Ծրագիր «Մենք ապրելու ենք մեր երկրում»

Ազգային ծրագրի նախագիծը մշակվել է ՀՅԴ Գերագույն մարմնի «Ապրել» հանձնախմբի կողմից

Ներբեռնել փաստաթուղթը PDF ֆորմատով

ARF_Logo-colored

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Երրորդ Հանրապետության անկախության ողջ ժամանակաշրջանում արտագաղթի խնդիրը միշտ համարվել է ակտուալ, իսկ վերջին տարիներին այն հասել է ահագնացող չափերի և, ըստ էության, վերաճել է ազգային անվտանգության սպառնալիքի:

Արտագաղթի վերաբերյալ պետական արժանահավատ տվյալների բացակայության պայմաններում, սոցիալ-ժողովրդագրական բազմաթիվ վերլուծություններ և հարցումներ փաստում են, որ միգրացիոն գործընթացներում երկրից հեռանալ ցանկացողների թիվը չափազանց մեծ է: Ի տարբերություն նախկինում դիտված այս երևույթի տարերային դրսևորումների, ներկայումս այն ստացել է յուրահատուկ ինքակազմակերպման ձև և իր բնույթով դարձել է ցանցային: Այսինքն, Հայաստանից հեռացողները նպաստում, իսկ հաճախ նաև կազմակերպում են իրենց բարեկամների, մտերիմների և շրջապատի երկրից մեկնումը:

Արտագաղթողների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում երիտասարդները, միջինից բարձր կրթական ցենզ ունեցող, ըստ էության վերարատադրողական տարիքի և առավել մեծ աշխատանքային արտադրողականության պոտենցիալ ունեցող անձինք: Դիտարկումները փաստում են, որ տեղի է ունենում նաև կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսք:

Փաստորեն ստեղծվել է մի վիճակ, երբ լրացնելով ժողովրդագրական բացասական միտումներ առաջացնող ցածր ծնելիությանը, հիվանդացության և մահացության դեռևս բարձր մակարդակներին, արտագաղթը ստանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ նշված ազգային անվտանգության սպառնալիքի կարգավիճակ:

Հետևաբար, այսպիսի կարգավիճակ ստացած երևույթի դեմ պայքարը պետք է լինի ծրագրային և համակարգված: Երկրի առջև ծառացած այլ կարևորագույն խնդիրները նույնպես պահանջում են լուծումներ, սակայն նպատակ չհետապնդելով բոլոր խնդիրները մեկ ծրագրով լուծելը, այս փաստաթղթում ներկայացվում են միայն արտագաղթի կասեցմանը միտված կարճաժամկետ, միջին ժամկետ և երկարաժամկետ առաջնահերթ գործողությունները: Այս նպատակով է, որ ՀՅԴ գերագույն մարմինը սույն աշխատանքով փորձ է արել ներկայացնել ստեղծված վիճակը, բացահայտել արտագաղթի հիմնական պատճառները, առաջարկել կոնկրետ գործողություններ և ձևավորել ու կյանքի կոչել արտագաղթի կասեցման համակարգային անհրաժեշտ լուծումները: Աշխատանքի ներածությանը հաջորդում է հռչակագիրը, որը ձևակերպելով խնդիրը ներառում է դրա լուծման հիմնական ուղղություններն ու կազմակերպման հիմնադրույթները, որոնք առավել մանրամասը, հատկապես գորոծությունների մասով ներառված է հռչակագրին հաջորդող բաժնում: Աշխատանում օգտագործվել են ինչպես Հայաստանին առնչվող սոցիալ-ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական բազմաթիվ վերլուծություններ, հարցումներ, ինտերնետային նյութեր, տպագիր հետազոտություններ, ծրագրային առաջարկներ և այլն, այնպես էլ միջազգային փորձին վերաբերող տեղեկատվական փաստաթղթեր:

Աշխատանքը չի հավակնում դառնալ վերջին ճշմարտություն ամրագրող դատողությունների փաստաթուղթ, սակայն այն հնարավորություն կտա առավել խորը ընկալելու արտագաղթի բացասական հետևանքները, լրացնելու այս երևույթի դեմ պայքարի ծրագրերը, նպաստելու ներազգային համախմբմանը և ծրագրային գործողությունների համակարգված իրականացման միջոցով` հայոց պետականության հզորացմանը:

Հուսով ենք, որ ծրագրի քննարկման, գաղափարների և առաջարկների բյուրեղացման ճանապարհին ծրագիրը կդառնա համազգային գործողությունների անհրաժեշտ պլատֆորմը, որի իրականացման գործում իրենց մասնակցությունը կունենան քաղաքական իշխանությունը, ընդդիմությունը, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, հասարակական-քաղաքական հատվածը, եկեղեցին, սփյուռքի ազդեցիկ շրջանակները, մտավորականությունը և հատկապես երիտասարդությունը:

ՀՌՉԱԿԱԳԻՐ

‹‹ՄԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ›› ԾՐԱԳՐԻ

Հայաստանի առջև ներկայումս ծառացած խոշորագույն մարտահրավերը ազգային անվտանգության սպառնալիքի վերաճած արտագաղթն է:

Վերլուծություններն ու հարցումները փաստում են, որ երկրից հեռանալ ցանկացողների թիվը չափազանց մեծ է: Արտագաղթի հիմնական պատճառներն են աշխատանք և բավարար ապրուստ չունենալը, արդարության նկատմամբ հավատի բացակայությունն ու հեռանկար չտեսնելը:

Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ, չկարողանալով ինքնադրսևորվել շատերը իրենց և սերունդների ապագայի անորոշությունից դրդված, լքում են հայրենիքը:

Երկրի բազմաբնույթ խնդիրների ամբողջական և համապարփակ լուծումների հիմքը ազգային մտածողություն ունեցող, բարոյական չափանիշներով ապրող նոր որակի քաղաքական վերնախավի (էլիտայի) ձևավորումն է։ Վստահ ենք՝ արմատական բարեփոխումներ նախատեսող յոթ առաջնահերթ գործողությունների ՀՅԴ պլատֆորմը կստեղի այդպիսի վիճակ: Բայց նախ այն պետք է ընկալելի դառնա քաղաքական իշխանության, ընդդիմության և հասարակության բոլոր շերտերի կողմից: Հետևաբար օր առաջ պետք է նպատակային քաղաքականությամբ, հասարակական ամենալայն շրջանակների համախմբամբ հասնել իշխանությունների որակական փոփոխության, երկրում ձևավորել քաղաքացու կյանքի, ազատության և սեփականության անձեռնամխելի իրավունքների երաշխավորման համակարգ: Այդ դեպքում հեռանալու որոշումը մարդիկ կփոխեն երկրում արժանապատիվ ապրելու որոշման:

Առ այդ առաջնահերթ է.

1. Տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը: Վարել անձի չվարկաբեկվածության, անհրաժեշտ ունակության ու փորձառության վրա հիմնված կադրային քաղաքականություն: Պաշտոնատար անձը պետք է գործի թափանցիկ և հաշվետու լինի հանրությանը: Քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդներին քաղաքական ու կառավարման համակարգում ինքնադրսևորման լայն հնարավորություն պետք է տալ:

2. Հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, ներդրումները խրախուսող: Վերանայել տուրքի, տուգանքի, պարտադիր այլ վճարի անվան տակ հոգուտ մասնավորի դրամ կորզելու գործելաոճը (կարմիր գծեր, չափագրող սարքեր և այլն):

3. Ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ:

4. Սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության:

5. Կրթությունը դարձնել որակյալ և մատչելի, ապակուսակցականացնել կրթական համակարգի ղեկավարումը:

6. Ապահովել յուրաքանչյուր քաղաքացու` նվազագույնից ոչ ցածր եկամուտ և բնակտարածք ունենալու իրավունքի իրացումը:

7. Ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ` սկսելով ազատամարտիկներից և նրանց ընտանիքներից:

8. Վերացնել անպատժելիությունը, իրականացնել արդարադատության հաստատման օրենսդրակիրառական վերափոխումներ: Բացառել գերակա հանրային շահի և այլ հիմնավորումներով սեփականության իրավունքից զրկելը:

9. Բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցում:

10. Դիմագրավել հակահայաստանյան քարոզչությանը, ձևավորել Հայաստանում արժանապատիվ ապրելու համոզումն ու քաղաքացու կերպար: Քաղաքական իշխանության և նրա ծրագրերի քննադատությունը չպետք է դիտվի որպես երկրի քննադատություն, իսկ իշխանություններին և նրանց ծրագրերը քննադատողները չպետք է այն վերածեն երկրի քննադատության:

‹‹Մենք ապրելու ենք մեր երկրում›› ծրագրի նշված ուղղությունները ներառում են կոնկրետ քայլեր:

Ծրագրի գործադրման մեջ պատասխանատվություն պետք է ստանձնի քաղաքական իշխանությունը, անելիքներ ունեն ընդդիմությունը, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, հասարակական-քաղաքական հատվածը, եկեղեցին, սփյուռքի ազդեցիկ շրջանակաները, մտավորականությունը և հատկապես երիտասարդությունը:

Ծրագրի արդյունավետ գործադրման երաշխիքը հասարակության լայն համախոհությունը, պահանջների բյուրեղացումն ու կազմակերպվածությունն է, ինչն ապահովելու նպատակով նշված բոլոր հասցեատերերի հետ, կարճ ժամանակահատվածում, իրականացվելու են ծրագրային գործողությունների և դրանց ճանապարհային քարտեզի քննարկումներ:

Լայն համաձայնությամբ ձևավորված ամբողջական ծրագրի գործադրմանը խոչընդոտող կամ դիմադրող ցանկացած արգելք` համախմբված հասարակության կողմից գնահատվելով որպես անկախ պետականության սպառնալիք, պետք է վերացվի, սահմանադրությամբ չարգելված ցանկացած գործողության միջոցով:
Պահի լրջությունը պահանջում է. մեկտեղել բոլորիս ուժերը, ցուցաբերել կամք և վճռականություն, ձեռնարկել գործողություններ` վերականգնելու ապագայի նկատմամբ հավատը, նվազեցնելու արտագաղթի տեմպերը, հիմքեր ստեղծելու ներգաղթի կազմակերպման և պետականության հզորացման համար:

Համոզված ենք. ծրագրի կատարումը ներազգային համերաշխության և միասնականության ապահովման հիմքն է:

ԻՐԱՎԻՃԱԿԸ

1. Միջազգային մակարդակում դիտվող միգրացիոն տեղաշարժերը տարբեր երկրների համար ձևավորում են ժողովրդագրական մարտահրավերներ: Դրանք տարբեր են` ըստ երկրների առանձնահատկությունների, սակայն գրեթե բոլորի հիմքում ընկած է երկրի անվտանգ և կայուն զարգացումը:

2. Հանրապետության անկախության ողջ ժամանակաշրջանում արտագաղթի խնդիրը միշտ համարվել է ակտուալ, իսկ վերջին տարիներին այն հասել է ահագնացող չափերի և վերաճել ազգային անվտանգության սպառնալիքի:

3. Հայտնի է. պետության հզորության հարցում ի թիվս այլ կարևոր գործոնների կենտրոնական տեղում են երկրի ժողովրդագրական բնութագրիչները: Ինչպես գիտականորեն հիմնավորված է, ազգային հզորությունը կարող է ներկայացվել մի բանաձևով, որտեղ պետության կամ ազգային հզորությունը = (բնակչության և ժողովրդագրական, ինչպես նաև տարածքի բնութագրիչներ + տնտեսական կարողություն + ռազմական կարողություն) x (ստրատեգիական նպատակ + ազգային ստրատեգիա հետամտելու կամք): Այս բանաձևը ցույց է տալիս թե որքան փոխկապված են միմյանց հետ սովորական կյանքում առաջին հայացքից իրար հետ առնչություն չունեցող աշխատավարձի մեծությունը և պետության ռազմական կարողությունը, հարկային համակարգն ու տարածքի օգտագործման (հողերի արդյունավետ յուրացման) մակարդակը և այլն: Սակայն դա փոխկապակցվածության բացակայության միայն թվացյալ տպավորություն է, մինչեռ խորքում երկրի առջև ծառացած բազմաբնույթ հիմնախնդիրները ոչ միայն սերտորեն կապված են միմյանց հետ, այլև դրանց լուծման համար առաջարկվող ցանկացած առաջարկ պետք է դիտարկել համակարգային լուծման համատեքստում:

4. Արտագաղթի վերաբերյալ թեև չկան պետական արժանահավատ տվյալներ, սակայն սոցիալ-ժողովրդագրական բազմաթիվ վերլուծություններ և հարցումներ փաստում են, որ միգրացիոն գործընթացներում երկրից հեռանալ ցանկացողների թիվը չափազանց մեծ է և այն ունի ցանցային բնույթ: Արտագաղթողների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում երիտասարդները, միջինից բարձր կրթական ցենզ ունեցող, ըստ էության վերարատադրողական տաիրքի և առավել մեծ աշխատանքային արտադորողականության պոտենցիալ ունեցող անձինք:

5. Արտագաղթի պատճառներն առաջանում են արտածին և ներքին գործոնների ազդեցության ներքո: Արտածին գործոնների մեջ առանձնանում են.

5.1. այլ երկրների կողմից վարվող ներգաղթի քաղաքականությունը,

5.2. աշխարհաքաղաքական, այդ թվում տարածաշրջանում ձևավորված մարտահրավերները,

5.3. արտաքին կենտրոնների վարած քաղաքականությունը,

5.4. Հայաստանի և Արցախի ոչ պատերազմ-ոչ խաղաղություն փաստացի վիճակը,

5.5. Հայաստանի տևական շրջափակումը և անորոշությունն այս հարցում,

5.6. հակահայկական քարոզչությունը և այլն:

6. Արագաղթի ներքին գործոնները առավել շատ սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական և սոցիալ-հոգեբանական են:

7. Սոցիալ-տնտեսական գործոնների ներքո հարկ է առանձնացնել արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք ունենալու հնարավորությունների (հատկապես երիտասարդների համար) սահմանափակ լինելը, հասարակության հարուստ և աղքատ շերտերի խիստ գերբևեռացումը, սոցիալական նվազագույնից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների մեծ տեսակար կշիռը, տնտեսության կառուցվածքային և հակամենաշնորհային քաղաքականության գրեթե բացակայությունը, Երևանից դուրս, հատկապես գյուղական բնակավայրերի թերազարգացվածությունը, ագրարային հատվածում անարդյունավետ քաղաքականությունը և այլն:

8. Սոցիալ-քաղաքական գործոնների շարքում կանխորոշողը քաղաքական համակարգի չկայացվածությունն է, ընտրական համակարգի անկատար վիճակը, ընտրական գործընթացի անվան տակ իշխանությունների անընհատ վերարտադրությունն ու <<ամեն ինչ հաղթողին է>> կարծրատիպի ամրացումը, անկախ դատական համակարգի չկայացվածությունն ու իրավապահ այլ մարմինների նկատմամբ հասարակության մի ստվար հատվածի անվստահությունը և այլն:

9. Սոցիալ-հոգեբանական գործոնների մեջ առանձնանում է Հայաստանի անկախության վերանվաճումից հետո առավել բարեկեցիկ կյանքով ապրելու չիրականացված ապասումն ու դրա տարածմանը նպաստող ընդգծված բացասական տեղեկատվությունը:

