Պետք է վերանայել 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը

Yura 1Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Արգումենտի ի ֆակտի» գործակալությունում, տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդեսը:

Գիրքը ներկայացվել է քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին և ընթերցողների լայն շրջանակի:

Միջոցառումը կազմակերպել էր «Ռուս-հայկական համագործակցությունը»՝ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ:

Շնորհանդեսը վարում էր «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը:

«Թուրքիան ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից օգնում է Ադրբեջանին՝ ֆինանսական, քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելով նրան: Թուրքիայի աջակցությունը նպաստում է այն անզիջում քաղաքականությանը, որն Ադրբեջանը որդեգրել է բանակցային գործընթացում՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Թուրքիան հռչակում է հետևյալ թեզը՝ մեկ ազգ՝ երկու պետություն: Պարոն Դեմոյանի մենագրությունը ղարաբաղյան հարցի առաջացման պատճառների բազմամյա հետազոտության արդյունք է»,-նշեց Յուրի Նավոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատմեց շնորհանդեսի մասնակիցներին իր մենագրության մասին: «Ռուսաց լեզվում կա ամփոփիչ աշխատություն հասկացությունը:

Ներկայացված գիրքը իմ 15-ամյա հետազոտությունների արդյունքն է: Օգտագործվել են նյութեր շուրջ 800 աղբյուրներից», ասել է գրքի հեղինակը՝ նշելով, որ մտածված է գիրքը գրել ռուսերեն լեզվով, քանի որ այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:Yura 3

Ըստ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի, Դեմոյանի գիրքը յուրօրինակ հանրագիտարան է: «Ադրբեջանցիների կողմից իրենց վերագրվող Ղարաբաղի հայտնվելու հանրագիտարան, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հանրագիտարան, որտեղ Ղարաբաղը դառնում է շղթայի այն օղակը, որը Թուրքիան փորձում է քանդել: Չի կարելի Ղարաբաղը դիտարկել առանց անդրադառնալու պատմությանը, պատմական փաստերին: Այս գիրքը շատ բանի վրա է աչք բացում»,-ասել է նա:

Մոսկվայի ԱՊՀ ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը նշել է, որ գիրքը հանրագիտարանային բնույթ ունի, բայց կարևոր է ոչ միայն գիտական, այլ նաև գործնական տեսակետից, այն կարևոր է ոչ միայն հայ պետական գործիչների, գիտնականների, քաղաքական գործիչների համար, այլ նաև ռուս դիվանագետների համար:

Նա նաև հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու պետք է Ռուսաստանը պահպանի Մոսկվայի պայմանագրի դրույթները, եթե Թուրքիան դրանք խախտում է: «Ես գտնում եմ, որ պետք է վերանայել այդ պայմանագիրը: Ինչո՞ւ մենք պետք է ճանաչենք Թուրքիայի արևելյան սահմանները: Մենք կարող ենք հրաժարվել դրանից և սատարել Արևմտյան Հայաստանը վերադարձնելու պահանջին,-հայտնել է իր տեսակետն Ալեքսանդրովը:

-Բացի այդ, ռուսական դիվանագիտությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարող է ոչ միայն համապատասխան բանաձև ընդունել Ռուսաստանի խորհրդարանում, այլ նաև ասել Թուրքիային, որ հարկավոր է հատուցել Հայաստանին հասցրած վնասը»:

Յուրի Նավոյանը հիշեցրեց շնորհանդեսի մասնակիցներին, որ Գաբալայում վերջերս կայացած թուրքալեզու պետությունների գագաթաժողովում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն մեկ անգամ ևս հստակ հայտարարեց, որ «Ղարաբաղի ազատագրումը Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է»:

«Նման հայտարարությունները ձերբազատում են ամեն տեսակի պատրանքներից Ղարաբաղի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային քաղաքականության հարցում Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ»,-ասել է նա:

Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին որպես թուրք-խորհրդային պայմանագիր բարեկամության ու եղբայրության մասին, ռուս-թուրքական խորհրդաժողովի ավարտին: Պայմանագիրն ունի 16 հոդված և 3 հավելված:

1-ին հոդվածով կողմերը պարտավորվում էին «չճանաչել այն խաղաղ պայմանագրերը կամ այլ միջազգային ակտերը, որոնց ընդունումն ուժով կպարտադրվի կողմերից մեկին»:

Խորհրդային կառավարությունն ըստ պայմանագրի համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող այլ միջազգային ակտեր, որոնք չի ճանաչի Թուրքիայի ազգային կառավարությունը: Մոսկվայի պայմանագրի այդ դրույթն ուղղված էր 1920 թ. Սևրի միջազգային պայմանագրի կատարման դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ համարել:

1, 2 և 3-րդ հոդվածների վերջին մասը վերաբերվում էր տարածքային սահմաններին: Թուրքիային էր հանձնվում Բաթումի շրջանի հարավային մասն ու Արդվինը՝ Վրաստանից, Կարսն ու Սուրմալուի գավառը՝ Հայաստանից: Հայաստանից անջատվեցին ու որպես ինքնավար տարածքներ հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանը Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասն ու Երևանի գավառի մի փոքր մասը:

Պայմանագիրը հատուկ վերապահում է, որ Ադրբեջանը չի կարող զիջել այդ ինքնիշխանությունը երրորդ պետությանը:

Խորհրդային հանրապետությունների ներքին գործերին միջամտության օրինակ է նաև 2-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ Թուրքիան համաձայն է ազատել Բաթումն ու հարակից տարածքները և «զիջել» դրանք Վրաստանին, եթե տեղի բնակչությանը լայն ինքնավարություն տրվի, իսկ Թուրքիային՝ ազատ մաքսազերծ տարանցման իրավունք Բաթումի նավահանգիստով: Մոսկվայի պայմանագրի այդ դրույթները ծանր էին Վրաստանի, հատկապես Հայաստանի համար, որից անջատվում էր նրա տարածքի մոտավորապես կեսը:

Տպել Տպել