Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ եռօրյա համաժողով է անցկացվում

19.09.13-3551համաժողովԱյս օրերին Երեւանում են հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Նրանք մասնակցում են Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող եռօրյա համաժողովին, որը կրում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը:

Պաշտպանության, Սփյուռքի եւ այլ ոլորտներում անցկացվող հանդիպում-քննարկումների ընթացքում փորձ է արվում հստակեցնել անելիքը եւ ավելի համակարգված աշխատել ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից ժամանած հայ լոբբիստները հավատացած են` անհրաժեշտ է փոխել պայքարի ուղղությունը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի, հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների գործունեությունը, ՀՀ արտաքին քաղաքականության արդի խնդիրներ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ «Ժողովրդական դիվանագիտության հիմնախնդիրները» թեմայով քննարկում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ:

Այնուհետև քննարկումները շարունակվել են ՀՀ պաշտպանության նախարարությունում:1379600120-95

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեծ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի Հանրապետության արդար պահանջները միջազգային հանրությանը առավել լայնորեն ներկայացնելու, հասարակական կարծիքի հզոր ճնշում ձևավորելու համար:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ընդգծել բանակի դերը մեր հասարակության կյանքում:

ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում բարձր է գնահատել համաժողովի մասնակիցների, Հայ եկեղեցու, հայ ավանդական կուսակցությունների համապատասխան կառույցների, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական գրասենյակի, Սփյուռքի մյուս կառույցների ներկայացուցիչների ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ ԶՈւ-ում ընթացող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին, Սփյուռքի կառուցների հետ համագործակցության հեռանկարներին:

Համաժողովն իր աշխատանքային առաջին օրն ամփոփել է ՀՀ սփյուռքի նախարարությունում Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման խնդիրների քննարկումով:

Համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 19-21-ը, որին մասնակցում են հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների շուրջ 50 ներկայացուցիչ Սփյուռքից, ՀՀ-ից և Արցախից:

Տպել Տպել