10. Փոփոխությունների սպասող հանրությունը, ստանալով բացասական տրամադրություններ առաջացնող մեծածավալ տեղեկատվությունը և համադրելով այն իրականության հետ, սոցիալ-հոգեբանական առումով հայտվում է մի վիճակում, երբ կորցնում է հույսն ու հավատը, գերիշխող է դառում խաթարված լավատեսությունը: Այսպիսի հասարակությունում հաջողության հասնելու հիմնական միջոց է դիտվում ստորաքարշությունը, կաշառակերությունը, վաշխառությունը, խնամառությունը, ծախվածությունը և նմանատիպ այլ բացասական հատկանիշները, իսկ դրանք չընդունողների մեծամասնության համար` այլ երկներում բախտ որոնելու որոշման կայացումը: Իհարկե այդպիսի վիճակի առաջացման գործում նաև իր էական դերն ունի իշխանության առանձին ներկայացուցիչների մոտ ձևավորված և տիրապետող դարցած համոզումը, որ իշխանությունը «հավերժ» երկարաձգելու նպատակի գլխավոր պայման համարվում է առանց կամքի և նպատակների, երկրի ապագայի նկատմամբ պատկերացումներ չունեցող ու հեշտ կառավարելի ժողովուրդի առկայությունը: Թերևս սրանով պետք է պայմանավորել շատ կոշտ և հետևողական անհանդուրժողական վերաբերմունքի ցուցաբերումը այլակարծությանը, նախաձեռնողականությանը, ըմբոստությանը, ինքնուրույնությանը և ժողովրդի ու ազգի համար այլ նմանատիպ որակական հատկանիշներին: Ամոթի, պատասխանատվության բացակայությունը և սուտը դարձել են գործողությունների սկզբունք:

11. Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ ինքնադրսևորման ու ինքնաիրացման խնդիրը լուծելու համար շատերը կամ փոխում են իրենց տեսակը կամ իրենց և սերունդների ապագայի անորոշությունից դրդված լքում են հայրենիքը: Այլ կերպ ասած, հասարակությունը փոխակերպվում է:

12. Վերը նշված գործոնների ներքո արտագաղթողների մոտ ձևավորվում է Հայաստանում ապագա չտեսնելու համոզումն ու հայրենիքից դուրս ապրելու ցանկությունը: Ինչպես վկայում են անցկացված սոցիոլագիական մի շարք հետազոտությունները, Հայաստանից մեկնելու հիմնական պատճառներն են աշխատանք և բավարար ապրուստ չունենալը` շուրջ 49%, ինչպես նաև արդարության նկատմամբ հավատի բացակայությունն ու հեռանկար չտեսնելը` մոտ 47%: Փաստորեն երկրից հեռանում են աշխատանք չունեցողները, աշխատանք ունեցող, բայց բավարար եկամուտ չունեցողները, աշխատանք և լավ եկամուտ ունեցող, սակայն ավելի բարեկեցիկ կյանքի ձգտողները, երկրի վաղվա օրվա հանդեպ հույսը կորցրածները, սեփական երկրում ազգակցից անարդարության ենթարկվողները, ինքնադրսևորման ավելի մեծ հորիզոններ փնտրողները և ի վերջո երկար տարիներ երկրում տարատեսակ բացասական լիցք ստացած ու դրա հետևանքով հոգեբանորեն վախի մթնոլորտում ապրողները: Սոցիալական այս երևույթի առաջացմանը նպաստում են ինչպես դրսից, այնպես էլ երկրի ներսում իրականացվող ակամա, իսկ հաճախ էլ նպատակային գործողությունները:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

13. Հասարակության մոտ այս բացասական դրսևորումները կասեցնելու կամ մեղմելու առումով խիստ կարևոր է իրատեսական նպատակի ձևակերպումը: Հայտնի է, որ առաջացած իմունային դեֆիցիտը հնարավոր է հաղթահարել առնվազը նույնքան ժամանակահատվածում որքանում այն առաջացել է, և հաշվի առնելով արտագաղթի կանխմանն ուղղված հրապարակումների և քննարկումների հակառակ ազդեցության ռիսկը, արտագաղթի դեմ պայքարի միջոցառումներում պետք է բացառել ավելորդ շտապողականությունը:
14. Հետևաբար ակնկալել, որ ատրագաղթը ցանկացած իշխանության բարի կամեցողության ու լուրջ ծրագրերի իրականացման պայմաններում անմիջապես կդադարի, հեռու է իրատեսությունից, որովհետև առաջացած պայմաններն ու հայրենի բնակչության ստացած հոգեկան հարվածն այն չափ է, որ դրա վերացումը երկար ժամանակ կպահանջվի։

15. Իհարկե ամբողջական ու համապարփակ լուծումների հիմքը ազգային մտածողություն ունեցող և բարոյական չափանիշներով ապրող նոր որակի ղեկավարության իշխանության գալն է։ Այսինքն ոչ թէ սոսկ իշխանափոխությունը, այլ իսկապես բարոյական չափանիշներին հավատացող ու դրանցով առաջնորդվող քաղաքական վերնախավի (էլիտայի) ձևավարումն է, որը ոչ միայն կապահովի նոր որակի ղեկավարության իշխանության գալը, այլ նաև երկրում արմատական բարեփոխումներ կկատարի։ Այդ պարագայում հնարավոր կլինի ժողովրդին նախ հույս ներշնչել, վստահություն ներարկել վաղվա օրվա հանդեպ և երկրորդ` իրականացնել ծրագրեր, որոնց արդյունքում ժողովուրդը կտեսնի, որ երկրում դեպի վերելք տանող իրական փոփոխություններ են տեղի ունենում, ուստի ինքը կարող է հոգեբանորեն տրամադրվել ու դիմագրավել դժվարություններին։

16. Ելնելով երկրում ստեղծված ծանր պայմանները հիմնարար հաղթահարելու անհրաժեշտություննից, ՀՅԴ գերագույն մարմինը դեռևս 2012 թվականին հրապարկեց յոթ կետերից կազմված անհրաժեշտ-նվազագույն գործողությունների քաղաքական պլատֆորմը, որի իրականացումը կարող էր երկրին դուրս բերել տևական տեղապտույտից` տեղափոխելով այն կայուն զարգացման մայրուղի: Հրապարկ բերվեցին քաղաքական օրակարգի հետևյալ հիմնական առաջնահերթությունները`

16.1. ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ. բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի,

16.2. մինչև 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով,

16.3. իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու նպատակով` օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Մասնավորապես` Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև ստեղծվելիք հակակոռուպցիոն գործակալության ղեկավարումը վերապահել ընդդիմությանը: Վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմությանը քվոտա ամրագրել,

16.4. հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ դարձնելով նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը և աղքատության վերացումը

16.5. ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման, բարիքների ստեղծման ազատությունը և դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում: Սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը,

16.6. արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը,

16.7. ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք: Ամրագրել, որ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը,

16.8. ետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել` մեկնելով ազգային անվտանգության ռազմավարությունից, չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը:

17. Համոզված լինելով, որ այս խնդիրների լուծումն է երկրի առաջնահերթությունը, ՀՅ Դաշնակցության գերագույն մարմինը նախաձեռնեց քաղաքական լայն քննարկումներ, որոնց ընհանրական եզրահանգումն է. առաջարկվող քաղաքական պլատֆորմը մինչև ամբողջական գործադրումը պետք է ընկալելի դառնա քաղաքական իշխանության, ընդդիմության և հասարակության բոլոր շերտերի կողմից:

18. Սա նաև նշանակում է, որ դրա համար երկար ժամանակ և հետևողական աշխատանք է պահանջվում, մինչդեռ երկրում ձևավորված ժողովրդագրական վատթարացող վիճակը, քաղաքական այդ պլատֆորմի իրականացման համար մարդկային ռեսուրսի տեսանկյունից կարող անիրագործելի դառնալ:

