ԱՄՆ Կոնգրեսի Հունաստանի աջակցության խմբի համանախագահները սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևին

ամնԱՄՆ Կոնգրեսի Հունաստանի աջակցության խմբի համանախագահներ Մայքլ Բիլիրակիսը և Քարոլին Մալոունին իրենց աջակցությունն են հայտնել «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմարտության» մասին բանաձևին` ի նշան հայ-հունական երկարամյա համագործակցության: «Արմենպրես»-ին այս մասին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Մենք միանում ենք ողջ ամերիկահայությանը` մեր երախտիքը հայտնելով կոնգրեսականներին և հայ-հունական կոալիցիայի մեր բոլոր գործընկերներին` հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյաների նկատմամբ Թուրքիայի իրականացրած ցեղասպանության միջազգային արդարացի դատապարտմանը սատարելու և առաջնորդելու համար»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Հույները, հայերը և Միացյալ Նահանգների մեր բոլոր համաքաղաքացիները, ովքեր ձգտում են բարձրացնել ամերիկյան գաղափարները, անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ Սպիտակ տունն, ի վերջո, կդադարի աջակցել Անկարայի ժխտողական քաղաքականությանը և կուղղորդի թուրքական հանրությանն ու պետությանը բարոյական ու նյութական պատասխանատվություն կրել կատարած ոճրագործությունների համար»,- հավելել է նա:

Կոնգրեսականներ Բիլիրակիսը և Մալոուն միացել են «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» բանաձևը սատարող կոնգրեսականներ Էլիոթ Էնգելին, Սքոթ Գարեթին, Ռաշ Հոլթին, Սթիվ Իզրայելին, Նիթա Լոուին, Գրեյս Նափոլիթանոնին, Դևին Նյունեսին, Էլիոսն Շվարցին, Բրեդ Շերմանին, Քրիս Վան Հոուլենին, Հենրի Վաքսմանին, Ջոն Թիերնինին, Ջենիս Չայկովսկինին, և այլ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր արդեն իսկ մեծ ներդրում ունեն արդարության հաստատման այս ազնիվ գործում:

«Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» ակտը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել մայիսի 17-ին` ԱՄՆ կոնգրեսականներ Մայքլ Գրիմի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի և Ֆրենկ Փալոնեի կողմից: Այն Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված նորարարական նախաձեռնություն է, որը կոչ է անում ԱՄՆ-ին նոր մոտեցում ցուցաբերել հայ-թուրքական հարաբերություններին: Ակտը կրկնում և վերահաստատում է ԱՄՆ-ի` նախկինում ամրագրված դիրքորոշումը Հայոց ցեղասպանությանը որպես «ցեղասպանություն», վկայակոչելով 1951 թվականի մայիսի 28-ին ԱՄՆ կառավարության արդարադատության` միջազգային ճանաչմանն ուղղված և Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին կոնվեցիան, 1981 թվականի ապրիլի 22-ին Ռոնալդ Ռեյգանի` Ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացված Հոլոքոստը դատապարտող հայտարարությունը և 1975 ու 1984 թվականներին Կոնգրեսի ընդունած Հայոց ցեղասպանության մասին օրենքները:

armenpress.am

Տպել Տպել