեն ժողովրդի օգնությամբ հավաքված գումարները։

tert.am

Տպել Տպել