19. Հետևաբար ժամանակի և պետականության ամրապնդման համար անհրաժեշտ մարդկային նվազող ռեսուրսի գործոնը հաշվի առնելով, օր առաջ պետք է նպատակային քաղաքականությամբ, հասարակական ամենալայն շրջանակների համախմբամբ հասնել իշխանությունների որակական փոփոխության: Նվազագույնը երկրում պետք է ձևավորել մարդու (քաղաքացու) երեք կարևոր՝ կյանքի, ազատության և սեփականության անձեռնամխելի իրավունքների երաշխավորման համակարգ, որն ունակ կլինի ազդելու հեռացողների որոշումների փոփոխության վրա` ի օգուտ երկրում արժանապատիվ ապրելու որոշման:

20. Ներկայացված վիճակը պարտավորեցնում է իրականացնել գործողություններ, որոնք կապահովեն հասարակության մոտ ապագայի նկատմամբ հավատի վերականգնումն ու կնպաստեն արտագաղթի տեմպերի նվազեցմանը` հիմքեր ստեղծելով դրա հետագա կասեցման և ներգաղթի խրախուսման համար: Առաջարկվող գործողությունների ձևակերպման համար հաշվի է առնվել նաև միջազգային փորձը:

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21. Իրականացնել քաղաքական և տնտեսական գործառույթների զուգակցումը բացառող, անձի չվարկաբեկվածության, անհրաժեշտ ունակության ու փորձառության հատկանիշների գերակայությունը երաշխավորող, իսկ հանրային ծառայության ոլորտում` նաև հանրային ծառայողների բնականոն առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականություն:

Առ այդ`

21.1. պետական պաշտոններից ազատել ցոփությամբ, թմրամոլությամբ և այլ նեգատիվ դրսևորումներով տարված ու քրիստոնեական արժեհամակարգը ոտնահարող անձանց,

21.2. օրենքով արգելել հանրային ծառայողի կողմից խաղատներում շահումով խաղերին մասնակցելը և նախատեսել այս պարտավորության խախտման դեպքում աշխատանքից անմիջապես ազատելու օրենսդրական հնարավորությունը,

21.3. օրենքով արգելել բարձրագույն պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխակապակցված անձանց կողմից, պաշտոնավարման ընթացքում, արտերկրում խոշոր ներդրումներ կատարելը, (անշարժ գույք, արժեթղթեր, բանկայի հաշիվներ և այլն),

21.4. հասարակության բոլոր շերտերում հայտնաբերել հայ ազգի հավաքական կեպարի հատկանիշներով օժտված անհատներին և խրախուսել նրանց գործունեությունը: Աջակցել ու օգնել բոլոր հարցերում՝ անձնական և տեսակային հաջողություններ գրանցելու համար,

21.5. գործադիր ոլորտում պաշտոնների նշանակելիս առաջնորդվել անձի պրոֆեսիոնալ, վարկաբեկված չլինելու, հասարակությունում հարգանք և հեղինակություն վայելելու սկզբունքներով, բացառությամբ առանձին քաղաքական պաշտոնների, բացառել կուսակցական պատկանելիությամբ պաշտոնի նշանակման ձևավորված արատավոր պրակտիկան, իսկ պաշտոնի նշանակելուց հետո պաշտոնյան պետք է դադարեցնի իր կուսակցական պատկանելիությունը կամ կասեցնի այն պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում,

21.6. ձևավորել քաղաքական ընդդիմության գործուն դերակատարությունն ապահովող իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ, այդ թվում`ընդունել ընդդիմության և ընդդիմության կողմից վերահսկողության մասին օրենքները, հանրային ծառայությունների էթիկայի հանձնաժողովը վերակազմավորել հակակոռուպցիոն մարմնի, դրա, ինչպես նաև հակամենաշնորհային քաղաքականությունն իրականացնող մարմնի և, քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավարումը վերապահել ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուներից նշանակված անձին: Նույն կարգով վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմությանը տալ քվոտա,

21.7. Ֆինանսա-տնտեսական ոլորտում կատարվող ստուգումների արդյունքների քննարկումը դարձնել թափանցիկ, բացառել հանրային միջոցներն անարդյունավետ ծախսած պաշտոնատար անձի հետագա պաշտոնավարումը,

21.8. ձևավորել ընտրական հանձնաժողովների անաչառությունն ապահովող ու պատասխանատվությունը հստակ հասցեավորող անկախ և ինքնուրույն գործող ընտրական նոր կառույց` ԿԸՀ նախագահի ընտրությունը վերապահելով ԱԺ-ին,

21.9. Հայաստանի վարչատարածքային նոր բաժանման հենքի վրա անցում կատարել մարզպետների ընտրության համակարգին, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և աշխատատեղերի ստեղծման հարցում ամրագրել նրանց պարտականությունը,

21.10. օրենքով ամրագրել դատավորների առաջադրման ու ազատման հակակշռող մեխանիզմներ և դատարանների նախագահների ռոտացիոն կարգով ընտրությունը: Արդարադատության խորհրդի անդամ դատավորների լիազորությունները կասեցնել խորհրդի անդամության ողջ ժամանակահատվածում: Խորհրդի կազմում չընդգրկել այն իրավաբան-գիտնականներին, ովքեր ունեն մերձավոր ազգական դատավորներ: Սահմանել դատախազների և դատավորների պիտանելիության ցուցակներում ընդգրկվելու համար քննությունների թափանցիկ ընթացակարգ և բացառել 5 տարուց ավելի պիտանելիության ցուցակում անձի գտնվելը,

21.11. բարձրացնել և կարևորել կանանց դերը` դրական լիցքերով տրամադրված, վստահություն ներշնչող և երկրի ապագայի նկատմամբ հավատ ունեցող կանանց նշանակել հասարակական, քաղաքական, պետական պաշտոններում,
21.12. հանրային ծառայության այն պաշտոնների մրցույթներում, որտեղ աշխատանքային փորձ չի պահանջվում, նախապատվությունը տալ աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ մասնագետներին` երաշխավորելով գենդերային հավասարությունը,

21.13. հանրային հեռուստաընկերությանը ապահովել ամբողջական և լիարժեք ֆինանսավորմամբ և այն ազատել սույն մասում նախատեսված չափանիշներին չբավարարող անձանցից,

21.14. ստեղծել երկում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման հանձնաժողով` հասարակությունում վստահություն վայելող և հեղինակություն ունեցող անձանց մասնակցությամբ:

22. Բարելավել բիզնես միջավայրը, հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, ներդրումները խրախուսող և եկամուտների բաշխման արդարության սկզբունքն ապահովող:

Առ այդ`

22.1. օրենքով ամրագրել, որ հարկային դրույքաչափերի բարձրացումը, հարկերի հաշվարկման և վճարման կանոնների բարդացումը չեն կարող ընդունման պահից 3 տարուց ոչ շուտ ուժի մեջ մտնել,

22.2. վերանայել եկամտահարկի սանդղակը, լայնորեն կիրառել պրոգրեսիվ հարկման համակարգը:

22.3. վերանայել գույքահարկի համակարգը` առավելագույնս համապատասխանեցնելով ըստ արդարության գանձելու սկզբունքին, այդ թվում սահմանել շքեղության հարկ (պրոգրեսիվ գույքահարկով հարկել մեկ ընտանիքին 750 քառ. մետրից ավելի բնակտարածությունը),

22.4. վերանայել ներկրվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համակարգը` նպատակ ունենալով ապահովել նոր, ժամանակակից, տնտեսող, էկոլոգիապես մաքուր մեքենաների մատչելիությունը և 3-5 տարվա ընթացքում երկրի շարժակազմի ամբողջական արդիականացումը,

22.5. վերանայել մաքսային օրենսգիրքը, մաքսադրույքներն ու մաքսային խթաները դարձնել գործիք` ակտիվ արդյունաբերական քաղաքականության, ինչպես նաև արտահանմանն ուղղված հայրենական արտադրության ծավալների ընդլայնման համար,

22.6. առողջությանը վնաս հասցնող ապրանքների և ծառայությունների նկատմամբ ներդնել հանրային առողջապահական ոլորտի ֆինանսավորման նպատակային հարկեր,

22.7. օրենքով բացառել քաղաքացիների և իրավաբանական անձանց համար մասնավոր կազմակերպություններից ծառայություններ գնելու և դրանց դիմաց պարտադիր վճարումներ կատարելու (ավտոկայանման, տեսանկարահանող սարքերով հսկողության, բնակչությունից այլ մեթոդներով գումարներ հավաքելու համար) հակասահմանադրական պահանջները,

22.8. վերանայել շրջանառության հարկը` նվազեցնել հարկային դրույքաչափերը և ավելի հեշտացնել փոքր բիզնեսի հարկային հաշվառման համակարգը,

22.9. ձևավորել օրենքների և կառավարության որոշումների կոռուպցիոն ռիսկերի բացահատմամբ զբաղվող, ԱԺ բոլոր խմբակցությունների առաջադրմամբ ձևավորվող միավոր, որի հիմնական գործառույթը կլինի իրավական ակտերում ձևակերպված առերևույթ կամ թաքնված կոռուպցիոն շղթաների բացահայտումն ու դրանք վերացնելուն ուղղված առաջարկությունների ներկայացումը,

22.10. 5 տարով մինչև 50%-ով եկամտային հարկից ազատել կամ նշված մեծությամբ սուբսիդավորել տարաբնակեցման ծրագրի շրջանակներում վերաբնակեցված անձանց եկամուտները:

23. Աշխատատեղերի ստեղծման գործում ամրագրել պետության պարտավորությունը, գործադրել արտաքին շուկաների նվաճման և երկրի աշխատաշուկայի ակտիվ պետական կարգավորման քաղաքականություն:

Առ այդ`

23.1. առաջիկա չորս տարիների համար մշակել և ներկայացնել առնվազը 200 հազար աշխատատեղերի ստեղծման ճանապարհային քարտեզ` գործողություններով, ժամանակացույցով և արդյունքների կոնկրետ նկարագրությամբ:

23.2. մշակել արտաքին շուկաներ մուտք գործելու ռազմավարություն` հիմնված Հայաստանի մարզերի համաչափ և բազմակենտրոն զարգացման տարաբնակեցման հայեցակարգի վրա,

23.3. ստեղծել արտաքին շուկաներ այլ երկրներից ներմուծվող ապրանքային շուկաների ուսումնասիրման հետազոտական խումբ, որը պետք է ուումնասիրի այդ ապրանքատեսակների արտադրության կազմակերպման հնարավորությունը Հայաստանում, ներկայացնի դրա համար անհրաժեշտ կադրային-մասնագիտական, ֆինանսական և կազմակերպական պահանջները: Ձևավորված արտադրական պատվերը Հայաստանում տեղաբաշխելու ժամանակ նկատի պետք է առնվեն ինչպես հայաստանցի գործարարները, այնպես էլ այլ երկրներում գործունեություն ծավալող հայերը, որոնք պատրաստ են հայրենիքում կազմակերպել տվյալ արտադրությունը: Տեղաբաշխված արտադրական պատվերների անհրաժեշտ չափանիշները պետք է համարվեն աշխատատեղերի քանակը, վարձատրության համակարագը, ապրանքի որակը, որոնց հսկողության լիազորությունը պետք ստանձնի կառավարությունը` աջակցելով նաև այդ ապրանքատեսակների մուտքին տվյալ շուկաներ: Սույն կետի կատարման շրջանակներում հետազոտական խումբը առանձին ուշադրություն պետք է դարձնի նաև այն ձեռնարկությունների արտադրական կարողությունները օգտագործելու վրա, որոնք տարբեր ծրագրերի շրջանակներում հանձնվել են այլ երկրների սեփականությանը (օրինակ` գույք պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունները: Սա կարող է դիտվել նաև Ռուսաստանի կողմից իրականացվող հայրենակիցներ ծրագրի այլընտրանք:):

23.4. ստեղծել այլ երկրներից ներմուծվող ապրանքնատեսակները տեղական արտադրությամբ առավելագույնս փոխարինելու հնարավորություններն ուսումնասիրող հետազոտական խումբ, հետազոտության հիման վրա հաստատել այդ ապրանքատեսակների ցանկը: Առաջին երկու տարիներին ամբողջությամբ սուբսիդավորել այդ ապրանքների արտադրության կազմակերպման մեջ ընդգրկվող փոքր ու միջին բիզնեսի` երիտասարդներով համալրված կամ սահմանամերձ բնակվայրերում ձևավորվող ձեռնարկությունների մինչև 100մլն. դրամի չափով վարկերի տոկոսադրույքները,

23.5. աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գործադրել առկա աշխատուժի (այդ թվում` գործազուրկների) վերամասնագիտացման համակարգ` ուսուցման ողջ ժամանակահատվածում ապահովելով կրթաթոշակով,

23.6. արտադրության համար ներգրավվող վարկային տոկոսադրույքները նվազեցնել` 8-10 տոկոս միջակայքում, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ներգրավված նպատակային վարկային միջոցները առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրել առանց հավելյալ տոկոսադրույքի` սահմանելով, որ դրա վրա կարող է ավելացվել միայն գնաճը,

23.7. Էթնո և էկո տուրիզմի զարգացման նպատակով մարզերում տրամադրել արտոնյալ վարկեր` ընդհուպ մինչև առաջին երկու տարվա վարկային տոկոսադրույքի ամբողջական սուբսիդավորմամբ:

23.8. գրանցված գյուտերի կիրառման, ինչպես նաև նորարարությունների, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման համար փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրել արտոնյալ վարկեր մինչև 50 մլն դրամի չափով` ընդհուպ մինչև առաջին երկու տարվա վարկային տոկոսադրույքի ամբողջական սուբսիդավորում,

23.9. ընդլայնել պայմանագրային կարգով զիվորական ծառայության թվակազմը` առաջնահերթությունը տալով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին: Սա կապահովի նաև այդ բնակավայրերի զարգացումը,

23.10. աշխատանքային էմիգրանտների իրավունքները պաշտպանելու, նրանց հանրապետություն վերադարձնելու ամբողջական համակարգ ձևավորելու նպատակով լիցենզավորել և կանոնակարգել մասնավոր զբաղվածության գործակալությունները,

23.11. սահմանել և գործադրել կառավարության պարտավորությունը` ժամկետային զինվորական ծառայությունն անցած երիտասարդների զորացրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովել նրանց աշխատանքով,
23.12. ներդրողների համար կանխատեսելիությունը բարձրացնելու և ներդրումային ռիսկերը նվազեցնելու նպատակով երաշխավորել, որ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման և խմելու ջրի սակագները չեն բարձրանա առաջիկա 5 տարիներին,
23.13. Երևան քաղաքից 30կմ և ավելի հեռավորության վրա, 10-ից ոչ պակաս աշխատատեղով արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկություններ հիմնելու դեպքում, պետությունը պետք է ապահովի դրանց անհրաժեշտ ենթակառուցվածքների (էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում և այլ) կառուցումը:

24. Ներդնել ըստ մասնագիտության և որակավորման արդարացի վարձատրության համակարգ:

Այդ թվում,

24.1. հանրապետությունում նվազագույն ժամային աշխատավարձի համար նախատեսել, որ այն սահմանվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ միասին, տվյալ տարվա առաջին եռամյսակի միջին ժամային աշխատավարձի 50 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս կենսապահովման նվազագույն բյուջեից, որի աճը չպետք է պակաս լինի տարեկան գնաճի ցուցանիշից,

24.2. հանրային ծառայողների համար սահմանել աշխատավարձերի միասնական բազային դրույքաչափ` նվազագույն աշխատավարձի 120 տոկոսի չափով,

24.3. առաջնահերթության կարգով, առնվազը կրկնակի, բարձրացնել ազգային անվտանգության, պաշտպանության, ոստիկանության, առողջապահության համակարգերի աշխատակիցների աշխատավարձերը,
24.4. գեղարվեստական կրթության և դաստիարակության ոլորտի մանկավարժների աշխատավարձերը մոտեցնել հանրակրթության ոլորտի մանկավարժների միջին աշխատավարձին:

25. Ընդունել և գործադրել գյուղատնտեսության պետական աջակցության մասին համակարգային օրենքը, որի գործադրումը կապահովի գյուղատնտեսության խոշորացումը, սոցիալականից արդյունաբերական գյուղատնտեսության անցումը, կնպաստի ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանն ու գյուղի զարգացմանը:

Առ այդ`

25.1. պետական աջակցությամբ սուբսիդավորման ընդհանուր ծավալը տարեկան հասցնել գյուղատնտեսության ոլորտի համախառն ներքին արդյունքի հինգ տոկոսին,

25.2. ձևավորել կարևոր պարենային և գյուղատնտեսական մթերքների (հացահատիկ, կաթ, միս և այլն) նվազագույն շահավետ գնով երաշխավորված իրացման և ինտերվենցիոն համակարգեր,
25.3. պետություն-մասնավոր համագործակցությամբ, Հայաստանի յուրաքանչյուր մարզում ձևավորել առնվազը մեկ գյուղատնտեսական կոոպերատիվ, ներկայացնելով և քարոզելով դրա տնտեսական և սոցիալական առավելությունները,

25.4. ամբողջությամբ բացահայտել գյուղատնտեսությունում առկա ռիսկերը և դրանց նվազեցման ուղղությամբ իրականացնել կոնկրետ ծրագրեր,

25.5. չորս տարիների ընթացքում ամբողջությամբ ներդնել գյուղատնտեսական ապահովագրության համակարգը,

25.6. վերացնել ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսված սահմանաչափերից ավելի օգտագործվող հողամասերի համար կադաստրային արժեքների տարբերության վճարման օրենսդրական պահանջը:

26. Կրթությունը վերածել ազգային մտածողությամբ երիտասարդների դաստիրակության գործիքի, այն ապակուսակցականացնել, դարձնել որակյալ և մատչելի:

Այդ թվում`

26.1. նախադպրոցական ուսումնական հաստատությունները դարձնել անվճար ամբողջ երկրի տարածքում,

26.2. վերանայել հանրակրթական ծրագրերն ու դպրոցական դասագրքերը` նոր սերնդին դաստիարակել ազգային մտածողությամբ և պայքարի վճռականութեամբ,

26.3. վերանայել միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթավճարները, ուսումնական հաստատություններում ուսման վճարի չափը կապակցելով շահառուների եկամուտների, ինչպես նաև տրամադրվող կրթության որակի և գիտելիքի հետ:

26.4. ուսանողներին, ըստ առաջադիմության, տրամադրել կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի 50-100 տոկոսի չափով,

26.5. երեխաներ ունեցող ուսանողներին ազատել ուսման վճարից,

26.6. ամբողջությամբ գործադրել պարտադիր զինվորական ծառայությունն անցած երիտասարդների` ուսումնական հաստատություններում անվճար սովորելու ծրագիրը,

26.7. պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությունը, ինչպես նաև ուսումնական հաստատությունները ապակուսակցականացնել,

26.8. բացառել պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղվող միջոցների խտրական օգտագործումը,

26.9. տնտեսության կարիքներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ներդնել կրթական հաստատությունների ռեյտինգավորման համակարգ` նպաստելով կրթության նկատմամբ մասնավոր պահանջարկի ձևավորմանը:

27. Օրենքով աղքատության շեմ համարել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմքում դնել և երաշխավորել յուրաքանչյուր քաղաքացու դրանից ոչ ցածր եկամուտ կամ սոցիալական պաշտպանություն ունենալու իրավունքը:

Առ այդ անհրաժեշտ է`

27.1. ընդլայնել և առնվազը կրկնակի մեծացնել հանրային ծառայության սոցիալական փաթեթը` ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին,

27.2. վերանայել կենսաթոշակային բարեփոխումների համակարգը` ներդնելով արդարացի և սերունդների համարեշխությունը երաշխավորող, հավելյալ ռիսկերից զերծ պայմանական կուտակային կենսաթոշակային համակարգ: Այն պետք է ապահովի նաև մինչև 2 տարեկան երեխա խնամող չաշխատող կանանց, ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնող, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավված անձանց աշխատանքային ստաժի ճանաչումն ու արժանապատիվ կենսաթոշակի վճարումը,

27.3. ձևավորել հիմնադրամ և սահմանել մինչև 7 տարեկան երեխաների ամենամսյա նպաստ` առաջին երեխայի դեպքում` 20.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում, 25.000 դրամ, երրորդ երեխայի դեպքում` 40.000 դրամ, չորրորդ, հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում` 60.000 դրամ: Հինգ և ավելի երեխա ունեցող ընտանիքներին անհատույց տրամադրել բնակարան:

28. Ապահովել քաղաքացու նվազգույն բնակտարածք ունենալու բնական իրավունքի իրացումը:

Առ այդ անհրաժեշտ է`

28.1. ներդնել ամբողջական ռազմավարություն` թիրախ սահմանելով յուրաքանչյուր տարի 5-6 հազար սոցիալական բնակարանների շինարարությունը,

28.2. բնակարանների ապահովման ոլորտում ներդնել հերթագրման կարգ` ֆինանսավորման հետևյալ հարաբերակցությամբ. պետական միջոցներ` 30-40 տոկոս, կորպորացիաների միջոցներ` 10-20 տոկոս, քաղաքացիների միջոցներ` 20-40 տոկոս, համայնքային միջոցներ` 5-ից մինչև 20 տոկոս, բարեգործական միջոցներ` մինչև 5 տոկոս,

28.3. Երևանից 30կմ հեռու գտնվող համայնքներում նորաստեղծ երիտասարդ ընտանիքներին տուն կառուցելու համար անհատույց տրամադրել հողատարածք և արտոնյալ վարկեր` առնվազն տասը տարի բնակություն հաստատելու պայմանով:

29. Ընդունել և գործադրել առողջության պարտադիր ապահովագրության պետական-կորպորատիվ վճարումների համակարգի ներդրման ճանապրահին քարտեզը, խրախուսել մարզերում և հեռավոր բնակավայրերում աշխատող բուժանձնակազմի անդամներին: Առաջնահերթ և հրատապ կարգով ներդնել ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամների առողջության պարտադիր ապահովագրության համակարգ` պետության և հասարակության մասնակցությամբ: Լիարժեք ֆինանսավորմամբ երաշխավորել վերարտադրողական առողջության պահպանման համակարգի գործունեությունը:

30. Իրականացնել անպատժելիության վերացմանը միտված քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատության օրենսդրակիրառական վերփոխումներ:

Առ այդ անհրաժեշտ է`

30.1. փոփոխել քրեական օրենսդրությունը` ապահովելով հանցագործությունների համար սահմանված պատիժների համապատասխանեցումը հանցագործության հանրային վտանգավորւթյան աստիճանին, բացառելով պատվիրված քննությունները, նվազեցնելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերը, գործադրելով ազատազրկման հետ չկապված և պայմանական ազատազրկման պատժի կիրառման ամբողջկան համակարգի գործադրումը, բեռնաթափելով քրեակատարողական հիմնարկները, լուծարելով այսպես կոչված «անկախ» հանձնաժողովները և ներդնելով եվրոպական բազմաթիվ երկրներում կիրառվող՝ անկախ փորձագետների եզրակացության հիման վրա պատժի կրումից ազատելու համակարգը,

30.2. բարձրացնել հանցագործությունների բացահայտման աստիճանը, ապահովել “հզոր” անձանց պատիժների անխուսափելիությունը,
30.3. ապաքրեականացնել քաղաքական և պետական համակարգը` նպաստելով քաղաքական համակարգի և քաղաքական գործիչների նկատմամբ հավատի վերականգնմանը, ազգային գործիչների դաստիարակման համակարգի ձևավորմանը,

30.4. ընդունել վարչական պատասխանատվության վերաբերյալ նոր օրենսգիրք, որն համահունչ կլինի անկախ պետականության հիմնադրույթներին և կպարզեցնի ու կհամահարթեցնի վարչական բնույթի զանցանքների պատասխանատվությունը,

30.5. օրենքով արգելել մասնավոր անձանց և կազմակերպությունների կարիքների համար քաղաքացիների սեփականության օտարումը` գերակա հանրային շահի անվան տակ,

30.6. ընդունել և գործադրել առևտրային կազմակերպությունների փոքր մասնակցության սեփականատերերի (բաժնետեր, փայատեր և այլն) իրավունքների պաշտպնության մասին օրենքը,

30.7. մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածք ձևավորելու նպատակով ընդունել և գործադրել հանրային տրանսպորտի կառավարման միասնական համակարգի հայեցակարգն ու տրանսպորտային օրենսգիրքը,

30.8. քրեական պատասխանատվություն սահմանել շահումով խաղի խաղադրույք վերցնողի համար, եթե այն վերցվում է ապառիկ վճարման պայմանով,

30.9. օրենքով երաշխավորել քաղաքացիաիրավական բնույթի, հատկապես տնտեսական գործունեության և ներդրումների պաշտպանության հարցերով վեճերի քննության դեպքերի համար` օտարերկրյա ճանաչված և հեղինակություն վայելող արբիտրաժային տրիբունալի Հայաստանում կայացված վճիռների ճանաչման և գործադրման աստիճանը:

31. Ապահովել երկրի անվտանգության մակարդակի և հասարակության վստահության բարձրացում, ընդլայնել սփյուռքին հանրապետության զարգացման գործում ներգրավելու գործիքակազմը, իրականացնել վերաբնակեցում:

Առ այդ`

31.1. արդիականացնել զինատեսակները, ձեռք բերել նոր միջին հեռավորության ճշգրիտ հրթիռներ, իսկ դրանց առկայության դեպքում հասարակության համար պատրաստել արտաքին անվտանգության ապահովությանը նպատակաուղղված հեռուստահաղորդումներ,

31.2. նախատեսել սփյուռքահայի պայմանագրային կարգով բանակում ծառայելու հնարավորությունը, տրամադրել նրան անհրաժեշտ բնակտարածք և առողջության պետական ապահովագրություն,

31.3. բանակում իրականացվող բարեփոխումների հիմնական չափորոշիչ սահմանել և հրապարակավ ներկայացնել հայրենիքին ծառայելու արժանավայել պայմանների ստեղծումը, զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, արատավոր, ոչ կանոնագրային երևույթների բացառումը,

31.4. ընդլայնել և ներկայացնել ազատամարտիկների,զինծառայողների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար մատուցվող ծառայության տեսակներն ու հատկացվող ֆինանսական միջոցները:

31.5. օրենքով նախատեսել ոչ մեծ և միջին ծանրության տնտեսական հանցագործությունների (ինչպես նաև մինչև 4 տարվա ազատազրկման դատապարտված այլ բնույթի հանցագործությունների) համար դատապարտված անձանց համար սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում պատժի կրկնակի չափով բնակվելու այլընտրանքային կամ պայմանական պատժատեսակով փոխարինելու հնարավորությունը: Ընդ որում, դատապարտվածը կարող է բնակություն հաստատել նաև իր ընտանիքով, որի դեպքում նրանց կտրամադրվի անհրաժեշտ նվազագույն ֆինանսավորում,

31.6. ձևավորել սահմանամերձ բնակավայրերի և ազատագրված տարածքների վերաբնակեցման հիմնադրամ և կազմակերպել վերաբնակեցման աշխատանքները,

31.7. մշակել Հայաստանի տնտեսության մրցունակության և դիմադրողականության բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների ու գաղափարների ներմուծման, ֆինանսական հոսքերը մեծացնելու գործում հայկական սփուռքի մասնակցության ռազմավարություն: Այն պետք է ձևավորի սփյուռքի գիտական և կազմակերպական ներուժի, հաջողակ գործարար փորձի, հմտությունների և ֆինանսական միջոցների հանրապետությունում ներդրման համակարգ,
31.8. ընդլայնել կանանց մասնակցությունը պաշտպանության ոլորտում (օրինակ` կապի և էլեկտրոնային միջոցների օգտագործման, ինչպես նաև դրանց դեմ պայքարում), (մանրամասնությունները քննարկումներում):

31.9. ստեղծել պաշտպանական դիրքերի ինժեներական կառույցների մոնիտորինգի և այդ կառույցների անվտանգության չափանիշներին համապատասխանեցման, գնահատման և առաջարկների, պլանավորման և կառույցների մարտական խնդիրների կատարման համապատասխանեցման հանձնաժողով: Այն իր էությամբ չպետք է կրկնի այժմ գործող ԳՇ համապատասխան կառույցին (մանրամասնությունները քննարկումներում):

31.10. զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրման համար բոլոր զորամասերում ստեղծել հանձնաժողովներ: Այն հրամանատարներին կներկայացնի տվյալ ստորաբաժանման զինծառայողի բարոյահոգեբանական վիճակը` սպասվելիք հնարավոր դժբախտ դեպքերի կանխարգելման համար: (մանրամասնությունները քննարկումներում)

32. Բացառել հակահայաստանյան քարոզչությունը, դիմագրավել հակահայստանյան արտաքին քարոզչությանը և ձևավորել Հայաստանում արժանապատիվ ապրելու համոզումն ու քաղաքացու կերպարը:

Առ այդ`

32.1. քաղաքական իշխանության և նրա ծրագրերի քննադատությունը չպետք է դիտվի որպես երկրի քննադատություն, իսկ իշխանություններին և նրանց ծրագրերը քննադատողները չպետք է այն վերածեն երկրի քննադատության, ուստի անհրաժեշտ է դադարեցնել հակահայաստանյան քարոզչությունը և ԶԼՄ-ներով (հատկապես` եթերով ու կայքէջերով) բացասական էներգիայի փոխանցումն ու անբարոյականության տարածումը հասարակությունում, Հայաստանի մասին և Հայաստանին առնչվող բացասական և իմաստազուրկ լուրերով գերհագեցումը (ինքնասպանություններ, սպանություններ, դժբախտություններ, հանցագործություններ, վթարներ և այլն),

32.2. պետք է ներկայացվեն այլ երկրներւմ առկա բացասական երևույթները, ուր ցանկանում են արտագաղթել հայաստանցիները,

32.3. անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանում գործող հաջողակ ՓՄՁ-ների և երիտասարդների կողմից հիմնադրված փոքր և հաջողակ ձեռնարկությունների օրինակները: Armenian Success Stories,

32.4. ներկայացնել Հայաստան ներգաղթած կամ վերադարձած անձանց հաջողակ օրինակները,

32.5. ներկայացնել առանձին ոլորտների բարեփոխումների վերաբերյալ ամբողջական և իրական դրական արդյունքները,

32.6. պրոպագանդել հայրենական արտադրողների դրական փորձը: Աշխատավորի աշխատանքի նկատմամբ ձևավորել հարգանքի մթնոլորտ,

32.7. քարոզել ազգային մտածողությունը, արժեքներն ու սերը հայրենիքի հանդեպ: Հասարակության բոլոր շերտերի հարցման միջոցով և մտավորականների քննարկման արդյունքներով ձևավորել հայ ազգի տիպային կերպարը և քարոզել նրա որակական հատկանիշները: Կոչ անել նշված տեսակի անհատների և խմբերի ներգաղթի անհրաժեշտության մասին,

32.8. Հանրային և այլ հեռուստաընկերություններով իրականացնել հաղորդաշար, իսկ կայքեջերում շաբաթական երկու-երեք հոդված տպագրել ուղղված արտագաղթի կասեցմանը ,

32.9. քարոզել քաղաքականությունից դուրս ազատամարտիկի կերպարը, ով հայրենիքի ազատագրումը զուգակցում է արդար աշխատանքով,

32.10. հեղինակություն վայելող մտավորականների ներգրավմամբ իրականացնել եկեղեցու դերի վերիմաստավորման քարոզչություն, որի ներքո հանրապետությունում բարոյահոգեբանական վիճակը փոխելու համար եկեղեցին կարող է իր ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել,

32.11. ներկայացնել երկրում միասնության մթնոլորտ ապահովող դեպքերը, քննադատել միջանձնային ագրեսիան, ատելությունը, քարոզել բարեկիրթ շփվելու և հաղորդակցվելու կուլտուրան` հարգանքը մեծերի նկատմամբ, կիրթ շփումը մարդկանց միջև, ամենօրյա հաղորդակցումը խանութում, տաքսիում, փողոցում և այլն,

32.12. իրականացնել մարտունակ բանակի քարոզչություն և բարձրացնել քաղաքացիների մեջ երկրի ապահովության և անվտանգության զգացումը,

32.13. արգելել առևտրային գովազդը հանրային հեռուստաընկերության եթերում, հեռուստահաղորդումներից բացառել անորակ, սոցիալ-հոգեբանական բացասական լիցքեր հաղորդող հեռուստահաղորդումները:

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

33. Ծրագրի գործադրման հարցում պատասխանատվություն պետք է ստանձնի քաղաքական իշխանությունը, անելիքներ ունեն ընդդիմությունը, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, հասարակական-քաղաքական հատվածը, եկեղեցին, սփյուռքի ազդեցիկ շրջանակաները, մտավորականությունը և հատկապես երիտասարդությունը:

34. Ծրագրային գործողությունները դասակարգվում են անմիջապես գործադրման ենթակա, միջին ժամկետ և հեռնակարային գործողությունների: Եթե գործողությունների մի մասի արդյունավետ իրակնացման համար անհրաժեշտ է դրա հրապարակային ներկայացումն ու քննարկումը, մեկ այլ մասի դեպքում ավելորդ հրապարակայնացումը կարող է վնասել ծրագրի նպատակին:

35. Ծրագրի արդյունավետ գործադրման երաշխիքը հասարակության լայն համախոհությունը, պահանջների բյուրեղացումն ու կազմակերպվածությունն է, ինչն ապահովելու նպատակով նշված բոլոր հասցեատերերի հետ, ՀՅԴ-ն իբրև ծրագրի նախաձեռնող սկսելու է հրապարակվող գործողությունների քննարկումների շարք` մասնագետների (սոցիոլոգներ, ազգագրագետներ, հոգեբաններ, ժողովրդագիրներ և այլն), լրատվամիջոցների ներկայացուցիչների, ՀՀ նախագահի և պետական այլ մարմինների ներկայացուցիչների, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Արամ Ա կաթողիկոսի, մտավորականների, հասարակական-քաղաքական միավորումների, սփյուռքի ազդեցիկ շրջանակաների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց և կառույցների հետ:

36. Համաձայնությունների ձեռք բերումը, գործողությունների նախաձեռնումը, ծրագրի առաջընթացն ու արդյունքները կներկայացվեն հրապարակային միջոցառումների, մամլո ասուլիսների, եթերային հաղորդումների, գրավոր հոդվածների և այլ ձևերով:

37. Լայն համաձայնությամբ ձևավորված ամբողջական ծրագրի գործադրմանը խոչընդոտող կամ դիմադրող ցանկացած արգելք` համախմբված հասարակության կողմից գնահատվելով որպես անկախ պետականության սպառնալիք, պետք է վերացվի, սահմանադրությամբ չարգելված ցանկացած գործողության միջոցով: Պահի լրջությունը պահանջում է. մեկտեղել բոլորիս ուժերը, ցուցաբերել կամք և վճռականություն, ձեռնարկել գործողություններ` վերականգնելու ապագայի նկատմամբ հավատը, նվազեցնելու արտագաղթի տեմպերը, հիմքեր ստեղծելու ներգաղթի կազմակերպման, պետականության հզորացման և ներազգային համերաշխության ձևավորման համար:

ՄԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

N Գործողության անվանումը

1. Նախագծի պատրաստում

2. Ծրագրի հիմնադրույթների ներկայացում մամլո ասուլիսի միջոցով

3. Նախագծի քննարկում սոցիոլոգների, ազգագրագետների, ժողովրդագիրների հետ

4. Նախագծի քննարկում մտավորականների հետ

5 Նախագծի քննարկում ՀԿ-ների հետ

6. Նախագծի քննարկում ուսանողների հետ

7. Նախագծի քննարկում քաղաքացիական նախաձեռնությունների հետ

8. Նախագծի քննարկում բիզնեսի ներկայացուցիչների հետ

9. Նախագծի քննարկում ԶԼՄ ղեկավարների հետ

10. Նախագծի քննարկում քաղաքական ուժերի հետ

11. Նախագծի քննարկում սփուռքի ներկայացուցիչների հետ (մասնավորապես Կազմակերպել հանդիպում Հայաստանում հաստատված սփյուռքահայերի հետ, հատկապես հաջողություններ արձանագրած անձերի։ Հանդիպման նյութը պետք է լինի թե ինչպես են իրենք կարող են օգտակար լինել խնդրի լուծմանը, ինչ առաջարկներ ունեն, ինչ դժվարություններ են հանդիպել Հայաստանում հաստատվելու ժամանակ, որ կուզենային վերանար)

12. Անհրաժեշտության դեպքում` նախագծի վերանայում

13. Ծրագրի ներկայացում Մամուլի ասուլիսների միջոցով

14. Ծրագրին նվիրված Հեռուստահաղորդումներ

15. Ծրագրի ներկայացում ՀՀ Նախագահին

16. Ծրագրի ներկայացում պետական այլ մարմիններին

17. Ծրագրի ներկայացում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

18. Ծրագրի ներկայացում Արամ Ա կաթողիկոսին

19. Ծրագրի կատարման պահանջների առաջադրման նպատակով ցուցական միջոցառումների անցկացում Երևանում և մարզերում

20 Ծրագրի կատարմանն ուղղված օրենսդրական նախագծերի ներկայացում

21 Այլ գործողություններ

22. Կազմակերպել երկօրյա գիտաժողով հրավիրելով մասնագետների և գիտական շրջանակների ներկայացուցիչների։ Պահանջել, որ զեկուցաբերները գրավոր կերպով ներկայացնեն իրենց զեկույցները: Հրատարակել գիտաժողովի զեկույցները գրքի ձևով։ Կազմակերպել գրքի շնորհահանդես

23. Հիմնել «Սփյուռքահայերի գրասենյակ»։ Գրասենեակի գլխավոր պարտականությունը համարել Հայաստանում հաստատված կամ հաստատվելու ցանկություն ունեցող անձանց խնդիրների լուծումը: Գրասենյակում պետք է ներգրավվեն իրավաբաններ։

Տպել Տպել